Հայաստանի նորագույն պատմության ամենահետաքրքիր առեղծվածներից մեկը կարելի է ձևակերպել շատ պարզ։ Եթե նախկին համակարգը կոռումպացված էր, ապա ովքե՞ր էին կոռուպցիոներները։ Ոչ Ռոբերտ Քոչարյանը։ Ոչ Սերժ Սարգսյանը։ Ոչ Գագիկ Խաչատրյանը։ Ոչ Հովիկ Աբրահամյանը։ Ոչ Տարոն Մարգարյանը։ Ոչ Սեյրան Օհանյանը։ Ոչ էլ համակարգի մյուս առանցքային ներկայացուցիչները՝ եթե հավատանք նրանց և նրանց պաշտպանների բացատրություններին։ Մեկը հաջողակ ընտանիք ուներ։ Մյուսի երեխաները տաղանդավոր գործարարներ էին։ Երրորդը բարերար էր։ Չորրորդը՝ ազգային գործիչ։ Հինգերորդը՝ պատերազմի հերոս։ Բոլորն ունեն բացատրություն։ Միայն կոռուպցիան չունի հասցե։ Սա հայկական քաղաքական մշակույթի ամենակատարյալ պարադոքսներից է՝ կոռուպցիան բոլորը ճանաչում են, բայց կոռուպցիոներ գրեթե չկա ։ Հարցնում ես՝ պետական պաշտոնյայի օրինական եկամուտներով ինչպե՞ս է գոյացել միլիոնավոր դոլարների ունեցվածքը։ Պատասխանը հաճախ ոչ թե հաշվապահական է, այլ կենսագրական՝ ծառայել եմ հայրենիքին, պատերազմ եմ անցել, բարեգործություն եմ արել։ Բայց հերոսությունը եկամտի աղբյուր չէ։ Բարեգործությունն էլ՝ ունեցվածքի ծագման վկայական։ Ժամանակակից պետությունը հենց այս պարզ տարբերությունների վրա է կառուցված։ Այն չի հարցնում՝ լավ մարդ ե՞ս։ Հարցնում է՝ որտեղի՞ց է ունեցվածքը։ Չի հարցնում՝ հայրենասե՞ր ես։ Հարցնում է՝ օրենքը պահե՞լ ես։ Հանրապետությունը սկսվում է այնտեղ, որտեղ կենսագրությունը դադարում է հաշվապահությանը փոխարինելուց։ Հայաստանի հետխորհրդային համակարգը, սակայն, ստեղծեց ճիշտ հակառակ մշակույթը։ Այն ոչ միայն սեփականության և իշխանության սահմանները խառնեց, այլ յուրաքանչյուր արտոնության համար ստեղծեց բարոյական արդարացում։ Ասում էիր՝ ինչո՞ւ չկառուցեցիք մրցունակ տնտեսություն։ Պատասխանում էին՝ Արցախ էինք պահում։ Ինչո՞ւ էր բնակչությունը նվազում ։ Արցախ էինք պահում։ Ինչո՞ւ էր աղքատությունն ավելանում, ինստիտուտները՝ թուլանում, տնտեսական հնարավորությունները՝ սահմանափակվում։ Արցախ էինք պահում։ Այսպիսով Ղարաբաղյան հակամարտությունը անվտանգության խնդիր լինելուց աստիճանաբար դարձավ նաև ներքին կառավարման համընդհանուր արդարացում։ Սա հատկապես ողբերգական է այսօր, որովհետև պատմությունն արդեն տվել է այդ քաղաքականության վերջնական քննությունը։ Պետությունը չի կարող երկարաժամկետ տարածքային կամ անվտանգության խնդիր լուծել միայն հայրենասիրությունից դրդված։ Դրա համար անհրաժեշտ են տնտեսություն, ժողովրդագրություն, տեխնոլոգիա, դիվանագիտություն, կրթություն և ժամանակակից բանակ։ Պատերազմները միայն խրամատներում չեն պարտվում։ Դրանք երբեմն պարտվում են տասնամյակներ առաջ՝ դատարկվող գյուղերում, արտագաղթի հերթերում, վատ դպրոցներում, մենաշնորհային տնտեսության մեջ և պետական բյուջեի հաշվին կուտակվող մասնավոր կարողությունների մեջ Այստեղ է հայկական «ազգային քաղաքականության» մեծ հակասությունը։ Եթե իսկապես Արցախն էր առաջնահերթությունը, ապա Հայաստանը պետք է դառնար տարածաշրջանի ամենաարդյունավետ պետություններից մեկը։ Որովհետև Արցախ պահելու համար անհրաժեշտ էր ոչ թե ավելի շատ կենաց ասել Արցախի մասին, այլ ավելի շատ մարդ ունենալ Հայաստանում և Արցախում։ Ավելի մեծ տնտեսություն։ Ավելի մրցունակ բանակ։ Ավելի բարձր տեխնոլոգիական կարողություն։ Ավելի վստահելի պետություն։ Ժողովրդագրությունը հայրենասիրության հակառակորդը չէր։ Այն հայրենասիրության մաթեմատիկան էր։ Տնտեսությունը նույնպես։ Պատմության մեջ փոքր պետությունները գոյատևել են ոչ թե որովհետև ամենաբարձրն են հայտարարել իրենց պատմական իրավունքները, այլ որովհետև կարողացել են իրենց սահմանափակ ռեսուրսները վերածել անհամաչափ պետական կարողության։ Իսրայելի անվտանգությունը հնարավոր չէր լինի առանց նրա տեխնոլոգիական և տնտեսական կարողության։ Ֆինլանդիայի դիմադրունակությունը միայն ազգային ոգու արդյունք չէր. դրա հետևում կանգնած էին կրթություն, ինստիտուտներ և