Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան ողջունում է ռուս-ուկրաինական կարգավորման ուղղությամբ բոլոր երկրների ջանքերը, սակայն, ըստ Կրեմլի խոսնակի, Կիևը դեռևս պատրաստ չէ լսել միջնորդներին: «Նախագահ Պուտինը խոսել է այն մասին, որ եթե Զելենսկին ցանկանում է բանակցություններ, նա կարող է գալ Մոսկվա։ Բայց եթե խոսքը վերաբերում է եռակողմ գագաթնաժողովին, ապա այն անհրաժեշտ է միայն ինչ-որ պայմանավորվածություններ վերջնական տեսքի բերելու համար։ Իսկ բուն պայմանավորվածությունները, անշուշտ, պետք է նախապատրաստել շատ բարդ բանակցությունների ընթացքում… Ոչինչ չի փոխվել»,-հայտարարել է Պեսկովը։ Իր հերթին Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Վլադիմիր Պուտինը տրամադրված չէ ավարտելու պատերազմը: «Ցավոք, այս պահին հետախուզական տվյալները, Ռուսաստանից ստացվող ազդանշանները վկայում են, որ կարգավորումը մոտ չէ»,- ասել էր նա՝ հավելելով, որ սեպտեմբերը կարող է բեկումնային դառնալ: Նաև տեղեկացրել է, որ կառուցողական բանակցություններ է վարել Դոնալդ Թրամփի ներկայացուցիչների հետ, հայտնել, որ ռուսական ուժերը չնչին ձեռքբերումներ և մեծ կորուստներ ունեն մարտի դաշտում: Սպիտակ տան բանագնացներն առաջիկայում, հնարավոր է, մեկնեն Կիև:



