Ընդդիմության և նրա հետ աֆիլացված լրատվամիջոցների և փորձագետների կողմից իշխանություններին ներկայացված մեղադրանքներից մեկը այն է, որ ՔՊ-ն և Նիկոլ Փաշինյանը Թուրքիայի և Ադրբեջանի «պարտադրանքով Հայաստանի քաղաքացիներին և հայ ժողովրդին ստիպում են մոռանալ մեր պատմությունը»։ Ոչ ոք չի կարող որևէ ժողովրդի ստիպել, որ իր պատմությունը մոռանա։ Նույնիսկ ստալինյան բռնությունների և խորհրդային ամբողջատիրական գաղափարախոսության տասնամյակներին հայ ժողովուրդը հիշել է իր պատմությունը։ Հիշողությունը քաղաքական չէ, բայց կարող է քաղաքականանալ։ Միջին-վիճակագրական հայի պատմական ընկալումները եթե փորձենք ամփոփ ներկայացնել, ապա ավելի լավ չենք ասի, քան հայտնի երգում է ձևակերպված․ «Հսկա երկիր էր Հայաստանը մեր: Բայց ինչքան ասես թշնամի ուներ»։ Դրանից ի՞նչ է հետևում։ Տարբերակները շատ չեն, ավելի ճիշտ երկուսն են, «պետք է համախմբվել, մի բռունց դառնալ, հաղթել թշնամիներին և վերականգնել մեր վաղեմի փառքը և զորությունը» և «իրական Հայաստանի անվտանգությունը, տնտեսական, սոցիալական, գիտական ու մշակութային զորացումը ազգային իղձերի բավարարման միակ ճիշտ, իրացնելի և արդյունավետ ընտրությունն» է։ Առաջին տարբերակը ինքնին երկրորդին ստորադաս չէ, բոլոր ժողովոուրդներն էլ այս կամ այն չափով ազգայնական են։ Մեր դեպքում, սակայն, այդ ձգտումը մշտապես միջնորդավորվել է «երրորդ ուժի առաքելականությամբ», հանգամանք, որ չէր կարող և չի կարող անմիջական հարևանների դժգոհությունը և մեր հանդեպ «առաքյալի» քամահրանքը չհարուցել։ Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի հայտնի խոսքը՝ «իսկ մեզնից բացի ո՞ւմ են պետք հայերը, ո՞ւր պիտի նրանք գնան»,- ասվածի ուղղակի վկայությունն է։ Պատմությունը սոսկ շարադրանք չէ, այլ՝ իմացություն։ Եվ եթե մեր պատմության առնվազն վերջին երկու հարյուր տարին այլոց մոտ իմացություն է ձևավորել, որ «հայերը գնալու տեղ չունեն», ապա ոչ թե պետք է, այլ ուղղակի հրամայական է լրջորեն գնահատել: «Իսկ ո՞ւմ է պետք այդ պատմությունը»։ Ի վերջո, Երրորդ հանրապետության ուղենշային գաղափարախոսությունը «երրորդ ուժի բացառումն» էր, որից ո՞վ, ե՞րբ և ինչո՞ւ հրաժարվեց՝ այս հարցի պատասխանը պետք է գտնվի։



