ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանն ընդունել է Նիդեռլանդների Ձեռնարկությունների գործակալության (CBI) պատվիրակությանը։ Ինչպես տեղեկանում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի արտահանման ներուժի ընդլայնման, հայկական արտադրանքի՝ եվրոպական շուկաներ, մասնավորապես՝ Նիդեռլանդներ և Բենիլյուքսի մյուս երկրներ մուտքի խթանման, ինչպես նաև արտահանման գործընթացների կազմակերպման ուղղությամբ համագործակցության հնարավորությունները։ Անդրադառնալով CBI-ի կողմից հայկական չիր արտադրող և արտահանող ընկերություններին ցուցաբերվող շարունակական աջակցությանը՝ կողմերը կարևորել են ծրագրի ընդլայնումը՝ հնարավորություն ընձեռելով ավելի մեծ թվով հայկական ընկերությունների օգտվել արտահանման զարգացման և նոր շուկաներ մուտք գործելու գործիքներից։ Քննարկվել են նաև 2026 թվականի հոկտեմբերին Նիդեռլանդներ և եվրոպական ևս մեկ երկիր նախատեսվող շուկայի ուսումնասիրման առաքելության կազմակերպմանն ու դրա շրջանակում B2B հանդիպումների անցկացմանն առնչվող հարցեր։ Կողմերը մտքեր են փոխանակել նաև թիրախային շուկաների վերաբերյալ տեղեկատվության հասանելիության, արտահանողների կարողությունների և պատրաստվածության բարձրացման, հնարավոր գործընկերների բացահայտման, գործարար կապերի հաստատման, ինչպես նաև արտահանող ընկերությունների հետ հետագա համագործակցության խորացման շուրջ։



