Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողական միջոցառում է իրականացրել Լոռու մարզի Վանաձոր քաղաքում գտնվող՝ «Էմտա Գրուպ» ՍՊԸ-ին պատկանող տոմատի մածուկի արտադրամասում։ Ինչպես տեղեկանում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից, վերահսկողության ընթացքում հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի մի շարք խախտումներ։ Մասնավորապես՝ սննդամթերքի հետ շփվող գույքը չի գտնվել նորոգ վիճակում․ դրա մակերեսը եղել է անհարթ, ինչի հետևանքով հնարավոր չի եղել այն պատշաճ կերպով մաքրել և ախտահանել։ Բացի այդ, սարքավորումները, գործիքներն ու պարագաները չեն պահվել նորոգ և բարվոք վիճակում, իսկ աշխատանքային մակերևույթները պատրաստված չեն եղել չներծծվող նյութերից։ Հայտնաբերված խախտումների հիմքով արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է։ Տնտեսավարողին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ արտադրամասը օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխանեցնելու համար։ Խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ։



