Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) երկրների ղեկավարները գագաթնաժողովի ընթացքում ստորագրել են ՇՀԿ-ի 25-ամյակի կապակցությամբ ընդունված Բիշքեկի հռչակագիրը, ինչպես նաև գրեթե երեք տասնյակ այլ փաստաթուղթ: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով գագաթնաժողովի կազմկոմիտեին։ Հռչակագրում, որը հրապարակվել է Կրեմլի կայքում, ի թիվս այլ հարցերի, ՇՀԿ անդամ պետություններն աջակցություն են հայտնում Իրանի ինքնիշխանությանը և հանդես են գալիս հակամարտության կարգավորման դիվանագիտական մեթոդների օգտին: Բացի հռչակագրից, ստորագրվել է ևս 27 փաստաթուղթ, այդ թվում՝ ՇՀԿ անդամ պետությունների անվտանգության մարտահրավերների և սպառնալիքների հակազդման ունիվերսալ կենտրոնի կանոնակարգը և կազմակերպության անդամ պետություններում նավահանգիստների և լոգիստիկ կենտրոնների 2026-2030 թվականների զարգացման գործողությունների պլանը: Նաև ստորագրվել են հանուն միջուկային և ֆիզիկական միջուկային անվտանգության և պաշտպանության բազմակողմ գործընկերության ամրապնդման հռչակագիրը, ՇՀԿ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի հայտարարությունն էներգետիկ համակարգերում փոխգործակցության զարգացման մասին և ՇՀԿ «Կանաչ տեխնոլոգիական միջանցքի» ստեղծման շուրջ համագործակցության 2026-2030 թվականների ծրագիրը: ՇՀԿ-ի գագաթնաժողովի արդյունքներով ընդունված փաստաթղթերի թվում է կազմակերպության 2002 թվականի հունիսի 7-ի խարտիայում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին արձանագրությունը։ Մասնավորապես, հավանություն են տրվել մինչև 2030 թվականը թմրամոլության դեմ պայքարի գծով փոխգործակցության ծրագրին, մինչև 2030 թվականն ընկած ժամանակահավածում սինթետիկ թմրանյութերի և դրանց նախորդող տարրերի տարածման դեմ պայքարի միջոցառումների համակարգման համագործակցության ծրագրին, ՇՀԿ-ի կենսաբազմազանության պահպանման և կայուն կառավարման նախաձեռնությանը և այլ ծրագրերի:



