Շուրջ 33 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ 3 քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի առթիվ նախաձեռնված երեք քրեական վարույթի նախաքննությունը։ Քննչական կոմիտեից հայտնում են, որ նշված քրեական վարույթներից երկուսի շրջանակում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ մի դեպքով Գ.Հ.-ն, մյուս դեպքով՝ Ջ.Գ.-ն, «Telegram» և «Whatsapp» հեռահաղորդակցման հավելվածներով ստանալով մաքսանենգ ճանապարհով ՀՀ ներմուծված թմրամիջոցների թաքստոցների տեղորոշումները, նշված վայրերից վերցրել են համապատասխանաբար՝ 6․4 կգ և 4.3 կգ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցներ, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներում հանցավոր մտադրությունն ավարտին չեն հասցրել, քանի որ ձերբակալվել են ոստիկանության աշխատակիցների կողմից։ Բացի այդ, Գ․Հ․-ն փորձելով դիմել փախուստի, իր վարած ավտոմեքենայով հարվածել է ոստիկանության ծառայողին՝ նրա առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս։ Երրորդ քրեական վարույթի շրջանակում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Վ.Չ.-ն, Ս.Փ.-ն, Հ.Բ.-ն և Ա.Մ.-ն, օժանդակելով ՀՀ պետական սահմանով առանձնապես խոշոր չափերով՝ 4.5 կգ «Մեթամֆետամին» տեսակի ու 17.8 կգ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների մաքսանենգությանը, մեկնել են սահմանային հատված, իրացնելու նպատակով ապօրինի ձեռք են բերել նշված թմրամիջոցները և ուղևորվել Երևան, սակայն ոստիկանության ծառայողների կողմից ձերբակալվել են: Բացի այդ, նախաքննության ընթացքում պարզվել է նաև, որ Ս.Փ.-ն ձեռք է բերել ՌԴ կեղծ վարորդական վկայական, որով ավտոմեքենան շահագործելու ընթացքում բազմաթիվ անգամներ ներկայացրել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակցներին։ Նշված երեք քրեական վարույթների շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 7 անձի նկատմամբ։ Նրանցից 5-ը կալանավորվել են, իսկ 2-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը։ Քրեական վարույթները նշված անձանց վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկող դատախազին։ Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 12347

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով