Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանի հետ Բիշքեկում հանդիպման նախօրեին շնորհավորել է կալանքի տակ գտնվող Ռոբերտ Քոչարյանի ծննդյան օրը՝ մաղթելով «դիմացկունություն» ներկա «փորձությունների» առջև և հիշեցնելով նրա ներդրումը ռուս-հայկական «բարեկամական և դաշնակցային կապերի» զարգացման գործում։ Դիվանագիտության մեջ երբեմն ամենակարևոր ուղերձը հասցեագրված չէ նրան, ում անունը գրված է հեռագրի վրա։ Այս մեկի հասցեատերը նաև Երևանն է։ Հատկապես, երբ Կրեմլը նախապես հայտարարել է, որ Բիշքեկում Պուտինը Փաշինյանի հետ քննարկելու է ոչ միայն Հայաստանի եվրոպական ուղղությունը, այլև ընդդիմադիրների ձերբակալությունները՝ առանձնացնելով Ռուսաստանի հետ հարաբերությունների խորացման կողմնակիցներին։ Այս երկու դրվագները միասին բացում են հայ-ռուսական հարաբերությունների ներկա ճգնաժամի շատ ավելի խորը շերտը։ Մոսկվան Հայաստանում կորցնում է ոչ միայն ազդեցություն։ Այն կորցնում է հին համակարգի բանալիները։ Տասնամյակներ շարունակ Ռուսաստանը Հայաստանի հետ աշխատել է երկու մակարդակով։ Մեկը միջպետական էր՝ Մոսկվա-Երևան պաշտոնական հարաբերությունները։ Մյուսը՝ քաղաքական վերնախավերի, անվտանգության համակարգի, տնտեսական խմբերի, ենթակառուցվածքների, կուսակցությունների և անձնական կապերի ցանցը։ Առաջինը դիվանագիտություն էր։ Երկրորդը՝ ազդեցության ենթակառուցվածք։ Մեծ տերությունների համար երկրորդը հաճախ ավելի արժեքավոր է։ Կառավարությունները փոխվում են, ազդեցության ցանցերը կարող են պահպանվել տասնամյակներով։ Կայսրություններն այդ մեխանիզմը վաղուց են հասկացել։ Նրանք ծայրամասերը կառավարել են ոչ միայն բանակներով, այլ տեղական վերնախավերի միջոցով։ Ազդեցության ամենաէժան ձևը օտար երկրում սեփական զինվոր պահելը չէ։ Շատ ավելի արդյունավետ է այնտեղ ունենալ քաղաքական դաս, որն արտաքին կենտրոնի շահը սեփական քաղաքական համոզմունքն է համարում։ Հետխորհրդային տարածքում Ռուսաստանը մեծապես ժառանգեց այդ մեխանիզմը։ Հայաստանը բացառություն չէր։ Անվտանգությունը, էներգետիկան, երկաթուղին, արտաքին առևտուրը և քաղաքական կապերը տարիների ընթացքում կառուցեցին մի համակարգ, որտեղ Ռուսաստանի հետ հարաբերությունը պարզապես արտաքին քաղաքական ուղղություն չէր։ Այն Հայաստանի պետական կառուցվածքի բաղադրիչներից մեկն էր։ Դրա շնորհիվ Մոսկվան ուներ մի բան, որը երբեմն ավելի կարևոր է, քան բարեկամ կառավարությունը՝ Հայաստանի ռազմավարական ընտրությունների նկատմամբ ոչ պաշտոնական վետոյի հնարավորություն ։ Հենց դա է այսօր վտանգված։ Հայաստանը շարժվում է դեպի Եվրոպա, դիվերսիֆիկացնում անվտանգության հարաբերությունները, վերանայում ռուսական ռազմական և սահմանապահ ներկայության նախկին անձեռնմխելիությունը, քննարկում երկաթուղային կոնցեսիայի ապագան և փորձում տարածաշրջանային հաղորդակցությունների նոր համակարգ կառուցել։ Առանձին վերցրած՝ դրանցից ոչ մեկը Ռուսաստանից հրաժարում չէ։ Միասին վերցրած՝ դրանք նշանակում են Ռուսաստանի բացառիկության ավարտ։ Եվ սա է շատ ավելի կարևոր, քան «Հայաստանը հեռանում է Ռուսաստանից» պարզունակ բանաձևը։ Հայաստանը փորձում է հեռանալ այն համակարգից, որտեղ Ռուսաստանի համաձայնությունը անհրաժեշտ էր իր ռազմավարական ընտրությունների մեծ մասի համար։ Այս համատեքստում Քոչարյանին ուղղված Պուտինի հեռագիրը քաղաքական հիշողության ժեստ է։ Մոսկվան փաստորեն հիշեցնում է այն մարդկանց և այն ժամանակը, որոնց հետ կառուցվել էր իր համար հասկանալի Հայաստանը։ Այդտեղից էլ՝ Բիշքեկի հանդիպման իրական հակադրությունը։ Պուտինի դիմաց նստելու է Հայաստանի գործող վարչապետը։ Բայց բանակցությունների սեղանին խորհրդանշականորեն ներկա է լինելու նաև մեկ այլ Հայաստան։ Հայաստանը, որտեղ անվտանգության հիմնական հասցեն Մոսկվան էր, երկաթուղին՝ ռուսական կառավարման ներքո, էներգետիկ համակարգում ռուսական կապիտալը գերիշխող դիրքեր ուներ, իսկ Ռուսաստանի հետ առանձնահատուկ հարաբերությունը քաղաքական վերնախավի մի մասի համար լեգիտիմության աղբյուր էր։ Այդ Հայաստանը վերափոխվում է։ Սակայն այստեղ Երևանը պետք է խուսափի ամենապարզ սխալից։ Ռուսական կախվածությունը արևմտյան կախվածությամբ փոխարինելը ինքնիշխանություն չէ։ Եթե հայկական քաղաքական որոշումների վերջնական հեղինակությունը Մոսկվայից պարզապես տեղափոխվի Բրյուսել կամ Վաշինգտոն, Հայաստանը կփոխի հովանավորին, ոչ կարգավիճակը։ Ինքնիշխանության չափանիշը աշխարհագրական չէ։ Այն մեկ հարց ունի՝ ո՞վ ունի Հայաստանի որոշումների նկատմամբ վերջին խոսքը ։ Հենց այդ սկզբունքով պետք է պատասխանել նաև ռուսական կողմի՝ ընդդիմադիրների ձերբակալությունների վերաբերյալ հարցերին։ Եթե Հայաստանում որևէ մեկին հետապնդում են Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ պաշտպանելու համար, դա քաղաքական հետապնդում է և անընդունելի։ Եթե մեղադրանքը չի ապացուցվում, գործում է անմեղության կանխավարկածը։ Բայց նույնքան անընդունելի է հակառակ տրամաբանությունը՝ որևէ հայ քաղաքական գործիչ չի կարող անձեռնմխելիություն ձեռք բերել այն պատճառով, որ Մոսկվայում նրան համարում են Ռուսաստանի բարեկամ։ Հակառակ դեպքում Հայաստանը փաստացի կունենա քաղաքացիների մի խումբ, որոնց նկատմամբ սեփական օրենքները կիրառելու համար ստիպված կլինի հաշվի առնել արտաքին պետության դիրքորոշումը։ Դա արդեն դաշնակցային հարաբերություն չէ։ Դա սահմանափակ ինքնիշխանություն է։ Բիշքեկում, հետևաբար, Հայաստանը չպետք է միայն պատասխանի։ Նա պետք է հարցեր տա։ Եթե Եվրասիական տնտեսական միությունը միասնական շուկա է, ինչո՞ւ հայկական ապրանքները պարբերաբար բախվում են ռուսական սահմանափակումների։ Եթե Ռուսաստանը դաշնակից է, ինչո՞ւ Հայաստանի ներքին քրեական գործերը պետք է դառնան միջպետական բանակցության առարկա։ Ի՞նչ ապագա ունի երկաթուղային կոնցեսիան, եթե Հայաստանը կառուցում է հաղորդակցությունների նոր աշխարհագրություն։ Եվ ամենակարևորը՝ Ռուսաստանն ինչպիսի՞ Հայաստան է պատրաստ ընդունել իր հարավում՝ ինքնիշխան գործընկե՞ր, թե՞ երկիր, որի արտաքին քաղաքական ազատությունն ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում են Ռուսաստանի նախասիրությունները։ Հայ-ռուսական հարաբերությունների հին պայմանագիրը սպառվել է։ Դրա տրամաբանությունը պարզ էր՝ Հայաստանը սահմանափակում էր իր ռազմավարական ինքնուրույնության մի մասը՝ ռուսական անվտանգության երաշխիքի դիմաց։ 2021-2023 թվականների իրադարձությունները այդ պայմանագրի հիմքը կոտրեցին։ Եթե անվտանգության երաշխիքը չի աշխատում, կախվածությունը կորցնում է իր հիմնավորումը։ Այժմ երկու երկրներին անհրաժեշտ է ոչ թե հին հարաբերությունների վերականգնում, այլ նոր հարաբերության կառուցում։ Ավելի քիչ հիերարխիա։ Ավելի շատ պայմանագիր։ Ավելի քիչ անձնական հավատարմություն։ Ավելի շատ փոխադարձ շահ։ Ռուսաստանը պետք է սովորի հարաբերություններ ունենալ Հայաստանի հետ՝ առանց այն ազդեցության գոտի համարելու։ Հայաստանը՝ Ռուսաստանի հետ հարաբերություններ պահպանել՝ առանց դրանք սեփական ինքնիշխանության սահմանափակման վերածելու։ Դա ավելի բարդ հարաբերություն կլինի։ Բայց նաև ավելի հասուն։ Որովհետև պետությունների իրական գործընկերությունը սկսվում է այնտեղ, որտեղ ավարտվում է մեկը մյուսի նկատմամբ սեփականության զգացումը։ Պուտինի հեռագիրը Քոչարյանին այդ պատճառով ընդամենը ծննդյան շնորհավորանք չէ։ Այն հին հարաբերությունների մոդելի հիշեցում է։ Իսկ Բիշքեկում Հայաստանի առաջ դրված հարցն ավելի մեծ է։ Կարո՞ղ է Ռուսաստանը ընդունել Հայաստանը որպես գործընկեր, եթե Հայաստանի բանալիներն այլևս Մոսկվայում չեն պահվում։



