Ցորենի աշխարհաքաղաքականությունը

Պետության անկախությունը երբեմն չափվում է ոչ թե սահմանադրությամբ կամ բանակի թվաքանակով, այլ շատ ավելի պարզ հարցով՝ որտեղի՞ց է գալիս նրա հացը։ Հայաստանում սպառվող ներմուծվող ցորենի շուրջ 99 տոկոսը գալիս է Ռուսաստանից։ Այդ թիվը ինքնին բավական է խնդրի էությունը հասկանալու համար։ Երբ կենսական ապրանքի գրեթե ամբողջ ներմուծումը կախված է մեկ երկրից, առևտրային հարաբերությունն արդեն դառնում է ռազմավարական կախվածություն։ Հայաստանը ցորենի մատակարարման նոր հնարավորություններ է ուսումնասիրել Ղազախստանից, Ուկրաինայից, ԱՄՆ-ից, Կանադայից և այլ երկրներից, ՍիվիլՆեթին ասել է Էկոնոմիկայի նախարարի՝ գյուղատնտեսության գծով տեղակալ Արման Խոջոյանը, ինչը պետք է խոստովանել, որ Հայաստանի անվտանգության նոր տրամաբանության մաս են։ Պատմությունը վաղուց սովորեցրել է, որ հացահատիկը նույնքան աշխարհաքաղաքական ապրանք է, որքան նավթը։ Հռոմեական կայսրությունը գիտեր, որ մայրաքաղաքի կայունությունը կախված է Եգիպտոսի և Հյուսիսային Աֆրիկայի ցորենից։ Բրիտանական կայսրությունը ծովային ճանապարհները պաշտպանում էր ոչ միայն նավատորմի, այլ սննդամթերքի մատակարարումների համար։ Երկու համաշխարհային պատերազմներում հացահատիկային երթուղիները ռազմավարական նշանակություն ունեին։ Իսկ Ուկրաինայի պատերազմը կրկին հիշեցրեց աշխարհին, որ Սև ծովի նավահանգիստը երբեմն նույնքան կարևոր ռազմական օբյեկտ է, որքան օդանավակայանը։ Հացը խաղաղ ժամանակ ապրանք է։ Ճգնաժամի ժամանակ՝ իշխանություն։ Հայաստանի 99 տոկոսանոց ռուսական կախվածությունն առավել վտանգավոր է հենց այն պատճառով, որ երկար ժամանակ բնական է թվացել։ Ռուսաստանը մոտ է, մեծ արտադրող է, լոգիստիկան ձևավորված է, գինը՝ մրցունակ։ Շուկան արել է այն, ինչ շուկան սովորաբար անում է՝ ընտրել ամենաէժան և ամենահարմար ճանապարհը։ Բայց պետությունը չի կարող մտածել միայն շուկայի նման։ Ընկերությունը հարցնում է՝ որտեղի՞ց է ավելի էժան ցորենը։ Պետությունը պարտավոր է հարցնել նաև՝ իսկ եթե այդ ճանապարհը վաղը փակվի՞ ։ Վերջին տարիներին Հայաստանը բազմիցս տեսել է, թե որքան արագ կարող է Ռուսաստանի հետ առևտրային հարաբերության մեջ տեխնիկական կանոնը քաղաքական հետևանք ունենալ։ Բուսասանիտարական ստուգումները, սահմանային սահմանափակումները և ապրանքների մուտքի պարբերական խնդիրները ցույց են տվել մեկ աղբյուրից կախվածության իրական գինը։ Ցորենի դեպքում այդ գնի հետ փորձարկումներ անել հնարավոր չէ։ Հենց այստեղ է կառավարության նոր քաղաքականության արժեքը։ Ղազախական, ուկրաինական, ամերիկյան կամ կանադական ցորենը պարտադիր չէ վաղը ռուսականից ավելի էժան լինի։ Դիվերսիֆիկացիայի իմաստը դա չէ։ Այլընտրանքը պետք է գոյություն ունենա մինչև այն պահը, երբ դրա կարիքը կառաջանա։ Այլընտրանքը ստեղծում են ոչ թե ճգնաժամի պահին, այլ ճգնաժամից առաջ, սակայն այստեղ կա մի նրբություն։ Ղազախստանից ցորեն գնելը դեռ Ռուսաստանից անկախություն չէ, եթե գնացքը Հայաստան հասնելու համար անցնում է Ռուսաստանի տարածքով։ Մատակարարի դիվերսիֆիկացիան առանց երթուղու դիվերսիֆիկացիայի կիսատ լուծում է։ Հենց այդ պատճառով ցորենի խնդիրը միանում է Հայաստանի շատ ավելի մեծ աշխարհատնտեսական վերափոխմանը։ Թուրքիայի հետ սահմանի բացումը, հայ-թուրքական երկաթուղու վերագործարկումը, Հայաստան–Ադրբեջան հաղորդակցությունների ապաշրջափակումը, ԹՐԻՓ-ը, Սև ծովի նավահանգիստների օգտագործումը այլևս առանձին արտաքին քաղաքական նախագծեր չեն։ Դրանք Հայաստանի տնտեսական անվտանգության ենթակառուցվածքն են։ Եթե ուկրաինական կամ ռումինական ցորենը կարողանա Սև ծովով հասնել վրացական նավահանգիստ և այնտեղից Հայաստան, եթե ամերիկյան կամ կանադական հացահատիկի համար ստեղծվի տնտեսապես իրատեսական ծովային ճանապարհ, եթե Կենտրոնական Ասիայի բեռները Հայաստան հասնեն Ադրբեջանի տարածքով, իսկ եվրոպական շուկաները՝ Թուրքիայի երկաթուղով, ապա կփոխվի ոչ միայն ներմուծման քարտեզը։ Կփոխվի Հայաստանի արտաքին քաղաքականության նյութական հիմքը։ Փակ սահմաններով երկիրը գրեթե անխուսափելիորեն կախված երկիր է։ Յուրաքանչյուր նոր ճանապարհ փոքրացնում է այն պետության քաղաքական արժեքը, որն այսօր վերահսկում է հին ճանապարհը։ Սակայն Հայաստանի պարենային անվտանգությունը միայն ներմուծման աշխարհագրությամբ լուծելն էլ սխալ կլինի։ Երկրորդ ուղղությունն ավելի դժվար է՝ սեփական արտադրությունը։ Հայաստանում տարեկան արտադրվում է մոտ 140-150 հազար տոննա ցորեն, իսկ կառավարությունը ցանկանում է արտադրությունը կրկնապատկել։ Այստեղ հետաքրքիրն այն է, որ խնդիրը միայն հողի պակասը չէ։ Միջին բերքատվությունը շուրջ 2.3 տոննա է մեկ հեկտարից, մինչդեռ ժամանակակից սերմացու օգտագործող տնտեսություններում նույնիսկ անջրդի պայմաններում հնարավոր է մոտ 5 տոննա, իսկ ջրովի տարածքներում՝ զգալիորեն ավելին։ Տարբերությունը հողի մեջ չէ միայն։ Այն տեխնոլոգիայի, կառավարման և կազմակերպման մեջ է։ Կտրտված հողատարածքները, տասնյակ անգամներ վերարտադրված սերմացուն, հողի անալիզի անտեսումը և հնացած տեխնիկան գյուղատնտեսական խնդիրներ են թվում։ Իրականում դրանք պետական անվտանգության խնդիրներ են, երբ դրանց արդյունքում երկիրը ստիպված է իր հիմնական սննդամթերքը գրեթե ամբողջությամբ գնել մեկ արտաքին աղբյուրից։ Հայաստանը տարիներ շարունակ փորձել է պարենային անվտանգություն կառուցել՝ միաժամանակ բերքը թողնելով հին տեխնիկայի հետևում, ցածր բերքատվությամբ օգտագործելով հողը և բաց թողնելով արտադրողականության հնարավորությունները։ Այդ կորուստը հետո լրացվել է ներմուծմամբ։ Հիմնականում՝ Ռուսաստանից։ Ուստի իրական նպատակը չպետք է լինի ցորենի ինքնաբավության ռոմանտիկ գաղափարը։ Փոքր տնտեսությունների համար ամեն ինչ սեփական ուժերով արտադրելը ոչ միշտ է արդյունավետ և երբեմն նույնիսկ վտանգավոր է։ Պարենային անվտանգությունը ինքնաբավություն չէ։ Այն ընտրության կարողություն է։ Հայաստանը պետք է ունենա բավականաչափ սեփական արտադրություն՝ ճգնաժամային դիմադրունակության համար, բավականաչափ պետական պահուստ՝ ժամանակ շահելու համար և այնքան բազմազան արտաքին մատակարարներ ու երթուղիներ, որ որևէ երկիր չկարողանա հացահատիկը քաղաքական լծակի վերածել։ Սա նույն սկզբունքն է, որը Հայաստանը պետք է կիրառի գազի, վառելիքի, երկաթուղու, էլեկտրաէներգիայի և արտաքին առևտրի նկատմամբ։ Ոչ թե Ռուսաստանից հրաժարվել։ Այլ հրաժարվել այն համակարգից, որտեղ առանց Ռուսաստանի ընտրություն չկա ։ Հայաստանի եվրոպական շրջադարձի մասին հաճախ խոսում ենք արժեքների, անվտանգության և դիվանագիտության լեզվով։ Բայց աշխարհաքաղաքական շրջադարձը իրական է դառնում միայն այն ժամանակ, երբ փոխվում է նաև տնտեսության աշխարհագրությունը։ Երբ գնացքը կարող է գալ մի քանի ուղղությունից։ Երբ էներգիան ունի մի քանի աղբյուր։ Եվ երբ հացը կարող է հասնել մի քանի ճանապարհով։ Պետության ինքնիշխանությունը վերջիվերջո սկսվում է շատ պարզ բանից։ Ոչ ոք չպետք է կարողանա փակել քո հացի ճանապարհը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 12309

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով