Չինաստանը կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ. ԱԳՆ ներկայացուցիչ

Չինաստանը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ իր օրինական շահերը վճռականորեն պաշտպանելու համար. հայտարարել է ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը՝ մեկնաբանելով ԱՄՆ իշխանությունների հայտարարություններն այն մասին, որ Իրանի դեմ տնտեսական գործողությունն ուղղված է բոլոր նրանց դեմ, ովքեր օգնում են այդ երկրին։ Ավելի վաղ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել էր , որ Միացյալ Նահանգների տնտեսական գործողությունն ուղղված է լինելու Իրանի և ցանկացած երկրի դեմ, որն աջակցում է Իսլամական Հանրապետությանը։ Բեսենթը խոստացել էր, որ ԱՄՆ-ն սեղմելու է օղակը և փակելու է եկամուտների բոլոր հնարավոր աղբյուրները, որոնց հաշվին ֆինանսավորվում են իրանական իշխանությունները։ «Չինաստանը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ իր օրինական իրավունքներն ու շահերը վճռականորեն պաշտպանելու համար»,- ասել է Լին Ցզյանը։ Դիվանագետը ընդգծել է, որ Չինաստանի համագործակցությունը Իրանի հետ միշտ իրականացվում է միջազգային իրավունքի շրջանակներում և չպետք է ենթարկվի արտաքին միջամտության։ Լին Ցզյանի խոսքով՝ Պեկինը վճռականորեն դեմ է ապօրինի միակողմանի պատժամիջոցներին, որոնք հիմքեր չունեն միջազգային իրավունքի մեջ և արտոնված չեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից։ Ինչպես ընդգծել է դիվանագետը, տնտեսական ճնշումը չի նպաստի առկա խնդիրների լուծմանը, այլ միայն կհանգեցնի հակասությունների ու հակամարտությունների հետագա սրմանը, կստեղծի բացասական հետևանքների տարածման ռիսկեր, կխաթարի գլոբալ տնտեսական ու ֆինանսական կարգը և վնաս կհասցնի այլ երկրների օրինական իրավունքներին ու շահերին։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 11579

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով