Հայաստանի արտաքին քաղաքականության շուրջ այսօր արդեն քիչ է խոսել միայն «արևմտյան շրջադարձի» կամ «Ռուսաստանից հեռանալու» լեզվով։ Կառավարության 2026–2031 թվականների ծրագրում ձևակերպվում է ավելի ամբողջական տրամաբանություն՝ այլընտրանքներ ստեղծելը ներկայացվում է որպես պետական անվտանգության հարց, խաղաղությունը՝ որպես անվտանգության նոր ճարտարապետության հիմք, իսկ տարածաշրջանային փոխկապվածությունը՝ որպես զսպման և ինքնիշխանության լրացուցիչ շերտ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հենց այս տրամաբանությամբ արտաքին անվտանգության առաջին գործիքների շարքում դրեց միջազգային օրինականությունը, տնտեսական փոխկապվածությունը, երկարաժամկետ կանխատեսելիությունը և միայն դրանից հետո՝ բանակը։ Բայց այս նոր ռազմավարությունը հիմա անցնում է ամենադժվար՝ գործնական փուլ։ ԵՄ-ին անդամակցության պաշտոնական դիմումի նախապատրաստումը բացում է ԵԱՏՄ-ում Հայաստանի ապագայի հարցը, ռուսական տնտեսական սահմանափակումները ցույց են տալիս նախկին կախվածությունների գինը, իսկ հայկական երկաթուղու ռուսական կառավարումը վարչապետն արդեն նկարագրում է որպես իրական խոչընդոտ Հայաստանի՝ միջազգային տրանսպորտային համակարգին ինտեգրվելու համար։ Միաժամանակ Հայաստանը Լեհաստանում ռազմական կցորդ է նշանակում՝ Վարշավան դիտարկելով նաև որպես ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի հետ պաշտպանական համագործակցության կարևոր հանգույց։ Այս ամենին գումարվում է տարածաշրջանի տնտեսական տրամաբանության փոփոխությունը․ TRIPP-ը ներառում է ոչ միայն երկաթուղի, այլ ճանապարհներ, խողովակաշարեր, մալուխներ և էլեկտրահաղորդման գծեր, իսկ օրերս Հայաստանն ու Ադրբեջանը Լաչինում արդեն քննարկում էին էլեկտրաէներգիայի առևտրի և երկու համակարգերի սահմանային փոխկապակցման հնարավորությունները։ Այսինքն՝ հարցը հիմա արդեն սա է․ Հայաստանը պարզապես փոխո՞ւմ է արտաքին քաղաքական կողմնորոշումը, թե՞ փորձում է ամբողջությամբ վերակառուցել իր անվտանգության, տնտեսության և տարածաշրջանային գոյության մոդելը։ Զրուցել ենք Արտաքին և անվտանգության քաղաքականության Երևանի կենտրոնի համահիմնադիր Դավիթ Պետրոսյանի հետ։ Առավել մանրամասն՝ տեսանյութում



