ՌԴ-ն ցանկանում է ոչ թե սառեցնել, այլ դադարեցնել  Ուկրաինայի հետ հակամարտությունը. Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 1-ի երեկոյան Բիշքեկում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Ռուսաստանը ցանկանում է վերջ դնել Ուկրաինայի հետ հակամարտությանը։ Լրագրողների հետ հարցուպատասխանի սղագրությունը հրապարակել է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Մենք ցանկանում ենք ոչ թե ​​սառեցնել, այլ վերջ դնել պատերազմին և երկարատև, բացարձակ խաղաղության հասնել և՛ Ուկրաինայում, և՛ Եվրոպայում։ Եվ մենք պատրաստ ենք այս բանակցային գործընթացին բոլոր նրանց հետ, ովքեր ցանկանում են դա անել», – ասել է Պուտինը ՝ պատասխանելով Ղազախստանի նախագահի՝ շփման գծում հակամարտությունը սառեցնելու առաջարկի վերաբերյալ հարցին։ Պուտինը նշել է, որ Ռուսաստանի գործընկերներից ոչ ոք ճնշում չի գործադրում։ «Մեր ընկերների դիրքորոշումն այն է, որ բոլորը կողմ են այս հակամարտության հնարավորինս արագ ավարտին և ցանկալի է՝ խաղաղ ճանապարհով։ Մենք գիտենք այդ դիրքորոշումը, մենք շատ ենք հարգում այն, այն անկեղծ է, և մարդիկ մտածում են, թե ինչպես բարելավել իրադրությունը։ Ոչ ոք մեզ վրա ոչ կոռեկտ որևէ ճնշում չի գործադրում», – ասել է Պուտինը։ ՌԴ նախագահը նաև հայտարարել է, որ Ուկրաինան չի կարող իր հարվածներով կրիտիկական վնաս հասցնել Ռուսաստանին: Նա հավելել է, որ Ուկրաինայի տարածքում գտնվող ցանկացած ռազմական օբյեկտ, այդ թվում՝ բրիտանականները, եթե դրանք այնտեղ կան, ՌԴ զինված ուժերի օրինական թիրախ են։ «Ես կարող եմ ևս մեկ անգամ հաստատել՝ Ուկրաինայում գտնվող ցանկացած ռազմական օբյեկտ մեր օրինական թիրախն է՝ բրիտանականները, ցանկացածը», – ասել է նա։ Այն հարցին, թե արդյոք «Բրիտանիայի տարածքում գտնվող բրիտանական ռազմարդյունաբերական օբյեկտները» կարող են դառնալ ռազմական թիրախներ, Պուտինը պատասխանել է. «Դա գաղտնիք է, ռազմական գաղտնիք»։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 12231

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով