Ադրբեջանը հավելյալ «բարդություն» է ստեղծում

Նախօրեին Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանը, իսկ օգոստոսի 30-ին նախագահի արտաքին քաղաքան հարցերով Հիքմեթ Հաջիևը անդրադարձել են ղարաբաղյան առաջին պատերազմի կամ ինչպես Հաջիևն է ձևակերպել՝ «նախկին հակամարտության ընթացքում անհայտ կորած ադրբեջանցիների ճակատագիրը պարզելու» հարցին։ Բնականաբար, նախաձեռնությունը բաց չի թողել նաև մամուլը։ Իշխանական minval politika-ն, մասնավորապես, գրել է․ «Հազիվ թե պարզաբանելու հարկ կա, որ հազարավոր ադրբեջանցիների հոգեկան տանջանքների համար անմիջական պատասխանատվություն կրում են ինչպես Հայաստանի նախկին հանցավոր ղեկավարությունը, այնպես էլ այսօրվա «խաղաղասերները»։ Չէ՞ որ հայ-ադրբեջանական հակամարտության ավարտից հետո, երբ Երեւանը խոսում է խաղաղության մասին, ոչինչ չի խանգարում, որպեսզի հայկական կողմը անհայտ կորածների մասին մանրամասն տեղեկություն տա, բայց նման քայլ մենք չենք տեսնում»։ Սա արդեն, կարելի է ասել, ամենևն էլ խաղաղության մասին խոսույթ չէ, թեև Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանը և նախագահի օգնական Հաջիևը փորձել են հնարավորինս «ականջահաճո ձևակերպումներ» ընտրել, ինչը, կարծես, ցուցված է նաև մամուլին։ Բայց խնդիրը ներկայացնել այնպես, որ ղարաբաղյան առաջին պատերազմում «հազարավոր ադրբեջանցիներ գերավարվել են, ոմանց հաջողվել է տուն վերադառնալ, մինչդեռ 4010 մարդու ճակատագիր մնում է անհայտ, և նրանց ընտանիքները ճշմարտությունը իմանալու իրավունք ունեն, որքան էլ այն դառը լինի»,- նշանակում է բացառապես մարդասիրական խնդիրը փոխակերպել անհիման մեղադրանքի։ Ադրբեջանը անհայտ կորած անձանց ճակատագիրը «պարեզելու» մասին սկսել է խոսել քառասունչորսօրյա պատերազմից հետո։ Ավելի քան քառորդ դար տևած բանակցային գործընթացում Բաքուն երբեք այդ թեման չի շոշափել։ Դա ինքնին վկայում է, որ ներկա խոսույթը մարդասիրական չէ։ Երկրորդ, ոչ մի աղբյուր չի մասնավորեցրել, թե այդ կարգի անձանցից քանի՞սն է զինվորական, քանի՞սը՝ «քաղաքացիական»։ Երրորդ, ղարաբաղյան առաջին պատերազմը դադարել է 1994 թ․ մայիսի 12-ի հրադադարի համաձայնությամբ, որի լիիրավ կողմ է Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակը։ Հայաստանի տարածքում ռազմական գործողություններ չեն ընթացել։ Ադրբեջանական բաց աղբյուրները բազմիցս վկայել են, որ 1994թ․ հունվար-փետրվար ամիսներին Քելբաջարի ուղղությամբ մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական բանակը ունեցել է «մոտ երկու հազար սպանված»։ Այդ զոհերի մարմինները չեն տարհանվել։ Այս ֆոնին Հայաստանից «անհայտ կորածների մասին մանրամասն տեղեկություն» ակնկալել, ինչը հրապարակայնացրել է Բաքուն, նշանակում է ոչ թե մարդկային ճակատագրեր պարզելու «մտահոգություն», այլ խաղաղության ինստիտուցիոնալացման գործընթացին ևս մի բարդություն հավելել։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 12061

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով