Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մոսկվայում հանդիպման ընթացքում քննարկել են երկու երկրների միջև համագործակցության ընթացքն ու դրա զարգացման հեռանկարները։ Պուտինի խոսքով՝ տարվա սկզբից Ռուսաստանի և Բելառուսի միջև առևտրաշրջանառությունն աճել է 12,5 տոկոսով։ Նա նաև ընդգծել է բարձր տեխնոլոգիաների, այդ թվում՝ միկրոէլեկտրոնիկայի ոլորտում երկու երկրների համագործակցության զարգացման կարևորությունը։ Ռուսաստանի նախագահն առաջարկել է Լուկաշենկոյի հետ քննարկել նաև երկու երկրների կառավարությունների մակարդակով իրականացվող աշխատանքի արդյունքները։ Իր հերթին՝ Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսն ու Ռուսաստանը միասին կհաղթահարեն բոլոր դժվարությունները։ Նրա խոսքով՝ նախօրեին ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ կայացած բանակցությունները եղել են արդյունավետ և բովանդակալից։ Բելառուսի նախագահը նաև նշել է, որ Ռուսաստանի և Բելառուսի միջև առևտրաշրջանառությունը կգերազանցի նախորդ տարվա ցուցանիշը։



