Ավարտվել է «Սևանի շուրջը» հեծանվային արշավի առաջին օրը։ Հիշեցնենք, որ երկօրյա հեծանվարշավին մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ հեծանվարշավի առաջին օրվա եզրափակիչ հատվածում շատ մեծ դժվարությամբ է քշել։ «Հեծանվային օրն ավարտեցի կիսամեռ»,- գրել է Փաշինյանը։ Հրապարակված տեսանյութում վարչապետը կատակել է. «Շատ քիչ էր մնում, որ մեր այն սիրելի օգտատերերի ցանկությունը, որոնք մեկնաբանություններում ցանկանում էին, որ «Սևանի շուրջը» հեծանվավազքի արդյունքում մեռնեմ, իրականություն դառնա, որովհետև այս վերջին կտորը՝ 33 կիլոմետր, շատ դժվար քշեցի, և կիսամեռ վիճակում տեղ հասա»։ Նա հավելել է, որ այսօր քշել են 138 կիլոմետր, որից հետո մի փոքր հանգստացել են, ու հիմա ամեն ինչ լավ է։ Ավելի վաղ հայտնել էինք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ մեկնարկել է «Սևանի շուրջ» երկօրյա հեծանվավազքը։ Առաջին օրվա երթուղին բաժանված է եղել չորս հատվածի՝ մեկնարկից մինչև առաջին կանգառ՝ 35 կմ, առաջինից երկրորդ կանգառ՝ 33 կմ, երկրորդից երրորդ կանգառ՝ 35,4 կմ, իսկ երրորդ կանգառից մինչև գիշերակացի վայր՝ ևս 33 կմ։



