Սեպտեմբերի 3-ի վթարը

2013 թվականի սեպտեմբերի 3-ը Հայաստանի նորագույն պատմության ամենածանր քաղաքական ամսաթվերից մեկն է։ Այդ օրը Մոսկվայում Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանը միանալու է Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի Մաքսային միությանը։ Հայտարարությունն արվեց այն պահին, երբ Երևանը գրեթե երեք տարի բանակցել էր Եվրոպական միության հետ և արդեն ավարտել էր Ասոցացման համաձայնագրի, ներառյալ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու շուրջ բանակցությունները։ Հուլիսին բանակցություններն ավարտված էին։ Նոյեմբերին Վիլնյուսում փաստաթուղթը պետք է նախաստորագրվեր։ Սեպտեմբերի 3-ին այդ ճանապարհը փակվեց։ Հայաստանն ընտրեց ոչ այնքան տնտեսական միություն, որքան անվտանգության խոստում։ Փոքր, շրջափակված, Ադրբեջանի հետ չլուծված հակամարտություն ունեցող երկիրը հրաժարվեց եվրոպական տնտեսական ինտեգրման ավելի խոր ճանապարհից՝ մնալով Ռուսաստանի ռազմաքաղաքական համակարգում։ Որոշման տրամաբանությունը պարզ էր. տնտեսության մեջ կարելի է զիջել ինքնուրույնության մի մասը, եթե դրա դիմաց ստանում ես անվտանգություն։ Տասներեք տարի անց հնարավոր է ստուգել այդ գործարքի հաշվեկշիռը։ Անվտանգություն Հայաստանը չստացավ։ 2016 թվականի ապրիլին սկսվեց Քառօրյա պատերազմը՝ 1994-ի հրադադարից հետո ամենախոշոր ռազմական բախումը։ Ավելին՝ հայկական դիրքերի դեմ կիրառվում էր նաև ռուսական սպառազինություն։ Այդ օրերին Հայաստանի նախագահն անձամբ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևին դժգոհեց, որ Ադրբեջանը մարտերում լայնորեն օգտագործել է Ռուսաստանից գնված զենքը։ Հետագա ուսումնասիրությունները ևս արձանագրեցին, որ Մոսկվան Ադրբեջանի հիմնական սպառազինողներից էր։ Այսինքն՝ երեք տարի առաջ անվտանգության անվան տակ կատարված աշխարհաքաղաքական ընտրությունից հետո Հայաստանը պատերազմում հայտնվեց մի հակառակորդի դեմ, որին զինում էր նաև իր ռազմավարական դաշնակիցը։ Դրանից չորս տարի անց եկավ 2020-ը։ 44-օրյա պատերազմը ցույց տվեց արդեն ոչ թե առանձին սխալի, այլ ամբողջ անվտանգության ճարտարապետության սնանկությունը։ Հայաստանը տասնամյակներ շարունակ իր պաշտպանության հիմնական արտաքին հենարանը կառուցել էր մեկ կենտրոնի շուրջ։ Այդ համակարգը չկանխեց պատերազմը, չապահովեց այն զսպումը, որի համար Հայաստանը քաղաքական, տնտեսական և ռազմավարական կախվածության մեծ գին էր վճարել։ Սեպտեմբերի 3-ի իրական ողբերգությունը հենց այստեղ է։ Հայաստանը պարզապես չփոխեց տնտեսական ինտեգրման ուղղությունը։ Նա անվտանգության դիմաց սահմանափակեց իր ռազմավարական ընտրությունը, բայց խոստացված անվտանգությունը չստացավ ։ Սա վատ գործարք լինելուց ավելին էր։ Սա համակարգային վթար էր։ Դրա հետևանքները միայն անցյալում չեն։ 2013-ին Հայաստանը կարող էր հայտնվել Վրաստանի և Մոլդովայի հետ եվրոպական տնտեսական ինտեգրման նույն մեկնարկային հարթակում։ Փոխարենը 2015-ին դարձավ Եվրասիական տնտեսական միության անդամ։ Եվ այսօր հասել ենք գրեթե քաղաքական աբսուրդի. Հայաստանը շարունակում է մնալ մի տնտեսական միության անդամ, որի առանցքային պետությունը՝ Ռուսաստանը, պարբերաբար տնտեսական ճնշման գործիքներ է կիրառում Հայաստանի նկատմամբ։ Այս պատմության ամենակարևոր մասը, սակայն, Ռուսաստանը չէ։ Հայաստանն այսօր նորից գնում է դեպի Եվրոպա։ Եվ այստեղ 2013 թվականի սեպտեմբերի 3-ը դառնում է ոչ միայն հայկական հիշողության, այլև եվրոպական վստահության խնդիր։ Բրյուսելում ինստիտուցիոնալ հիշողություն կա։ Այնտեղ հիշում են, որ Հայաստանի հետ տարիներով բանակցել են, հարյուրավոր էջերի համաձայնեցված փաստաթուղթ են պատրաստել, բարեփոխումների ճանապարհային քարտեզներ մշակել, իսկ վերջում մեկ օրում ստացել են բոլորովին այլ որոշում։ Պետությունների հարաբերություններում վստահությունը նույնպես կապիտալ է։ Այն ավելի դժվար է կուտակվում, քան փողը և երբեմն ավելի արագ է կորչում, ուստի Հայաստանի եվրոպական քաղաքականության խնդիրը այսօր միայն նոր համաձայնագրեր ստորագրելը չէ։ Պետք է ապացուցել, որ 2013-ը կրկնվելու ենթակա մոդել չէ ։ Որ եվրոպական ուղղությունը հերթական աշխարհաքաղաքական մանևրը չէ՝ մինչև Մոսկվայի հաջորդ ճնշումը։ Որ այն պետական ընտրություն է՝ հիմնված Հայաստանի տնտեսական արդիականացման, ինքնիշխանության, ժողովրդավարության և անվտանգության երկարաժամկետ հաշվարկի վրա։ Սա պահանջում է շատ ավելի ծանր աշխատանք, քան եվրոպամետ հայտարարությունները։ Եվրոպական ուղղությունը պետք է ամրացնել տնտեսությամբ, էներգետիկ դիվերսիֆիկացմամբ, նոր շուկաներով, տրանսպորտային կապերով, պաշտպանական համագործակցությամբ և այնպիսի ինստիտուտներով, որոնք արտաքին ճնշման առաջին ալիքից չեն փոխում երկրի ռազմավարական կուրսը, որովհետև 2013 թվականի գլխավոր դասը նույնիսկ այն չէ, որ Հայաստանը սխալ ընտրություն կատարեց։ Գլխավոր դասը այն է, թե ինչ է պատահում փոքր պետության հետ, երբ նրա արտաքին քաղաքականությունը կառուցվում է վախի վրա ։ Վախից ընդունված որոշումը կարող է թվալ անվտանգ։ Բայց պետության համար անվտանգության ամենավտանգավոր պատրանքներից մեկը սեփական ընտրության իրավունքը ուրիշին հանձնելն է։ Սեպտեմբերի 3-ից անցել է տասներեք տարի։ Այդ տարիների պատերազմները, կորուստները և ձախողումները թվերի վերածել կարելի է։ Բայց մարդկային կյանքը վիճակագրություն չէ։ Եվ հենց այդ պատճառով պետական սխալները նույնպես չի կարելի գնահատել միայն տնտեսական աճի տոկոսներով կամ առևտրաշրջանառության ծավալներով։ Դրանց գինը երբեմն վճարվում է մարդկանց կյանքով, տարածքով և կորցրած ժամանակով։ 2013 թվականի սեպտեմբերի 3-ը Հայաստանի հիվանդության պատմության մեջ այդպիսի գրառում է։ Այն ջնջել հնարավոր չէ, բայց հնարավոր է անել ամենակարևորը՝ այլևս չկրկնել այն ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 12300

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով