«Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագիրը պետք է դիտարկել ոչ թե պարզապես որպես ճանապարհի կամ երկաթուղու մասին փաստաթուղթ, այլ որպես Հայաստան–Միացյալ Նահանգներ երկարաժամկետ ռազմավարական, տնտեսական և ենթակառուցվածքային համագործակցության նոր համակարգ ։ Սա Հայաստանի համար բացառիկ նշանակության փաստաթուղթ է։ Սակայն այն ճիշտ գնահատելու համար անհրաժեշտ է հստակ տարանջատել, թե ինչ է իրականում ամրագրված համաձայնագրով, ինչ իրավական հետևանքներ են դրանից բխում և ինչպիսի քաղաքական, տնտեսական ու անվտանգային հնարավորություններ կարող են ստեղծվել դրա իրագործման արդյունքում։ Մի բան պետք է հենց սկզբից արձանագրել. համաձայնագիրը Հայաստանի տարածքի կամ ինքնիշխանության որևէ մաս չի փոխանցում Միացյալ Նահանգներին կամ որևէ այլ պետության ։ Ընդհակառակը՝ փաստաթղթում մի քանի անգամ ուղղակիորեն ամրագրված է Հայաստանի լիակատար ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու իրավազորությունը ծրագրի իրականացման բոլոր տարածքների նկատմամբ։ Փաստաթղթի նախաբանը, ըստ էության, սահմանում է ամբողջ նախագծի քաղաքական տրամաբանությունը։ Հայաստանն ու Միացյալ Նահանգները հայտարարում են, որ «Թրամփի ուղին» պետք է նպաստի տարածաշրջանային խաղաղությանը, կայունությանը, բարգավաճմանը և տնտեսական ինտեգրմանը, նոր շուկաներ բացի Հայաստանի ու Միացյալ Նահանգների համար և տնտեսական հնարավորություններ ստեղծի հայկական ընկերությունների համար։ Ավելին՝ համաձայնագրում «Թրամփի ուղու» հաջողությունը կապվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հետագա ամրապնդման, սահմանազատման և սահմանագծման, Հայաստան–Թուրքիա հարաբերությունների կարգավորման, Միացյալ Նահանգների շարունակական ներգրավվածության և տարածաշրջանային կայունության հետ։ Ամենակարևոր ձևակերպումներից մեկը, սակայն, այն է, որ համաձայնագիրը և ամբողջ նախագիծը պետք է ծառայեն որպես առանցքային մեխանիզմներ «հանուն խաղաղ և ինքնիշխան Հայաստանի» ։ Սա նախագծի քաղաքական նշանակությունը հասկանալու ելակետն է։ Միացյալ Նահանգները Հայաստանի տարածքում ստեղծվող ռազմավարական ենթակառուցվածքի հաջողությունը կապում են Հայաստանի ինքնիշխանության, տարածաշրջանային խաղաղության և կայունության հետ։ Սա, իհարկե, Հայաստանի պաշտպանության վերաբերյալ ամերիկյան ռազմական երաշխիք չէ և այդպես ներկայացնելը ճիշտ չէր լինի։ Բայց սա ստեղծում է մեկ այլ՝ երկարաժամկետ քաղաքական նշանակության հանգամանք. Հայաստանի կայունությունը և հաղորդակցությունների անվտանգ գործունեությունը դառնում են նաև Միացյալ Նահանգների պետական տնտեսական շահի մաս ։ «Թրամփի ուղին» հաճախ ներկայացվում է որպես Հայաստանի հարավով անցնող երկաթուղային կամ ավտոմոբիլային ճանապարհ։ Համաձայնագրի բովանդակությունը շատ ավելի լայն է։ Փաստաթղթով «Թրամփի ուղու» նախագծերի շարքում կարող են ներառվել՝ երկաթուղիներ, ավտոճանապարհներ, նավթի և գազի խողովակաշարեր, օպտիկամանրաթելային կապի ենթակառուցվածքներ և էներգետիկ նախագծեր։ Ընդ որում՝ որևէ նախագիծ ինքնաբերաբար չի դառնում «Թրամփի ուղու» մաս։ Յուրաքանչյուր կոնկրետ նախագիծ և դրա