ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նկատմամբ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք իրականացվող քրեաիրավական հետապնդումներին և դրանց դրսևորումներին երկրի ներսում քաղաքական տարբեր գնահատականներ են տրվում: Բայց հիմա դրա մասին չէ, որ ցանկանում ենք խոսել, այլ, որ Ադրբեջանի նախագահ Ալիևը նրանց վերագրվող «ռազմական հանցագործությունների» հարցը նույն հարթության մեջ է դիտարկում և պահանջում է դրանց իրավական գնահատականը, իհարկե, առաջին հերթին չմոռանալով «Խոջալուի ցեղասպանության» մասին: Բազմիցս գրել ենք՝ այս հարցը Բաքվի պետական քաղաքական օրակարգի կարևոր բաղադրիչ է, և, որ Ադրբեջանի կողմից «Խոջալուի ցեղասպանության» համար մեղավոր համարվող անձանց պատասխանատվության ենթարկելու պահանջը դեռ երկար է մնալու Ալիևի քաղաքական օրակարգում, ինչի վկայությունը 44-օրյա պատերազմից հետո կառուցված հուշահամալիրն է: «Այո, այսօր Հայաստանում Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նկատմամբ քրեական գործեր են հարուցվել, սակայն խոսքը կոռուպցիայի և այլ հանցագործությունների մասին է, որոնք անմիջականորեն կապված չեն Ղարաբաղյան հակամարտության ժամանակաշրջանի ռազմական հանցագործությունների հետ։ Միևնույն ժամանակ նրանց կողմից մարդկության դեմ և ռազմական հանցագործությունների համար հնարավոր պատասխանատվության հարցը շարունակում է մնալ առանց պատշաճ իրավական գնահատականի: Եվ խոսքը միայն նախկին նախագահների մասին չէ։ Հայաստանում մինչ օրս ազատության մեջ են մի շարք անձինք, որոնց ադրբեջանական կողմը մեղադրում է ռազմական հանցագործություններին առնչություն ունենալու մեջ, այդ թվում՝ Սեյրան Օհանյանին, Մանվել Եղիազարյանին և այլոց»,- գրել է minval.az -ը` հավելելով, որ խաղաղության գործընթացը և պատերազմական հանցագործությունների հնարավոր պատասխանատվության հարցը հակադրության մեջ չեն: Բալկաններում տեղի ունեցած պատերազմներին առնչվող՝ ՄԱԿ-ի կողմից ստեղծվեց տրիբունալ, և ռազմական հանցագործությունների մեջ մեղադրվող անձինք ձերբակալվեցին, կանգնեցին դատարանի առաջ և դատապարտվեցին ազատազրկման։ Նրանց թվում էին՝ Ռատկո Մլադիչը, Միլան Մարտիչը, Միլան Բաբիչը և այլք։ Եվրոպան այս գործընթացի շրջանակում գործը հասցրեց մինչև վերջ։ Միջազգային հանրությունը ելնում էր այն սկզբունքից, որ խաղաղ բնակչության դեմ կատարված հանցագործությունները չպետք է անպատիժ մնան, իսկ մեղադրյալի քաղաքական կարգավիճակը չի կարող նրա համար որպես պաշտպանություն ծառայել։ Այստեղ տրամաբանական հարց է առաջանում ․ ինչո՞ւ Ղարաբաղի դեպքում նման մոտեցում չկիրառվեց»,- պնդում է Բաքվի քարոզչամեքենան: Ի դեպ, այստեղ մի դրվագ էլ կա. նույն minval.az-ը Ռոբերտ Քոչարյանին Պուտինի ծննդյան օրվա առթիվ շնորհավորական խոսքին արձագանքել էր հետևյալ կերպ՝ «Պուտինը շնորհավորել է «Խոջալուի ցեղասպանության» մեղսակցի ծննդյան օրը»: Այս ձևակերպման մեջ, ըստ էության, այլ մեսիջ էլ կա թաքնված. 