Հայաստան–Սփյուռք հարաբերությունները հասել են մի կետի, որտեղ այլևս բավարար չէ խոսել հայրենադարձությունից, ներդրումներից, համաժողովներից կամ հայրենասիրությունից։ Խնդիրն ավելի խորն է․ Հայաստանը դեռ չունի հստակ պատասխան՝ ինչ է Սփյուռքն իր համար, իսկ Սփյուռքը՝ ինչ հարաբերություն պետք է ունենա հայկական պետության հետ։ Տասնամյակներ շարունակ այդ հարաբերությունները կառուցվել են պատմական հիշողության, Ցեղասպանության ճանաչման, Արցախի, եկեղեցու, բարեգործության և քաղաքական կազմակերպությունների շուրջ։ Այսօր Հայաստանի իշխանությունն առաջարկում է փոխել այդ առանցքը՝ պատմական հայրենիքից դեպի գործող պետություն, հիշողությունից դեպի պետական շահ, համահայկական քաղաքական օրակարգերից դեպի Հայաստանի Հանրապետության ինքնիշխան օրակարգ։ Սա կարող է լինել անհրաժեշտ պետական հասունացում, բայց կարող է նաև ստեղծել վտանգավոր խզում, եթե հին համակարգը քանդվում է՝ առանց նորի կառուցման։ Միաժամանակ Սփյուռքի իրական արժեքը վաղուց միայն նվիրատվությունը կամ քաղաքական լոբբինգը չէ։ Այն համաշխարհային մարդկային կապիտալ է՝ գիտություն, տեխնոլոգիա, ֆինանսներ, համալսարաններ, առողջապահություն, մշակույթ, մեդիա, դիվանագիտական և քաղաքական կապեր։ Փոքր պետության համար նման ցանցը կարող է լինել ոչ թե անցյալի մնացորդ, այլ ազգային կարողության բազմապատկիչ։ Հետևաբար հիմնական հարցն այլևս «ինչպե՞ս օգնի Սփյուռքը Հայաստանին» չէ։ Հարցն այն է՝ ինչպիսի՞ պետություն պետք է լինի Հայաստանը, որպեսզի աշխարհի տարբեր կենտրոններում կուտակված հայկական մարդկային, ֆինանսական և ինստիտուցիոնալ կապիտալը կարողանա դառնալ Հայաստանի ուժի մաս՝ առանց Սփյուռքը ենթարկելու կառավարությանը և առանց Սփյուռքին թույլ տալու փոխարինել պետությանը։ Առավել մանրամասն՝ տեսանյութում