իրականացման տարածքը պետք է որոշվեն Հայաստանի և Միացյալ Նահանգների փոխադարձ համաձայնությամբ ։ Հետևաբար խոսքը հնարավոր տրանսպորտային, էներգետիկ և թվային ամբողջական համակարգի մասին է։ Եթե այս հնարավորությունները լիարժեք իրագործվեն, Հայաստանը կարող է ոչ միայն ճանապարհ տրամադրել տարածաշրջանային տարանցման համար, այլ դառնալ Կենտրոնական Ասիան, Կասպից ծովը, Հարավային Կովկասը, Թուրքիան և Եվրոպան միացնող ենթակառուցվածքային շղթայի անմիջական մասնակից։ Համաձայնագրի առանցքային կառույցը լինելու է «Թրամփի ուղու» զարգացման ընկերությունը ։ Այն հիմնադրվելու է Հայաստանում և գործելու է որպես բաժնետիրական ընկերություն։ Ամերիկյան կողմի մասնակցությունն իրականացվելու է Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիային ամբողջությամբ պատկանող ընկերության միջոցով։ Այս հանգամանքը չափազանց կարևոր է. խոսքը պարզապես ամերիկյան մասնավոր ներդրողի մասին չէ։ Ամերիկյան բաժնետիրոջ վերջնական սեփականատերը լինելու է Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունը ։ Համատեղ ընկերությունում ամերիկյան կողմը կունենա 74 տոկոս մասնակցություն, Հայաստանը՝ 26 տոկոս։ Այսպիսով՝ Միացյալ Նահանգները նախագծում հանդես են գալիս ոչ միայն որպես քաղաքական հովանավոր, խորհրդատու կամ ֆինանսավորման աղբյուր, այլ որպես Հայաստանի տարածքում ստեղծվող ռազմավարական ենթակառուցվածքային ընկերության ուղղակի պետական բաժնետեր ։ Սա է համաձայնագրի առանձնահատկություններից մեկը։ Այս տարբերակումը հիմնարար նշանակություն ունի։ Ամերիկյան կողմի 74 տոկոս մասնակցությունը վերաբերում է ընկերության բաժնետիրական սեփականությանը , ոչ թե Հայաստանի տարածքի, պետական իշխանության կամ ինքնիշխան իրավասությունների 74 տոկոսին։ Ավելին՝ համաձայնագիրը նախատեսում է հարցերի հատուկ շրջանակ, որոնց վերաբերյալ որոշումները չեն կարող ընդունվել միայն մեծամասնության ուժով և պահանջելու են Հայաստանի ու ամերիկյան կողմի փոխադարձ համաձայնությունը։ Դրանց թվում են ընկերության նկատմամբ վերահսկողության փոփոխությունը, բաժնետոմսերի փոխանցումը, դուստր ընկերությունների ստեղծումը և դրանց սեփականության կառուցվածքը, խոշոր պայմանագրային և ֆինանսական գործարքները, կոնցեսիոն իրավունքների տրամադրումը և դրանց վերջնական պայմանները, ինչպես նաև ազգային անվտանգությանն ու քաղաքականությանը վերաբերող հարցերը։ Այսինքն՝ Հայաստանի 26 տոկոս մասնակցությունը սովորական փոքրամասնության բաժնեմաս չէ։ Ռազմավարական նշանակության հարցերի համար նախատեսվում է փոխադարձ համաձայնության սկզբունք , ինչը Հայաստանին հնարավորություն է տալիս կանխել իր կենսական շահերին հակասող որոշումները։ Այդ մեխանիզմների ամբողջական մանրամասները, սակայն, դեռ պետք է ամրագրվեն զարգացման ընկերության կանոնադրությամբ և բաժնետիրական համաձայնագրով։ Հետևաբար հենց այդ երկու փաստաթղթերը լինելու են հաջորդ կարևորագույն իրավական հանգույցները։ Հայաստանը զարգացման ընկերությանը 49 տարի ժամկետով տրամադրելու է ծրագրի իրականացման համար անհրաժեշտ հողօգտագործման, կառուցապատման և հարակից այլ իրավունքներ։ Սակայն սա Հայաստանի տարածքի սեփականության փոխանցում չէ ։ Ընդհակառակը՝ համաձայնագիրը սահմանում է, որ համապատասխան հողերը պետք է լինեն կամ դառնան Հայաստանի սեփականությունը։ Հայաստանը շարունակում է մնալ նաև ցանկացած կոնցեսիայի միակ տրամադրողը։ Ուրեմն անհրաժեշտ է տարբերակել երեք հասկացություն՝ պետական ինքնիշխանություն, հողի սեփականություն և տնտեսական օգտագործման իրավունք ։ Առաջինը մնում է բացառապես Հայաստանինը։ Հողերը պետք է լինեն Հայաստանի սեփականությունը։ Իսկ զարգացման ընկերությանը տրամադրվում են դրանց երկարաժամկետ օգտագործման և կառուցապատման իրավունքներ՝ նախագծերի իրականացման նպատակով։ Երբ այդ իրավունքների գործողության ժամկետն ավարտվի, կամ զարգացման ընկերությունը դադարեցնի գործունեությունը, նրա մնացորդային իրավունքները պետք է վերադարձվեն Հայաստանին՝ առանց Հայաստանի կողմից որևէ վճարի կամ հատուցման ։ Կողմերը կարող են փոխադարձ համաձայնությամբ ծրագրի ժամկետը երկարաձգել ևս 50 տարով։ Եթե դա տեղի ունենա, Հայաստանի բաժնեմասն ընկերությունում 26 տոկոսից պետք է բարձրանա մինչև 49 տոկոս ։ Ընդ որում՝ Հայաստանը այդ լրացուցիչ բաժնեմասի դիմաց առանձին ֆինանսական վճարում չի կատարելու։ Հայաստանի մասնակցության ավելացման դիմաց հատուցումը լինելու է ծրագրի ժամկետի երկարաձգումը։ Այսպիսով՝ երկարաժամկետ հեռանկարում, եթե նախագիծը հաջողվի և կողմերը որոշեն շարունակել այն, Հայաստանը կարող է դառնալ ընկերության գրեթե հավասար բաժնետեր։ Երկաթուղին, ճանապարհը, էներգետիկ ենթակառուցվածքը, կապի համակարգը կամ մյուս նախագծերը պարտադիր չէ, որ կառավարվեն մեկ ընդհանուր ընկերության ներսում։ «Թրամփի ուղու» զարգացման ընկերությունը կարող է յուրաքանչյուր առանձին նախագծի համար ստեղծել հատուկ նշանակության դուստր կազմակերպություններ։ Այդ կազմակերպությունները կարող են իրականացնել կոնկրետ ծրագրեր, ընտրել համապատասխան օպերատորներին, կապալառուներին, ներդրողներին և ինժեներական, մատակարարման ու շինարարական ծառայություններ մատուցող ընկերություններին։ Այս կառուցվածքը թույլ է տալիս տարբեր նախագծերի ֆինանսական և գործարար ռիսկերը տարանջատել միմյանցից և յուրաքանչյուր ուղղության համար ներգրավել համապատասխան ներդրողներ ու մասնագիտական կարողություններ։ Սա համաձայնագրի ամենակարևոր և միաժամանակ առավել ուշադիր վերահսկողություն պահանջող դրույթներից է։ Հայաստանը համաձայնում է անհրաժեշտության դեպքում բացառություններ նախատեսել բաժնետիրական ընկերությունների, գնումների և պետություն–մասնավոր գործընկերության վերաբերյալ իր օրենսդրությունից՝ զարգացման ընկերության և նրա դուստր կազմակերպությունների արդյունավետ գործունեությունն ապահովելու նպատակով։ Տրամաբանությունը հասկանալի է. նման մասշտաբի միջազգային ենթակառուցվածքային ծրագրերը չպետք է տարիներով խրվեն վարչարարական և գնումների ծանր ընթացակարգերի մեջ։ Սակայն այստեղ Հայաստանի պետական շահի տեսանկյունից չափազանց կարևոր է, թե ինչպիսի բացառություններ են սահմանվելու ։ Դրանք պետք է միաժամանակ ապահովեն ծրագրի արագ իրականացումը, թափանցիկությունը, արդար մրցակցությունը, հակակոռուպցիոն վերահսկողությունը և Հայաստանի հանրային շահի պաշտպանությունը։ Միացյալ Նահանգները համաձայնագրով մտադրություն են հայտնում ֆինանսավորել կամ աջակցել «Թրամփի ուղու» նախագծերի ֆինանսավորման ապահովմանը՝ պետական և մասնավոր աղբյուրներից։ Սա, սակայն, պետք է ճշգրիտ մեկնաբանել։ Համաձայնագրով Միացյալ Նահանգները որևէ նախապես սահմանված գումար տրամադրելու անվերապահ պարտավորություն չեն ստանձնում։ Ֆինանսավորումը կախված է միջոցների առկայությունից, համապատասխան ընթացակարգերից և ներդրումային որոշումներից։ Զարգացման ընկերության ստեղծման համար ամերիկյան կողմը նաև պետք է անցնի իր ներպետական ընթացակարգերը, այդ թվում՝ Միացյալ Նահանգների Կոնգրեսի ծանուցման և Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի տնօրենների խորհրդի հաստատման փուլերը։ Սակայն ամերիկյան պետական ֆինանսական կառույցի անմիջական մասնակցությունը ինքնին կարող է էապես նվազեցնել Հայաստանի վերաբերյալ ներդրումային ռիսկի ընկալումը և ճանապարհ բացել այլ միջազգային ու մասնավոր ներդրողների համար։ Սա համաձայնագրի ամենահստակ դրույթներից է։ Հայաստանը պահպանում է լիակատար ինքնիշխանությունն ու իրավազորությունը իր սահմանների և մաքսային գործողությունների նկատմամբ ։ Հայաստանի պատասխանատվության ներքո են մնում՝ անվտանգությունն ու իրավապահ գործունեությունը, սահմանային հսկողությունն ու անվտանգությունը, մաքսային և միգրացիոն վերահսկողությունը, հարկերի ու տուրքերի մուտքը պետական բյուջե, պետական տեղեկատվական համակարգերը, ինչպես նաև պետական վարչարարությունն ու վերահսկողությունը։ Հայաստանն իրավունք ունի նաև իր սահմանային բոլոր անցակետերում պահպանելու պետական մարմինների ֆիզիկական ներկայությունը։ Հետևաբար համաձայնագրով Հայաստանի իրավազորությունից դուրս որևէ տարածք կամ արտատարածքային ճանապարհ չի ստեղծվում ։ Հայաստանի տարածքով շարժվող ուղևորները, տրանսպորտային միջոցներն ու բեռները շարունակում են գտնվել Հայաստանի իրավազորության ներքո։ Համաձայնագիրը նախատեսում է սահմանային անցումների ժամանակակից և առավել արագ կազմակերպման հնարավորություն։ Որոշ՝ քաղաքացիների կամ բեռնափոխադրողների հետ անմիջական շփում պահանջող սպասարկման գործառույթներ կարող են իրականացվել մասնավոր օպերատորների միջոցով։ Բայց մասնավոր օպերատորի առկայությունը չի նշանակում պետական իշխանության փոխանցում։ Մաքսային որոշումները, միգրացիոն վերահսկողությունը, սահմանային անվտանգությունը, իրավապահ գործառույթները, պետական տեղեկատվական համակարգերն ու պետական վերահսկողությունը շարունակում են պատկանել Հայաստանին։ Մասնավոր օպերատորի ընտրությունն էլ պետք է կատարվի Հայաստանի և զարգացման ընկերության փոխադարձ համաձայնությամբ։ Այս մոդելի նպատակը կարող է լինել ժամանակակից, արագ, թվայնացված և միջազգային տարանցման պահանջներին համապատասխան սահմանային սպասարկման համակարգի ստեղծումը՝ առանց պետական ինքնիշխան գործառույթների փոխանցման ։ Համաձայնագրով Միացյալ Նահանգները մտադրություն են հայտնում համագործակցել Հայաստանի սահմանային անվտանգության բարելավման ուղղությամբ՝ հղում կատարելով 