Օգոստոսի 24-ին Ուզբեկստանի նախագահ Միրզիյոևը ստորագրել է «Նախագահի աշխատակազմի մասին» սահմանադրական օրենք, որով աշխատակազմի ղեկավարը օժտվում է Անվտանգության խորհրդի նախագահի առաջին տեղակալի լիազորություններով և ստանում անձեռնմխելիություն։ Ուզբեկստանի նախագահի աշխատակազմը ղեկավարում է նրա քառասունմեկամյա դուստրը՝ Սայիդա Միզիյոևան։ Փորձագիտական տպավորություն կա, որ Միրզիյոևը «պատրաստվում է իշխանությունը փոխանցել նրան»։ Այս տեսակետը, կարծես, այնքան էլ անհավանական չէ։ Օրենքով նոր լիազորությունների մեջ մտնելուց երկու օր հետո Սայիդա Միրզիյոևան այցելել է Պեկին, որտեղ նրան ընդունել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին։ Դա բավական բարձր մակարդակի ընդունելություն է, եթե նկատի ունենանք, որ Վան Ին միաժամանակ Չինաստանի կոմկուսի Քաղական բյուրոյի անդամ է և գլխավորում է նաև Կենտկոմի Արտաքին գործերի հանձնաժողովը։ Կողմերը քննարկել են Ուբեկստան-Չինաստան ռազմավարական համագործակցության ընթացիկ վիճակը և զարգացման ու խորացման հեռանկարը։ Բանակցությունների ընթացքում առանձնակի ուշադրություն է հատկացվել միջազգային դրությանը։ Զրուցակիցները «գլոբալ օրակարգի վերաբերյալ մտքեր են փոխանակել և քննարկել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ ընդհանուր մոտեցումներ մշակելու հնարավորությունը»։ Դիտարժան է, որ Ուզբեկստանի Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Միրզիյոևան Պեկին է մեկնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի Տաշքենդ պետական այցից մի քանի օր հետո։ Ալիևի տաշքենդյան այցը կարևորվել է Ուզբեկստանի և Ադրբեջանի միջև «Հավերժական բարեկամության մասին» պայմանագրի ստորագրմամբ։ Ադրբեջանը նաև Չինաստանի ռազմավարական գործընկերն է։ Կարելի է ենթադրել, որ Ադրբեջանը ձգտում է Ուզբեկստանի միջոցով Չինաստանի հետ համագործակցությունը ավելի ամրապնդել։ Օգոստոսի 31-ին Ղրղըզստանի մայրաքաղաք Բիշքեկում մեկնարկելու է Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթաժողովը։ Ըստ տեղեկությունների, օրակարգի գլխավոր հարցը էներգետիկան և էներգակիրների տարանցումն է։ Ուբեկստանը ՇՀԿ լիիրավ անդամ է և կարող է կառույցում ներկայացնել նաև Ադրբեջանի «պատկերացումները»։ Չինաստանի և Ադրբեջանի համագործակցությանը աջակցում է նաև Պակիստանը։



