Ղազախստանյան «ժողովրդավարությունը» Ալևին «անհարմարություն» է պատճառում

Ղազախստանի ԿԸՀ-ը հրապարակել է խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները։ Ինչպես և սպասվում էր, երկրի միապալատ օրենսդիր մարմնում ներկայացված կլինի հինգ կուսակցություն։ Ընդ որում, պատգամավորական 145 մանդատից 110-ը ստացել է իշխանական «Ադիլեթ» կուսակցությունը։ Տասը մանդատ կունենա «Աուըլ»-ը, ինը՝ «Respublika»-ն, ութական՝ «Ակ ժոլ» և «Համազգային սոցիալ-դեմոկրատական» կուսակցությունները։ Ղազախստանի խորհրդարանական ընտրությունների առանձնահատկությունը այն է, որ առաջին անգամ անցկացվել են համամասնական ընտրակարգով։ Պատահական զուգադիպությո՞ւն է, թե՞՝ ոչ, այլ հարց է, բայց մինչ Ղազախստանում ամփոփվում էին համապետական քվեարկության արդյունքները, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պետական այցով գտնվել է Տաշքենդում։ Ըստ մամուլի, կողմերը ստորագրել են «Հավերժական բարեկամության մասին» պայմանագիր։ Մինչ այդ Ուզբեկստաանը և Ադրբեջանը պաշտոնապես համարվել են ռազմավարական գործընկերներ։ Տաշքենդում Իլհամ Ալիևը խոսել է Կենտրոնական Ասիա-Ադրբեջան «միասնական տարածաշրջանի» մասին։ Առաջիկայում Թուրքմենստանը պետք է հյուրընկալի Կենտրոնական Ասիա+ Ադրբեջան Խորհրդատվական խորհրդի գագաթաժողովը։ Հուլիսին նույն ձևաչափով ոչ պաշտոնական հանդիպում կազմակերպվել է Ղրղըզստանում։ Այս ֆոնին աչքի է զարնում երկու հանգամանք։ Ղազախստանի խորհրդարանական ընտրությունների առթիվ Իլհամ Ալիևը Կասիմ Ժոմարթ Տոկաևին դեռևս չի շնորհավորել, նրանց միջև հեռախոսազրույց չի կայացել։ Երկրորդ «նրբերանգը» այն է, թե Կենտրոնական Ասիայի հետ «միասնական տարածաշրջան կազմող» Ադրբեջանը ինչո՞ւ միայն Ուզբեկստանի հետ է «Հավերժական բարեկամության մասին» պայմանագիր ստորագրել։ Կենտրոնական Ասիայի առաջատար երկիրը բոլոր առումներով Ղազախստանն է, մինչդեռ Ուզբեկստանը ժողովրդագրական մեծ ներուժ ունի, և Աստանայի ու Տաշքենդի «լռելյայն» մրցակցությունը գաղտնիք չէ։ Ադրբեջանը մոտ երկու տասնամյակ, երբ Ղազախստանում նախագահ էր Նազարբաևը, ավելի սերտ կապեր ունեցել է նրա հետ։ Ճիշտ է, Բաքուն և Աստանան շարունակում են զարգացնել առևտրատնտեսական կապերը, համագործակցում են որպես Թուրքական պետությունների կազմակերպության անդամ երկրներ, բայց վերջին մի քանի տարիներին Ալիևը, կարծես, նախապատվությունը տալիս է Ուզբեկստանի նախագահ Միրզիյոևի հետ «անկեղծ եղբայրությանը»։ Ո՞րն է Ղազախստան-Ադրբեջան «սառնության» պատճառը, առայժմ դժվար է ասել։ Ըստ երևույթին, ղազախստանյան «ժողովրդավարությունը» Ալիևին «անհարմարություն» է պատճառում։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 11574

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով