Դոնալդ Թրամփը դարձել է վերջին 100 տարվա ընթացքում ԱՄՆ առաջին գործող նախագահը, որի դիմանկարով ամերիկյան դրամ է թողարկվել։ ԱՄՆ դրամահատարանը նրա պատկերով 1 դոլարանոց հուշադրամ է թողարկել՝ նվիրված երկրի 250-ամյակին։ Թրամփի պատկերով հուշադրամի վրա գրված են «Ազատություն» և «Աստծուն ենք վստահում» արտահայտությունները։ Դրամահատարանը 25 հուշադրամից բաղկացած հավաքածուն վաճառքի է հանել 61 դոլարով, իսկ 100 հուշադրամ պարունակող տոպրակը՝ 154 դոլար 50 ցենտով։ Թողարկումից ընդամենը մի քանի ժամ անց դրամահատարանի կայքում հայտնվել է տեղեկություն, որ հուշադրամներն այլևս հասանելի չեն։ Դրամահատարանը հայտնել է, որ Թրամփի պատկերով հուշադրամը թողարկվել է «այս պատմական հանգրվանը նշելու» շրջանակում և նախատեսված է որպես «ժամանակակից հավաքածուների արժեքավոր լրացում»։ Հուշադրամները ոսկեգույն տեսք ունեն, սակայն իրականում ոսկի չեն պարունակում․ դրանք պատրաստված են համաձուլվածքից։