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված «Խաղաղության խաչմերուկ» կարողությունների զարգացման գործընկերության վերաբերյալ հայ-ամերիկյան փոխըմբռնման հուշագրին։ Սա նախագծի անվտանգային կարևոր շերտերից մեկն է։ Հայաստանը ոչ միայն պահպանում է սահմանների նկատմամբ ամբողջ իրավազորությունը, այլ հնարավորություն է ստանում Միացյալ Նահանգների հետ համագործակցությամբ արդիականացնելու սահմանային կառավարման կարողությունները, ընթացակարգերը, տեխնիկական միջոցներն ու թվային համակարգերը։ Փաստաթուղթը հատուկ անդրադառնում է նաև ենթակառուցվածքների անվտանգությանը։ «Թրամփի ուղու» իրականացման տարածքներում արտակարգ իրավիճակ առաջանալու դեպքում Հայաստանի պետական մարմիններն ունեն գործելու առաջնային լիազորություն ։ Հայաստանն է հաստատում նաև ենթակառուցվածքների անվտանգության ծրագրերը։ Եթե դրանց պահպանության համար ներգրավվեն մասնավոր անվտանգության ծառայություններ, դրանք պետք է գործեն Հայաստանի արտոնագրման և օրենսդրության պահանջներին համապատասխան։ Այս դրույթը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ նախագծի տարածքներում որևէ առանձին, Հայաստանի պետական համակարգից դուրս անվտանգության համակարգ չի ստեղծվում։ Համաձայնագիրը նախատեսում է որոշակի հարկային արտոնություններ զարգացման ընկերության և նրա դուստր կազմակերպությունների միջև իրականացվող կորպորատիվ գործարքների համար։ Օրինակ՝ զարգացման ընկերությունից ամերիկյան պետական բաժնետիրոջը փոխանցվող շահաբաժինները Հայաստանում չեն հարկվելու, քանի դեռ դրա վերջնական սեփականատերը Միացյալ Նահանգների կառավարությունն է։ Որոշակի հարկային արտոնություններ են նախատեսվում նաև դուստր կազմակերպություններից զարգացման ընկերությանը փոխանցվող շահաբաժինների, բաժնետոմսերի օտարման և որոշ իրավունքների փոխանցման համար։ Բայց սա չի նշանակում, որ «Թրամփի ուղու» ամբողջ գործունեությունը Հայաստանում ազատվում է հարկերից կամ մաքսային վճարներից։ Ընդհակառակը՝ համաձայնագիրը հատուկ ամրագրում է, որ սահմանային հարկերն ու տուրքերը պետական բյուջե փոխանցելը շարունակում է մնալ Հայաստանի իրավասությունը։ Հայաստանի տնտեսական օգուտը պետք չէ սահմանափակել միայն այն հարցով, թե որքան գումար կվճարվի Հայաստանի տարածքով մեկ գնացք անցկացնելու համար։ Հայաստանը դառնում է զարգացման ընկերության բաժնետեր։ Դրան գումարվում են ենթակառուցվածքների օգտագործման, տարանցիկ գործունեության, ծառայությունների, հողերի ու գույքի տնտեսական օգտագործման, տարբեր նախագծերի և դուստր կազմակերպությունների գործունեությունից հնարավոր եկամուտները։ Բացի այդ, համաձայնագրի նախաբանում հատուկ նշվում է հայկական ընկերությունների համար տնտեսական հնարավորությունների ստեղծումը «Թրամփի ուղու» կառուցման և շահագործման ընթացքում։ Իրական եկամտի չափը, սակայն, այսօր հնարավոր չէ պատասխանատու կերպով հաշվարկել։ Դրա համար անհրաժեշտ են առանձին նախագծերի ներդրումային ծավալները, սակագները, ֆինանսավորման պայմանները, բեռնափոխադրումների կանխատեսումները և կոնցեսիոն պայմանագրերը։ Տասնամյակներ շարունակ Հայաստանի հիմնական ռազմավարական խնդիրներից մեկը տարածաշրջանային մեկուսացվածությունն է եղել։ Արևելք–արևմուտք խոշոր ենթակառուցվածքային ծրագրերի զգալի մասը շրջանցել է Հայաստանը։ «Թրամփի ուղին» նախատեսվում է որպես Տրանսկասպյան առևտրային երթուղու կենսական օղակ ։ Սա կարող է Հայաստանի աշխարհագրական դիրքի տնտեսական նշանակությունը հիմնովին փոխել։ Հայաստանը կարող է փակ սահմաններով տարածաշրջանային վերջնակետից վերածվել Կենտրոնական Ասիան, Կասպից ծովը, Ադրբեջանը, Թուրքիան և Եվրոպան կապող հաղորդակցությունների հանգույցի։ Եվ եթե տրանսպորտին հետագայում ավելանան էներգետիկ ու թվային ենթակառուցվածքները, Հայաստանի նշանակությունը տարածաշրջանային տնտեսության համար կարող է բազմապատկվել։ Համաձայնագրի աշխարհաքաղաքական նշանակությունը չափազանց մեծ է։ Հայաստանի ռազմավարական ենթակառուցվածքներում առաջին անգամ նման մասշտաբով և այսպիսի երկարաժամկետ կառուցվածքով ներգրավվում է Միացյալ Նահանգների պետական կառույցը։ Այսպիսով՝ Հայաստանի տարածքում առաջանում է ամերիկյան երկարաժամկետ պետական տնտեսական շահ ։ Դա Հայաստանի համար հնարավորություն է ստեղծում նվազեցնելու մեկ կենտրոնից տնտեսական և ենթակառուցվածքային կախվածությունը և արտաքին հարաբերությունների համակարգը դարձնելու առավել բազմակենտրոն։ Սակայն այստեղ ևս պետք է խուսափել չափազանցություններից։ «Թրամփի ուղին» ինքնաբերաբար չի փոխարինում Հայաստանի անվտանգության համակարգերին և Միացյալ Նահանգների համար Հայաստանի պաշտպանության ռազմական պարտավորություն չի ստեղծում։ Նրա անվտանգային արժեքն այլ է՝ Հայաստանի կայունությունը, տարածքային անվտանգությունը և հաղորդակցությունների անխափան աշխատանքը կապվում են Միացյալ Նահանգների երկարաժամկետ պետական ու տնտեսական շահերի հետ ։ Համաձայնագիրը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հետագա ամրապնդումը, սահմանազատումն ու սահմանագծումը դիտարկում է որպես «Թրամփի ուղու» հաջողությանը նպաստող պայմաններ։ Սա խաղաղության գործընթացի տրամաբանության մեջ կարևոր փոփոխություն է։ Խաղաղությունն այլևս միայն պատերազմը բացառելու քաղաքական պայմանավորվածություն չէ։ Այն կարող է վերածվել տնտեսական ակտիվների, ներդրումների, ենթակառուցվածքների և միջազգային շահերի համակարգի։ Որքան մեծ լինեն այդ ներդրումներն ու փոխադարձ տնտեսական շահերը, այնքան բարձր կարող է դառնալ նոր հակամարտության տնտեսական և քաղաքական գինը։ Համաձայնագրում հատուկ հիշատակվում է Հայաստան–Թուրքիա հարաբերությունների կարգավորումը։ Դրա տնտեսական տրամաբանությունը պարզ է։ Եթե Հայաստանը ցանկանում է լիարժեքորեն դառնալ արևելք–արևմուտք տարանցիկ հանգույց, անհրաժեշտ է ոչ միայն արևելյան, այլև արևմտյան ուղղությամբ գործող սահման և կապ Թուրքիայի տրանսպորտային համակարգի հետ։ Այս իմաստով «Թրամփի ուղին» նոր տնտեսական շարժառիթ է ստեղծում նաև հայ-թուրքական սահմանի բացման և հարաբերությունների ամբողջական կարգավորման համար։ Շրջանակային համաձայնագրի մեկնաբանման կամ կիրառման վերաբերյալ Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև առաջացած տարաձայնությունները պետք է կարգավորվեն խորհրդակցությունների և փոխադարձ համաձայնության միջոցով։ Միջպետական այս համաձայնագրով որևէ արտաքին մարմնի կամ միջազգային արբիտրաժի պարտադիր իրավասություն չի սահմանվում։ Միաժամանակ զարգացման ընկերության բաժնետիրական համաձայնագիրը կարգավորվելու է Միացյալ Նահանգների և Նյու Յորք նահանգի օրենսդրությամբ, իսկ ընկերության կանոնադրությունը՝ Հայաստանի օրենսդրությամբ։ Սա նշանակում է, որ միջպետական հարաբերությունների և ընկերության առևտրային հարաբերությունների համար ստեղծվում են տարբեր իրավական հարթություններ։ Հետևաբար ապագա բաժնետիրական համաձայնագիրը Հայաստանի համար առանձնահատուկ կարևորություն է ունենալու։ Համաձայնագիրը կարող է փոփոխվել միայն Հայաստանի և Միացյալ Նահանգների փոխադարձ գրավոր համաձայնությամբ։ Միաժամանակ կողմերից յուրաքանչյուրը կարող է դադարեցնել դրա գործողությունը՝ մյուս կողմին գրավոր ծանուցելով։ Դադարեցումն ուժի մեջ է մտնում ծանուցումից մեկ տարի անց։ Այսպիսով՝ ոչ Հայաստանը, ոչ Միացյալ Նահանգները անժամկետ չեն զրկվում իրենց քաղաքական ընտրության հնարավորությունից։ Ի՞նչ է Հայաստանը ստանում այս համաձայնագրից Համաձայնագրի ամենամեծ արժեքը միայն նոր ճանապարհը, երկաթուղին կամ տարանցիկ վճարները չեն։ Հայաստանը ստանում է հնարավորություն Միացյալ Նահանգների կառավարության հետ համատեղ սեփականության և կառավարման միջոցով կառուցելու ռազմավարական նշանակության ենթակառուցվածքային համակարգ ։ Եթե նախագիծը լիարժեք իրագործվի, այն կարող է Հայաստանին տալ միաժամանակ մի քանի կարևոր առավելություն՝ նոր տարանցիկ և տնտեսական եկամուտներ, ամերիկյան ու միջազգային ներդրումների ներգրավում, ժամանակակից սահմանային ենթակառուցվածքներ, նոր էներգետիկ և թվային կապեր, Տրանսկասպյան առևտրային համակարգում ներգրավվածություն և Հայաստանի նկատմամբ ամերիկյան երկարաժամկետ ռազմավարական հետաքրքրության ամրապնդում։ Բայց դրանից ավելի կարևոր կարող է լինել Հայաստանի աշխարհագրական նշանակության փոփոխությունը ։ Տասնամյակներ շարունակ Հայաստանի աշխարհագրությունը դիտարկվել է առաջին հերթին որպես խնդիր՝ փակ սահմաններ, շրջափակում, տարածաշրջանային նախագծերից դուրս մնալու վտանգ։ «Թրամփի ուղու» տրամաբանությամբ նույն աշխարհագրությունը կարող է վերածվել առավելության։ Հայաստանը կարող է դառնալ ոչ թե տարածաշրջանային ճանապարհների վերջնակետ, այլ դրանց հատման վայր։ Ինչո՞ւ սա կարող է անկյունաքարային նշանակություն ունենալ Հայաստանի անվտանգության համար Այստեղ անհրաժեշտ է ամենաճշգրիտ ձևակերպումը։ «Թրամփի ուղին» Հայաստանի համար ամերիկյան ռազմական անվտանգության երաշխիք չէ, բայց այն կարող է դառնալ Հայաստանի և Միացյալ Նահանգների երկարաժամկետ ռազմավարական շահերի համադրման հզոր մեխանիզմ։ Երբ Միացյալ Նահանգների կառավարությանը պատկանող ընկերությունը Հայաստանի տարածքում մասնակցում է տասնամյակների համար նախատեսված երկաթուղային, ճանապարհային, էներգետիկ, կապի և հնարավոր այլ ռազմավարական ենթակառուցվածքների զարգացմանը, Հայաստանի կայունությունն ու այդ ենթակառուցվածքների անվտանգությունը դադարում են լինել միայն Հայաստանի խնդիրը։ Դրանք դառնում են նաև ամերիկյան պետական տնտեսական շահի մաս։ Սա ռազմական դաշինք չէ։ Բայց փոքր պետության անվտանգության համար մեծ նշանակություն ունի նաև այն, թե որքան շատ հզոր պետություններ ունեն նրա անկախության, կայունության, խաղաղության և տնտեսական հաջողության պահպանման սեփական շահը ։ Հենց այս տեսանկյունից է «Թրամփի ուղին» ձեռք բերում Հայաստանի անվտանգության համար շատ ավելի մեծ նշանակություն, քան սովորական ենթակառուցվածքային նախագիծը։ Ի՞նչ դեռ պետք է պարզվի Շրջանակային համաձայնագիրը վերջնականապես չի պատասխանում բոլոր հարցերին։ Առաջիկայում առանձնահատուկ կարևորություն են ունենալու «Թրամփի ուղու» զարգացման ընկերության կանոնադրությունը, բաժնետիրական համաձայնագիրը, ծրագրի իրականացման կոնկրետ տարածքների սահմանումը, առանձին նախագծերի համար ստեղծվող ընկերությունների կառուցվածքը, կոնցեսիոն պայմանները, ներդրումների ծավալները, կապալառուների ընտրության կարգը, Հայաստանի օրենսդրությունից նախատեսվող բացառությունները, սահմանային սպասարկման մասնավոր օպերատորների իրավասությունները, սակագները և տնտեսական հաշվարկները։ Հենց այս փաստաթղթերից պարզ կդառնա, թե շրջանակային համաձայնագրով ստեղծված քաղաքական ու տնտեսական մեծ հնարավորությունը ինչպիսի գործնական կառուցվածք է ստանալու։ Ամենակարևոր եզրակացությունը «Թրամփի ուղու» վերաբերյալ Հայաստան–Միացյալ Նահանգներ շրջանակային համաձայնագրի պատմական նշանակությունն այն է, որ Հայաստանի աշխարհագրությունը, ինքնիշխանությունը և տնտեսական զարգացումը կառուցակարգված ձևով կապվում են Միացյալ Նահանգների երկարաժամկետ պետական տնտեսական շահի, Տրանսկասպյան առևտրի, Հայաստան–Ադրբեջան խաղաղության և Հայաստան–Թուրքիա հարաբերությունների կարգավորման հետ ։ Եվ այս ամենը կատարվում է մի սկզբունքի պահպանմամբ, որը փաստաթուղթը բազմիցս ամրագրում է՝ Հայաստանի լիակատար ինքնիշխանություն, տարածքային ամբողջականություն և իրավազորություն իր ամբողջ տարածքի նկատմամբ ։ Հայաստանը պարզապես տարածք չի տրամադրում ուրիշների բեռների տեղափոխման համար։ Հայաստանը դառնում է համատեղ ընկերության բաժնետեր, ենթակառուցվածքների համասեփականատեր և դրանց տնտեսական շահառու, միջազգային տարանցիկ համակարգի հանգույց և Միացյալ Նահանգների երկարաժամկետ ռազմավարական տնտեսական գործընկեր Հարավային Կովկասում։ Այս իմաստով համաձայնագիրը կարող է դառնալ Հայաստանի անկախությունից ի վեր հայ-ամերիկյան հարաբերությունների ամենանշանակալի տնտեսական և ռազմավարական համաձայնություններից մեկը։ Իսկ եթե դրա ներուժը լիարժեք իրագործվի՝ երկաթուղիներով, ճանապարհներով, էներգետիկ կապերով, թվային ենթակառուցվածքներով, ներդրումներով և նոր առևտրային հոսքերով, ապա այն կարող է դառնալ Հայաստանի անվտանգության, ինքնիշխանության ամրապնդման և երկարաժամկետ բարեկեցության նոր համակարգի անկյունաքարերից մեկը ։ Սակայն վերջնական հաջողությունը կախված է լինելու ոչ միայն համաձայնագրի քաղաքական նշանակությունից, այլ նաև այն բանից, թե որքան գրագետ Հայաստանը կպաշտպանի իր շահերը հաջորդ փուլում՝ բաժնետիրական, կոնցեսիոն, ներդրումային և իրավական մանրամասն պայմանները սահմանելիս։



