Նեպալում ավերիչ ջրհեղեղների հետևանքով հարյուրավոր զբոսաշրջիկներ անհետ կորած են համարվում: Ինյչպես հաղորդում է Daily Mail-ը, իշխանությունները հայտնել են, որ խոսքը անհետ կորած 384 զբոսաշրջիկի և արշավականի մասին է։ Նրանցից 291-ը օտարերկրյա քաղաքացիներ են, իսկ 93-ը՝ Նեպալի քաղաքացիներ։ Անհետ կորածների թվում են 12 բրիտանացի, Հնդկաստանի 105 քաղաքացի, չորս հարավաֆրիկացի, Մալայզիայի 17 քաղաքացի և ԱՄՆ երեք քաղաքացի։ Անհետ կորած են համարվում նաև մեկական քաղաքացի Ավստրալիայից և Նիդեռլանդներից։ Հարավային Կորեան հայտնել է, որ իր ութ քաղաքացիների հետ կապ չի հաստատվել, ևս 12 քաղաքացի արգելափակված է աղետի գոտում։ Մոտ 100 մարդու քաղաքացիությունը դեռևս չի պարզվել։ Օգոստոսի 26-ին Նեպալը փրկարարական աշխատանքների համար ուղղաթիռներ է ուղարկել հեղեղից տուժած շրջաններ։ Նշվում է, որ հեղեղը քշել է գյուղեր, քանդել շենքեր ու կամուրջներ։ Պաշտոնյաների տվյալներով՝ ջրհեղեղների հետևանքով առնվազն ութ մարդ է զոհվել: Նեպալի արտգործնախարարը հայտնել է, որ նախնական տեղեկությունների համաձայն՝ երկրաշարժը ձնահյուս է առաջացրել, ինչն էլ հանգեցրել է ջրհեղեղի։



