ՆԱՏՕ-ի ռազմական ակտիվությունը Հյուսիսային բևեռում ստեղծում է ուղղակի սպառնալիքներ Ռուսաստանի անվտանգության համար և մեծացնում զինված բախումների ռիսկերը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը՝ նշելով, որ փետրվարին Հյուսիսատլանտյան դաշինքը սկսել է «Արկտիկական ժամապահ» գործողությունը։ Նրա խոսքով՝ Արտիկական տարածաշրջանի ռազմականացումը չի բխում խաղաղության շահերից, իսկ Մոսկվան հետևողականորեն պաշտպանելու է իր շահերը և համարժեք պատասխան է տալու ոչ բարեկամական գործողություններին։ «Ռուսաստանն աշխարհի ցանկացած տարածաշրջանում նախընտրում է կառուցողական երկխոսությունը, սակայն անհրաժեշտության դեպքում մեր ազգային շահերը պաշտպանված կլինեն առկա բոլոր միջոցներով»,- գրել է Լավրովը «Միջազգային համագործակցությունն Արկտիկայում. մարտահրավերներ և հնարավորություններ» հոդվածում։