2025 թվականին ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանը պահանջել էր ռուսական կողմից «արդար գնահատական» տալ Խոջալուի իրադարձություններին, և չհասնելով ցանկալի արդյունքի, ավելի ուշ Բաքվի քարոզչամեքենան փորձել էր նաև ռուսական հետք գտնել «Խոջալուի ցեղասպանության» մեջ: Իսկ այս համատեքստում Սերժ Սարգսյանի հետ կապված Բաքուն մշտապես հիշում է Թոմաս Դը Վաալի «Սև այգի» գրքի մասին և հատկապես անդրադառնում «Խոջալուի դեպքերին»՝ հղում անելով ՀՀ երրորդ նախագահի մի հայտարարությանը, որի մասին ադրբեջանական կողմը հիշել էր նաև Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարության դեմ «դատական» նիստերից մեկի ժամանակ: Մասնավորապես, որպես ապացույց ներկայացվել էր 2000 թվականի դեկտեմբերին նրա՝ Թոմաս Վաալին տված հարցազրույցից մի հատված, որը, մի առիթով գրել ենք, որ տեղ էր գտել նաև Վաալի «Սև այգի» գրքում, և որն ադրբեջանական քարոզչության համար «համեղ պատառ» էր դարձել, քանի որ այն աղավաղված էր ներկայացվել: Այսինքն, Խոջալուի մասին Սերժ Սարգսյանի խոսքերը Թոմաս դե Վաալը ենթատեքստից դուրս է մեջբերել և այս մոտեցումը հետագայում չի վերանայել: Բնականաբար, չի հիշատակվում ադրբեջանցի լրագրող Չինգիզ Մուստաֆաևի (մահացել է 1992-ին) հետաքննությունը՝ կապված Խոջալուի դեպքերի հետ, նաև այլ ակնհայտ փաստեր, որոնք հակադրվում են Բաքվի առաջ քաշած թեզերի հետ: Բայց այստեղ տրամաբանական հարց է ծագում: Ալիևը, որն արդեն 2020 թվականի 44-օրյա պատերազմի օրերին վերագրվող «Գյանջայի դեպքերը» ևս դարձրել է պետական քաղաքականության կարևոր բաղադրիչ, հուշահամալիր կառուցել, և ժամանակ առ ժամանակ պահանջում է մեղավորներին պատասխանատվության ենթարկել, արդյո՞ք ինչպես ՀՀ նախկին նախագահներին, Նիկոլ Փաշինյանին ևս համարում է «ռազմական հանցագործ», կամ՝ ինչո՞ւ չի համարում, եթե այդ թվում Բաքվի «դատավարության» ժամանակ ներկայացված փաստերն ու ցուցմունքները համապատասխանում են իրականությանը: Այսինքն, հարկ է պարզել՝ ո՞վ պիտի պատասխան տա սրա համար՝ ըստ Ալիևի և Գյանջայում ծնված Հիքմեթ Հաջիևի, որոնք չեն պատրաստվում այս էջը փակել և արդարադատություն են պահանջում, արդյո՞ք այս թեման երբևէ քննարկման առարկա դարձել է, հատկապես, երբ Ալիևը տարիներ առաջ Փաշինյանից պահանջել էր հետաքննել այս դեպքերը և մեղավորներին պատժել: Նշենք, որ Բաքվի «դատավարության» ժամանակ հիմնական սլաքն ուղղվում էր 44-օրյայի ժամանակ պաշտոնավարած ՀՀ ռազմական ղեկավարությանը: Եվ նաև հենց այս համատեքստում է, որ Բաքվում պահվող գեներալ Դավիթ Մանուկյանի հարցադրումները ՝ Փաշինյանին ուղղված, դառնում են տրամաբանական: «Ադրբեջանի Քր. օրենսգրքի 100.1, 100.2 հոդվածներով մեզ մեղադրանք է առաջադրվել 2020 թվականի սեպտեմբերին «ագրեսիվ պատերազմ պլանավորելու, նախապատրաստելու և սանձազերծելու կամ վարելու» ձևակերպումով՝ չնայած մեր բերած բոլոր անհերքելի ապացույցներին և փաստերին։ Ավելին, այն տեղի է ունեցել միջազգային հանրության բաց տեսադաշտում: Բայցևայնպես, Դուք եք եղել այդ ժամանակ ՀՀ վարչապետը և գերագույն հրամանատարը, իսկ պատերազմի պլանավորումը սկսում է հենց այդ օղակից: Հորդորում եմ կոնկրետ այդ մեղադրանքների մասով հանրային դիրքորոշում ներկայացնել, չարձագանքելու դեպքում կնշանակի՝ համաձայն եք կեղծ մեղադրանքներին՝ դրանով մեղսակից դարձնելով ոչ միայն Ձեզ, այլև ողջ հայ ժողովրդին»,- Բաքվից փոխանցված ձայնագրության մեջ նշել էր գեներալը: Դավիթ Մանուկյանի հարցադրումները կարող ենք տվյալ դեպքում վերափոխել. եթե Բաքուն պահանջում է պատասխանատվության ենթարկել 1990-ականների Ղարաբաղյան պատերազմի դեպքերի համար մեղավոր համարվող անձանց, ապա նույն տրամաբանության շրջանակում ո՞վ է պատասխանատու 2020 թվականի պատերազմի ընթացքում «Գյանջայի դեպքերի» համար, որոնց վերաբերյալ հենց Ադրբեջանի ղեկավարությունը տարիներ շարունակ պահանջում է իրավական գնահատական: Ի դեպ, օրերս Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է



