Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը Հայաստանի իշխանությունների խոսքում հերթական անգամ հայտնաբերել է «Արևմուտքին և Կիևի վարչակարգին ծառայելու ձգտում»։ Այս անգամ առիթը ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանի պատասխանն էր «Դոժդ» հեռուստաալիքի՝ Ռուսաստանում հնարավոր զորահավաքի մասին ամբողջովին ենթադրական հարցին։ Մարիա Զախարովան, սակայն, ակամա բացահայտել է սեփական մեղադրանքի կառուցվածքային խոցելիությունը։ Նա ինքն է խոստովանել, որ լրագրողի հարցը «գիտակցաբար սադրիչ ձևակերպում» ուներ։ Հետևաբար՝ նոր զորահավաքի հնարավորության մասին ենթադրությունը հնչեցրել է ոչ թե հայ պաշտոնյան, այլ հարցն ուղղած լրագրողը։ Ալեն Սիմոնյանը ո՛չ կանխատեսել է զորահավաք, ո՛չ կոչ է արել խուսափել դրանից, ո՛չ էլ Ռուսաստանի քաղաքացիներին դրդել է որևէ գործողության։ Նա ընդամենը ասել է, որ Հայաստանի սահմանին Ռուսաստանի քաղաքացիներից չեն պահանջի բացատրել, թե ինչու են եկել, որ նրանք կարող են Հայաստան մուտք գործել ներքին անձնագրերով, և որ այստեղ նրանց ուրախ կլինեն ընդունել։ Առաջին հայացքից՝ սովորական պատասխան է։ Մարդկային, իրավական և դիվանագիտական առումով նույնիսկ չափազանց չեզոք։ Սակայն Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությանը հաջողվել է այս պարզ մտքերից արտածել մի ամբողջ աշխարհաքաղաքական դավադրություն՝ «Ռուսաստանի քաղաքացիների հակաիրավական գործողությունների խրախուսում», Հայաստանի հյուրընկալությանը հաղորդված «թունավոր քաղաքական երանգ» և վերջապես՝ Երևանի պատրաստակամություն՝ «ծառայելու Արևմուտքին ու Կիևի վարչակարգին»։ Խնդիրն այստեղ Ալեն Սիմոնյանի պատասխանը չէ։ Խնդիրը Ռուսաստանի պետական մտածողության մեջ տեղի ունեցած խորքային փոփոխությունն է։ Մոսկվան այլևս Հայաստանի որևէ ինքնուրույն դիրքորոշում չի դիտարկում իր անմիջական բովանդակության շրջանակում։ Հայաստանի յուրաքանչյուր խոսք նախ անցնում է հավատարմության քաղաքական փորձաքննություն։ Եվ եթե այդ խոսքը չի վերարտադրում Կրեմլի ձևակերպումները, այն անմիջապես ներկայացվում է որպես հակառուսական, արևմտամետ կամ ուկրաինամետ գործողություն։ Ստացվում է մի յուրօրինակ տրամաբանություն. եթե Հայաստանը Ռուսաստանի քաղաքացիներին ընդունում է առանց քաղաքական հարցաքննության, դա «Ռուսաստանի դեմ քայլ» է։ Եթե չի հետաքրքրվում նրանց քաղաքական հայացքներով և Ռուսաստանից հեռանալու շարժառիթներով, դա «հակաիրավական վարքագծի խրախուսում» է։ Իսկ եթե հիշեցնում է, որ ռուսաստանցիները Հայաստան կարող են մուտք գործել առանց արտասահմանյան անձնագրի, ապա նույնիսկ գործող հայ-ռուսական իրավական կարգավորումն է հանկարծ վերածվում Արևմուտքին մատուցված ծառայության։ Այս տրամաբանությամբ խնդրահարույց է դառնում ոչ թե Հայաստանի հայտարարությունը, այլ հենց Հայաստանի բաց լինելը։ Մոսկվային այլևս բավարար չէ, որ Երևանը չմիջամտի Ռուսաստանի ներքին գործերին։ Նրանից պահանջվում է նաև մասնակցել Ռուսաստանի քաղաքացիների վարքագծի քաղաքական վերահսկողությանը։ Այսինքն՝ Հայաստանը պետք է ոչ միայն չքննադատի Կրեմլին, այլև սեփական սահմանին գործի որպես ռուսական իշխանության քաղաքական շարունակություն՝ հետաքրքրվի, թե ով ինչու է հեռացել Ռուսաստանից, ինչ վերաբերմունք ունի պատերազմի, զորահավաքի կամ իշխանության նկատմամբ։ Սա արդեն դաշնակցային հարաբերությունների մասին չէ։ Սա Հայաստանի ինքնիշխան գործառույթների նկատմամբ սեփականության հավակնություն է։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության արձագանքի ամենաուշագրավ կողմը թերևս «հակաիրավական գործողությունների խրախուսման» մեղադրանքն է։ Մարդու՝ սեփական երկրից օրինական ճանապարհով դուրս գալը հակաիրավական գործողություն չէ։ Այլ պետության տարածք օրինական մուտք գործելը նույնպես հանցանք չէ։ Եվ եթե նույնիսկ Ռուսաստանի քաղաքացին ցանկանում է խուսափել հնարավոր զորահավաքից, դրա իրավական գնահատականը Ռուսաստանի ներպետական հարցն է, ոչ թե Հայաստանի սահմանապահի կամ քաղաքական պաշտոնյայի պարտականությունը։ Հայաստանը պարտավոր չէ Ռուսաստանի յուրաքանչյուր քաղաքացու նկատմամբ կիրառել Կրեմլի քաղաքական կասկածամտությունը։ Առավել ևս՝ մարդկանց նկատմամբ վերաբերմունքը պայմանավորել այն հանգամանքով, թե նրանց մեկնումը որքանով է հարմար Ռուսաստանի իշխանությանը։ Այստեղ նկատելի է նաև մեկ այլ՝ արդեն ծանոթ հնարք։ Ռուսական դիվանագիտությունը Հայաստանի հետ երկկողմ ցանկացած տարաձայնության մեջ ներմուծում է «Կիևի վարչակարգի» թեման, նույնիսկ երբ Ուկրաինան քննարկվող հարցի հետ որևէ առնչություն չունի։ Սա փաստարկ չէ, այլ պիտակավորման եղանակ։ Դրա նպատակը Հայաստանի դիրքորոշումը քննարկելը չէ, այլ այն բարոյապես վարկաբեկելը ռուսական տեղեկատվական դաշտում։ Եթե Երևանը չի ասում այն, ինչ ցանկանում է լսել Մոսկվան, ուրեմն նա ոչ թե ինքնուրույն պետություն է՝ իր օրենքներով և շահերով, այլ ինչ-որ մեկի «հանձնարարությունը կատարող» տարածք։ Այս բառապաշարը պատահական չէ։ Այն մերժում է Հայաստանի քաղաքական սուբյեկտությունը։ Դրանում աշխարհը բաժանված է երկու մասի՝ Ռուսաստանի հրահանգներին հետևողների և Արևմուտքին «ծառայողների»։ Երրորդ տարբերակ՝ սեփական շահերով առաջնորդվող ինքնիշխան պետություն, պարզապես նախատեսված չէ։ Հենց այստեղ է Մոսկվայի և Երևանի հարաբերություններում առաջացած հիմնական ճեղքը։ Հայաստանը գնալով ավելի հստակ է խոսում սեփական որոշումների, սահմանների, անվտանգության և արտաքին քաղաքական ընտրության մասին, մինչդեռ Ռուսաստանը շարունակում է Հայաստանի ինքնուրույնությունը դիտարկել ոչ թե որպես բնական իրավունք, այլ որպես իր ազդեցության կորստի ապացույց։ Այդ պատճառով նույնիսկ հյուրընկալությունը կարող է հայտարարվել թշնամական քայլ, իսկ սահմանը քաղաքական հարցաքննության վայր չդարձնելու խոստումը՝ «սադրանք»։ Իրականում Ալեն Սիմոնյանի պատասխանը ոչ թե հակառուսական էր, այլ հակակայսերական՝ գուցե նույնիսկ առանց այդպիսի նպատակադրման։ Դրա իմաստը պարզ էր. Հայաստան ժամանող Ռուսաստանի քաղաքացին այստեղ նախևառաջ մարդ է և օրինական ճանապարհորդ, այլ ոչ թե Կրեմլի քաղաքական սեփականությունը։ Հայաստանը պարտավոր չէ նրան ընդունել որպես կասկածյալ, դասալիք, դավաճան կամ աշխարհաքաղաքական գործիք։ Իսկ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության նյարդային արձագանքը ցույց է տալիս, որ այս պարզ միտքն այսօր Մոսկվայում ընկալվում է որպես մարտահրավեր։ Որովհետև կայսերական մտածողության համար ամենավտանգավոր նախադասությունը ոչ թե բացահայտ հակադրությունն է, այլ հանգիստ արձանագրումը, որ ուրիշ պետությունը պարտավոր չէ կատարել կայսրության ոստիկանի գործառույթը։ Հայաստանը ռուսաստանցիներին ընդունում է ոչ թե Արևմուտքին ծառայելու, այլ սեփական օրենքների, շահերի և մարդկային արժանապատվության մասին իր պատկերացումների համաձայն։ Եթե Մոսկվան նույնիսկ դա է համարում թշնամական գործողություն, ապա խնդիրը վաղուց այլևս Հայաստանի ձևակերպումների մեջ չէ։ Խնդիրը Ռուսաստանի այն սպասման մեջ է, որ Երևանը պետք է իրավունք չունենա խոսելու և գործելու առանց Կրեմլից նախապես ստացած թույլտվության։ Եվ հենց այդ սպասումն է, ոչ թե որևէ հայ պաշտոնյայի պատասխանը, դարձել հայ-ռուսական հարաբերությունների գլխավոր թունավորող գործոնը։



