Իրանն ու Չինաստանը բարեկամներ են եղել. Արաղչի

Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբաս Արաղչին «Էթելաաթ» օրաթերթում հոդված է հրապարակել՝ անդրադառնալով Իրանի ու Չինաստանի համագործակցությանը։ Իրանի և Չինաստանի հարաբերությունների արմատները, ըստ Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբաս Արաղչիի, հասնում են հին քաղաքակրթությունների և Մետաքսի ճանապարհի ժամանակաշրջան։ Երկու երկրները դարերի ընթացքում պահպանել են իրենց կապերը՝ չնայած քաղաքական փոփոխություններին և արտաքին ճնշումներին։ Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբաս Արաղչին, անդրադառնալով Իրանի և Չինաստանի հարաբերությունների 55-ամյակին, ընդգծում է, որ երկու երկրների կապերը հասել են նոր՝ ռազմավարական փուլի։ «Այս արմատացած հարաբերությունները հաջողությամբ հաղթահարել են ժամանակի ծանր փորձությունները և հասել նոր, դինամիկ ու ճակատագրական նշանակություն ունեցող փուլի՝ համապարփակ ռազմավարական գործընկերության մակարդակի»։ Արաղչիի խոսքով՝ վերջին տարիներին, հատկապես Արևմուտքի ճնշումների և պատժամիջոցների պայմաններում, Թեհրանի և Պեկինի հարաբերություններն ավելի խոր և համակողմանի բնույթ են ստացել։ Նա Չինաստանին անվանում է Իրանի գլխավոր տնտեսական գործընկեր։ Միաժամանակ, Իրանի և Չինաստանի համագործակցության առանցքային ուղղություններից մեկը միջազգային համակարգի փոփոխությունն է․ «Միակողմանիության դեմ դիմադրությունը դարձել է Իրանի և Չինաստանի ռազմավարական հարաբերությունների առանցքային բաղադրիչներից մեկը»։ Արաղչին կոշտ քննադատության է ենթարկում ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունները՝ դրանք ներկայացնելով որպես միջազգային իրավունքի խախտումներ. «Այս թշնամական գործողությունները, որոնք ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի բացահայտ խախտումներ են, վտանգել են համաշխարհային կայունությունը»։ Նա ընդգծում է նաև այն վտանգը, որ միջազգային հարաբերությունները կարող են վերադառնալ ուժի գերակայության տրամաբանությանը. «Չինացի մեր բարեկամները տարբեր առիթներով իրավացիորեն նախազգուշացրել են «ջունգլիների օրենքին» վերադառնալու վտանգի մասին»։ Այս համատեքստում Իրանի ԱԳ նախարարը կարևորում է Իրանի և Չինաստանի համատեղ գործողությունների անհրաժեշտությունը․ «Խաղաղասեր երկրների, այդ թվում՝ Իրանի և Չինաստանի համար անհրաժեշտ է, որպեսզի խաղաղության և համընդհանուր անվտանգության պաշտպանության նպատակով իրենց ընդհանուր կամքն արտահայտեն արդյունավետ և գործնական նախաձեռնությունների ու ծրագրերի միջոցով»։ Արաղչին առանձնահատուկ կարևորություն է տալիս նաև ԲՐԻԿՍ-ին և Շանհայի համագործակցության կազմակերպությանը՝ դրանք դիտարկելով որպես միջազգային համակարգի վերափոխման գործիքներ. «Շանհայի համագործակցության կազմակերպությունը և ԲՐԻԿՍ-ը արդյունավետ գործիքներ են ուժի մենաշնորհը կոտրելու և միջազգային համակարգն ավելի արդար կառուցվածքի ուղղությամբ տանելու համար»։ Տարածաշրջանային մակարդակում նա դրական է գնահատում Չինաստանի դերը Իրանի և Սաուդյան Արաբիայի հարաբերությունների վերականգնման գործում և նշում, որ Թեհրանը պատրաստ է Պեկինի հետ ընդլայնել ռազմավարական համագործակցությունը. «Իրանի Իսլամական Հանրապետությունը լիովին պատրաստ է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ շարունակական համատեղ ջանքերի և ռազմավարական փոխգործակցության ընդլայնման միջոցով ավելի կարևոր քայլեր ձեռնարկել տարածաշրջանում կայունության, տնտեսական բարգավաճման և հավաքական անվտանգության ամրապնդման ուղղությամբ»։ Ըստ նրա. «Իրանն ու Չինաստանը միմյանց համար դժվար ժամանակների բարեկամներ են եղել»։ Իսկ երկու երկրների համագործակցության ապագան Արաղչին կապում է ընդհանուր քաղաքական կամքի հետ՝ մեջբերելով չինական ասացվածք․ «Միասնական կամքը ստեղծում է ամուր և անթափանցելի ամրոց»։ Արաղչին շեշտում է, որ Իրանի և Չինաստանի հարաբերությունները չեն սահմանափակվում քաղաքական և տնտեսական համագործակցությամբ․ «Իրանի և Չինաստանի կապերը, քաղաքական և տնտեսական համաձայնություններից անդին, արմատավորված են երկու ժողովուրդների քաղաքակրթական խորքային ընդհանրությունների և պատմական ընդհանուր ժառանգության մեջ»։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 11575

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով