Տաջիկստանի պետական կրկեսում սեպտեմբերի 17-20-ը կանցկացվի կրկեսային արվեստի առաջին միջազգային փառատոնը՝ «Կրկեսի աշխարհը միավորում է սրտերը» խորագրով։ Փառատոնին կմասնակցեն աշխարհի 14 երկրների արտիստներ։ Հայաստանը միջազգային փառատոնում կներկայացնի «Վարդանյան եղբայրներ» կրկեսը։ Հայկական կրկեսային արվեստը միջազգային բեմում կներկայացնեն ծաղրածուներ «Vavi»-ն՝ Վահագն Ազիզբեկյանը, և «Mini»-ն՝ Կամո Կիրակոսյանը։ «Վարդանյան եղբայրներ» կրկեսում կարևորում են միջազգային փառատոնին Հայաստանի մասնակցությունը՝ այն համարելով հայկական կրկեսային արվեստը միջազգային հարթակում ներկայացնելու և տարբեր երկրների արտիստների հետ մասնագիտական փորձի փոխանակման կարևոր հնարավորություն։ Փառատոնի շրջանակում նախատեսվում են տարբեր երկրների արտիստների ելույթներ, որոնց միջոցով հանդիսատեսին կներկայացվեն կրկեսային արվեստի տարբեր ուղղություններ և ավանդույթներ։



