Փաշինյանը Պուտինին ասաց, որ հակամարտության պայմաններում հայ-ռուսական հարաբերություններն այլ նշանակություն ունեին, իսկ տարածաշրջանում խաղաղության հաստատումից հետո դրանց պետք է նայել «թարմ հայացքով»։ Սա արդեն միայն արտաքին քաղաքականության հարց չէ։ Հայաստանի անվտանգության համակարգում շարունակում են գործել նախկին մոդելի առանցքային տարրերը՝ ռուսական 102-րդ ռազմաբազան, ռուս սահմանապահների ներկայությունը, այդ թվում՝ Թուրքիայի և Իրանի սահմաններին, ռուսական ռազմական ու անվտանգային համակարգերի հետ տասնամյակներով ձևավորված կապերը։ Միաժամանակ Հայաստանը սառեցրել է մասնակցությունը ՀԱՊԿ-ին, դիվերսիֆիկացնում է սպառազինությունը և պաշտպանական գործընկերությունները, իսկ Միացյալ Նահանգների մասնակցությամբ քննարկվում է TRIPP-ը՝ Հայաստանի հարավով անցնող ռազմավարական հաղորդակցային նախագիծը։ Ուստի առաջանում է պետական կառավարման շատ կոնկրետ հարց․ եթե Հայաստանը վերաֆորմատավորում է հարաբերությունները Ռուսաստանի հետ, հաշվարկվա՞ծ են այդ անցման անվտանգային գինը, ռիսկերը և հաջորդ քայլերը։ Ո՞ր պահին կարող է առաջանալ ռուս սահմանապահների հետագա ներկայության հարցը։ Ի՞նչ անվտանգային արժեք ունի այսօր 102-րդ ռազմաբազան։ Եվ Հայաստանը պատրա՞ստ է քաղաքական, տնտեսական, տեղեկատվական կամ հիբրիդային հնարավոր ճնշումների այն դեպքում, երբ Մոսկվան որոշի ավելի կոշտ արձագանքել Երևանի ընտրությանը։ Առավել մանրամասն՝ տեսանյութում



