Հայաստանը հայտարարել է եվրոպական ընտրության մասին։ Հիմա սկսվում է շատ ավելի դժվար փուլը՝ այդ ընտրությունը թվերի, ժամկետների և պետական որոշումների վերածելը։ Եվրամիությունը մոտ 450 միլիոն սպառողի և ավելի քան 17 տրիլիոն եվրոյի տնտեսություն ունեցող շուկա է։ ԵԱՏՄ-ն՝ մոտ 180 միլիոն մարդ։ Բայց Հայաստանի առևտրի, էներգետիկայի և ենթակառուցվածքների զգալի մասը դեռ կապված է Ռուսաստանի հետ։ Գազը գալիս է Ռուսաստանից, երկաթուղին կառավարում է ռուսական ընկերությունը, Հայաստանը շարունակում է մնալ ԵԱՏՄ և ՀԱՊԿ անդամ, իսկ ռուսական շուկայի սահմանափակումները վերջին ամիսներին արդեն հասել են հայկական մրգին, բանջարեղենին, ծաղկին, ձկնամթերքին և կաթնամթերքին։ Այսինքն՝ քաղաքական ուղղությունը փոխվում է ավելի արագ, քան տնտեսական ենթակառուցվածքը։ Հենց սա է Հայաստանի առաջիկա տարիների հիմնական խնդիրը։ Եվրամիության անդամակցության հայտ ներկայացնելը մեկ օրում հնարավոր քաղաքական որոշում է։ Բայց անդամակցության համար պետք է 27 պետությունների համաձայնություն, հազարավոր էջերի եվրոպական օրենսդրության ընդունում և ամբողջ տնտեսության համապատասխանեցում։ Իսկ ԵԱՏՄ մաքսային միությունից դուրս գալը նշանակում է արդեն հաջորդ օրը պատասխանել շատ կոնկրետ հարցերի՝ ինչ ռեժիմով ենք առևտուր անում Ռուսաստանի հետ, երբ ենք բանակցում Եվրամիության հետ ազատ առևտրի մասին, ով և որքան է փոխհատուցում անցումային կորուստները և ինչ է կատարվում, եթե այդ ընթացքում թանկանում է նաև ռուսական գազը։ Միաժամանակ Հայաստանի շուրջ բացվում է բոլորովին նոր տնտեսական աշխարհագրություն։ TRIPP, Հայաստան–Թուրքիա սահման, հնարավոր երկաթուղային կապ, Հայաստան–Ադրբեջան առևտրի սկիզբ։ Արարատ Միրզոյանն արդեն հայտարարում է, որ ադրբեջանական ընկերությունները հայկական ապրանք են գնել, իսկ Ռուսաստանից ազդակ կա դեպի Թուրքիա և Ադրբեջան տանող հայկական երկաթուղու վերականգնման շուրջ բանակցելու պատրաստակամության մասին։ Այս ֆոնին Փաշինյանն այսօր հանդիպում է Պուտինին։ Մոսկվան սեղանին դնում է Եվրամիություն–ԵԱՏՄ ընտրությունը և Հայաստանում ընդդիմադիրների ձերբակալությունները։ Երևանն ունի իր հաշիվը՝ ռուսական առևտրային սահմանափակումներ, երկաթուղի, ատոմակայան, գազ և Հայաստանի եվրոպական ընտրության նկատմամբ ռուսական ճնշում։ Հետևաբար հարցն այլևս այն չէ՝ Եվրոպա՞, թե Ռուսաստան։ Դա չափազանց պարզունակ հարց է։ Իրական հարցն այն է՝ Հայաստանն ունի՞ արդեն հաշվարկված ճանապարհ՝ ռուսական համակարգից կախվածությունը նվազեցնելու և եվրոպական համակարգ մտնելու միջև ընկած ամենավտանգավոր տարիներն անցնելու համար։ Թեմայի շուրջ զրուցել ենք ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արման Եղոյանի հետ։



