Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա։ Ռուսաստանի կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպմանը Լուկաշենկոն ասել է, որ իրենց երկիրը ՌԴ-ի հետ համագործակցության զարգացման գործում կատարում և նույնիսկ գերակատարում է իր պարտավորությունները։ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհակալություն է հայտնել Միշուստինին և ՌԴ կառավարությանը՝ Բելառուսի առջև իրենց պարտավորությունների անթերի կատարման համար. «Կարծում եմ՝ դուք էլ Բելառուսին բողոքներ ներկայացնելու առիթ չունեք։ Պետք է ևս մեկ անգամ հրապարակայնորեն վստահեցնեմ ձեզ, որ այն ամենը, ինչ մենք նախանշել ենք, կատարվում է և կկատարվի։ Սկսած վառելիքի հետ կապված մանրուքներից՝ դիզել, տարբեր տեսակի բենզիններ և այլն։ Սննդամթերք։ Մենք կատարում ենք մեր պարտավորությունները և նույնիսկ գերակատարում։ Կարող եք ամենևին չկասկածել։ Վերջացրած մեր միության, ԵԱՏՄ-ի շրջանակներում առկա լուրջ համակարգային հարցերով»,- ընդգծել է նա։ Լուկաշենկոն համոզված է, որ Ռուսաստանն ու Բելառուսը կհաղթահարեն ընդհանուր խնդիրները։ «Հեռանկարում կխոսենք մեր ընդհանուր խնդրի մասին, որը մենք ստիպված ենք լուծել Բելառուսի հարավում և Ռուսաստանի Դաշնության արևմուտքում։ Իսկապես՝ խնդիր է։ Բայց մենք այն կլուծենք։ Մենք այն կլուծենք, որքան էլ որ ինչ-որ մեկը դա չցանկանա։ Իսկ թե ով ինչ է ուզում կամ չի ուզում, մենք այդ «ցանկությունների» էությունը ձեզ հետ արդեն բացահայտել ենք և շատ լավ հասկանում ենք, թե ինչ է կատարվում մեր շուրջը։ Ուստի մաղթում եմ մեզ (քանի որ բոլոր հարցերը ստիպված ենք միասին լուծել), որպեսզի հաղթահարենք այս խնդիրները։ Եվ մենք դրանք կհաղթահարենք»,- ասել է նա։ Վաղը Բելառուսի ղեկավարը կհանդիպի նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին. «Մենք նրա հետ կխոսենք բազմաթիվ հարցերի շուրջ»,- ասել է նա։ Ալեքսանդր Լուկաշենկոն նշել է, որ Միխայիլ Միշուստինին հոկտեմբերի սկզբին սպասում են Բելառուսում։ Այդ ժամանակահատվածում նախատեսված են Միութենական պետության Նախարարների խորհրդի, Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստերը։