արդյունավետ պետություն։ Հարավային Կորեան պատերազմից ավերված երկրից անվտանգային դերակատար դարձավ առաջին հերթին տնտեսական վերափոխման միջոցով։ Փոքր պետության աշխարհաքաղաքականությունը վերջիվերջո թվաբանություն է։ Եթե բնակչությունը նվազում է, տնտեսությունը հետ է մնում, իսկ հակառակորդի նյութական հնարավորությունները մեծանում են, ժամանակը աշխատում է ոչ թե քեզ համար, այլ քո դեմ։ Հայաստանում այդ պարզ ճշմարտությունը երկար տարիներ փոխարինվեց գաղափարական հավաստիացումներով։ Նույն մեխանիզմն աշխատում էր նաև քաղաքականության ներսում։ Հարցնում էիր՝ ինչո՞ւ էին ընտրությունները պարբերաբար ուղեկցվում կեղծիքների և ճնշումների մեղադրանքներով։ Պատասխանն ըստ էության նույնն էր՝ որովհետև իշխանության կարող էին գալ վտանգավոր ուժեր։ Հարցնում էիր՝ ինչո՞ւ 2008 թվականի մարտի 1-ին քաղաքական ճգնաժամը հանգեցրեց տասը մարդու մահվան։ Պատասխանը տեղափոխվում էր ընդդիմության դաշտ։ Եվ այսպես ձևավորվեց մի ամբողջ քաղաքական փիլիսոփայություն՝ իշխանությունն իրավունք ունի խախտելու կանոնները, եթե համոզված է, որ ինքն է պետությունը փրկող ուժը ։ Սա արդեն կոռուպցիայից ավելի մեծ խնդիր է։ Որովհետև այստեղ սեփական շահը սկսում է ներկայանալ որպես ազգային շահ։ Հարստությունը՝ որպես ծառայության բնական պարգև։ Իշխանության պահպանումը՝ որպես հայրենիքի պաշտպանություն։ Իսկ ընդդիմությունը՝ որպես վտանգ, որի գոյությունն ինքնին արդարացնում է իշխանության գործելակերպը։ Այս տրամաբանության վերջնակետը գրեթե զավեշտալի է։ Պարզվում է՝ նախկին համակարգի խնդիրը ոչ թե այն էր, որ Հայաստանում թույլ ինստիտուտներ էին ձևավորվել, քաղաքականությունն ու խոշոր սեփականությունը սերտաճել էին, ընտրական գործընթացների նկատմամբ հանրային վստահությունը ցածր էր, իսկ իշխանության փոխանցումը՝ մշտական ճգնաժամի աղբյուր։ Խնդիրը ընդդիմությունն էր։ Եթե ընդդիմությունը չլիներ, ընտրություններ կեղծելու անհրաժեշտություն չէր լինի։ Եթե քաղաքացիները չբողոքեին, նրանց դեմ ուժ կիրառելու խնդիր չէր առաջանա։ Եթե լրագրողները չհարցնեին ունեցվածքի մասին, ոչ ոք ստիպված չէր լինի բացատրել միլիոնների ծագումը։ Հին ավտորիտար համակարգերը միշտ այսպիսի տրամաբանություն ունեն։ Հայելին մեղավոր է, որովհետև վատ պատկեր է ցույց տալիս։ Բայց պետությունները չեն առողջանում հայելին կոտրելով։ Նրանք առողջանում են, երբ սկսում են պատասխանել այն հարցերին, որոնք հայելին առաջ է բերում։ Հետևաբար այսօր ապօրինի ծագում ունեցող գույքի, նախկին պաշտոնյաների ունեցվածքի կամ անցյալի քաղաքական պատասխանատվության շուրջ ցանկացած գործընթաց պետք է ազատել վրեժխնդրության լեզվից։ Հարցը շատ ավելի պարզ է։ Եթե ունեցվածքն օրինական է՝ պետությունը պարտավոր է դա ընդունել։ Եթե մեղադրանքը չի ապացուցվում՝ մարդը մեղավոր չէ։ Եթե դատավարությունը քաղաքական է՝ այն ինքնին վնասում է պետությանը։ Բայց եթե կան անհամապատասխանություններ, պետությունն իրավունք ունի հարցնել դրանց մասին՝ անկախ նախկին պաշտոնից, հերոսական կենսագրությունից, կուսակցությունից կամ բարեգործությունից։ Որովհետև իրավական պետությունում հայրենասիրությունը անձեռնմխելիության վկայական չէ։ Եվ ազգային ծառայությունը չի կարող լինել ֆինանսական հաշվետվության փոխարեն։ Հայաստանին անհրաժեշտ է վերջապես լուծել իր հետխորհրդային ամենատարօրինակ առեղծվածը։ Չի կարող տասնամյակներով լինել համատարած կոռուպցիա՝ առանց կոռուպցիայի պատասխանատուների։ Չի կարող լինել կեղծված համակարգ՝ առանց համակարգը կառուցողների։ Չի կարող լինել պետության զավթում՝ առանց այն զավթողների։ Եվ չի կարող յուրաքանչյուր կոնկրետ դեպքում պատասխանը լինել՝ հերոս էր, բարերար էր, երեխաներն էին հաջողակ, ընդդիմությունն էր մեղավոր, իսկ մնացած ամեն ինչ արվել էր հանուն Արցախի։ Պատմությունը նման հաշվապահություն չի ընդունում։ Վերջում այն մի շատ պարզ հարց է տալիս։ Եթե բոլորը փրկում էին պետությունը, ապա ո՞վ էր այն քայքայում։



