Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողներն օգոստոսի 31-ին իրացրել են մաքսանենգ ճանապարհով ներկրված թմրանյութ ձեռք բերելու, պահելու և իրացնելու վերաբերյալ ստացված օպերատիվ տեղեկությունը։ ՀՀ ՆԳ նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ համագործակցելով մայրաքաղաքի պարեկների հետ՝ քրեական ոստիկանները Երևանի Ռուբինյանց փողոցում ձերբակալել են երեք երիտասարդի և մեքենայով հանդերձ տեղափոխել Համայնքային ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին։ «Չանգան» մակնիշի մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք և կնիքվել։Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված խուզարկությամբ՝ մեքենայում հայտնաբերվել է մոտ 10 կիլոգրամ մարիխուանայի նմանվող զանգված։ Նախաքննությունը շարունակվում է։



