Էրդողանը իսլամական աշխարհ կազմավորելու ծրագիր է հռչակել, Ադրբեջանը կմասնակցի՞

Օգոստոսի 28-ին Թուրքիայի նախագահ Ռեեջփ Թայիփ Էրդողանը Ստամբուլի «Հալիչ» կենտրոնում ներկա է գտնվել Մուհամեդ մարգարեի ծննդյան օրվան նվիրված միջոցառմանը։ Այդ տոնը մուսուլմանները նշում են լուսնային օրացույցի երրորդ ամսվա ընթացքում։ Թուրքիայի նախագահը, կարծես, օգոստոսի 28-ը որպես տոնական շաբաթվա մեկնարկի օր, պատահական չի ընտրել։ Դա է հուշում նրա ելույթի ծայրահեղ կրոնական բնույթը, որ, սակայն, քաղաքական ընդգշված իմաստ ունի։ Անդրադառնալով անցյալ դարի ողբերգություններին, Էրդողանը հիշել է Հիտլերին և Պոլ Պոտին, որոնք «տարբեր ծագման և դավանանքի պատկանող միլիոնավոր մարդկանց մահվան են դատապարտել» և անմիջապես ներկայացրել Գազայում, Հորդանանի արևմտյան ափին և Լիբանանում «սիոնիստական ցեղասպան ցանցի ոճրագործությունները», որոնց հանդեպ, ըստ նրա՝ «մարդկությունը միայն դիտորդ» է։ Այնուհետև Էրդողանը հայտարարել է, որ «ժամանակն է ընդունել ճշմարտությունը․ մուսուլմաններս չենք կարող հաջողության հասնել՝ հույս դնելով միայն օտարների վրա»։ Թուրքիայի նախագահը հռչակագրել է․ «Մենք պարտավոր ենք ուժեղ լինել, լինել զսպող գործոն, միասնաբար պաշտպանել մեր իրավունքները և օրենքները, մեր տարածաշրջանում կառուցել խաղաղություն և անվտանգություն»։ Ի վերջո նա ամփոփել է, որ ցանկանում է, որ «դարերով պատմություն ձևավորած եւ աշխարհում կարգ հաստատած Մուհամեդի ումման կրկին միավորվի, ինչպես պատի աղյուսներն են միասնական»։ Թուրքիայի նախագահը բոլոր մուսուլմանների ցանկությունը ձևակերպել է որպես «մեկը մեկին հավատացող, մեկը մյուսի վրա հույս դնող, ուս-ուսի, սիրտ-սրտի երթ»։ Նախօրեին համաիսլամական «պակտ» ստեղծելու մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Էրդողանը փաստացի այդ գաղափարը կիսել է։ Խնդիր է, թե արաբական աշխարհը կընդունի՞ «Մուհամեդի ումմա» կազմավորելու հեռանկարը։ Պետք է հաշվի առնել, որ իսլամական աշխարհը դավանաբանական առումով բաժանված է սուննիների և շիաների, իսկ Իրանի և Թուրքիայի մրցակցությունը դարերի պատմություն ունի և երկու հանրությունների ինքնության անբաժանելի մաս է։ Վերջին շրջանում եվրոպական «իսլամաֆոբիայի» մասին մի քանի անգամ խոսել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Ադրբեջանի բնակչության մեծ մասը շիադավան է։ Քառասունչորսօրյա պատերազմից հետո Ադրբեջանում Թուրքիայի հեղինակությունը կտրուկ բարձրացել է։ «Մուհամեդի ումմա կազմավորելու» համար Էրդողանը այդ իրողությունը կօգտագործի՞։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 11939

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով