Տասնամյակներ շարունակ ընտանեկան բռնության ամենահարմար թաքստոցը հենց ընտանիքն էր։ «Ընտանեկան հարց է», «ամուսիններ են՝ կհաշտվեն», «երեխաների համար ընտանիքը մի քանդեք»։ Այս մի քանի նախադասությունների հետևում Հայաստանում լռեցվել են ծեծ, նվաստացում, սեռական բռնություն, տնտեսական կախվածություն և երբեմն՝ սպանություն։ Կառավարության քննարկած նոր փաթեթը կարևոր է նախևառաջ այն պատճառով, որ փորձում է փոխել հենց այս փիլիսոփայությունը. տան դուռը այլևս պետության իրավասության սահմանը չէ ։ Առաջարկվող փոփոխություններով ընտանեկան բռնությունը Քրեական օրենսգրքում առանձնացվում է որպես ինքնուրույն երևույթ, պատասխանատվությունը խստացվում է, վարույթը այլևս չպետք է կախված լինի զոհի բողոքը պահպանելուց, սահմանափակվում են կրկնակի հարցաքննությունները, նախատեսվում է էլեկտրոնային հսկողություն, իսկ բռնարարի և զոհի համատեղ բնակության դեպքում՝ տնային կալանքի արգելք։ Սակայն ամենախորհրդանշական փոփոխությունն ուրիշ տեղ է։ Պետությունը ցանկանում է փոխել այն տրամաբանությունը, որով բռնությունից հետո տնից հեռանում էր զոհը , իսկ բռնարարը մնում էր բազմոցին։ Այդ փոքր թվացող փոփոխության մեջ ամբողջ պետական փիլիսոփայությունն է։ Քաղաքակիրթ իրավակարգում բռնության հետևանքները առաջին հերթին պետք է կրի բռնություն գործադրողը, ոչ թե նրանից փրկվողը։ Կինը երեխաների հետ չպետք է կեսգիշերին հավաքի իրերը և ապաստարան փնտրի միայն այն պատճառով, որ պետությունն ավելի հեշտ է համարում տեղափոխել զոհին, քան սահմանափակել բռնարարին։ Սա պարզապես սոցիալական քաղաքականություն չէ։ Սա պետության մասին պատկերացում է։ Ժամանակակից ժողովրդավարությունների պատմությունը մեծ մասամբ անձնական համարված տարածքներ օրենքի պաշտպանության տակ բերելու պատմություն է։ Ժամանակին երեխային ծեծելը համարվում էր դաստիարակություն, կնոջ նկատմամբ ամուսնու բռնությունը՝ ընտանեկան հարաբերություն, աշխատավայրում նվաստացումը՝ ղեկավարի իրավասություն։ Քաղաքակրթության առաջընթացը սկսվում էր այն պահին, երբ պետությունն ասում էր՝ մասնավոր տարածքը չի կարող մարդու իրավունքներից ազատ գոտի լինել ։ Այս պատճառով Նիկոլ Փաշինյանի խոստովանությունը, որ Հայաստանը տարիներ առաջ ընտանեկան բռնության կանխարգելման համակարգը մեծապես ընդունել է միջազգային պահանջների ազդեցությամբ՝ առանց խնդրին ամբողջ խորությամբ առերեսվելու, կարևոր է։ Հայաստանի բազմաթիվ բարեփոխումների դժբախտությունն էլ հենց սա է եղել։ Մենք ներմուծել ենք եվրոպական օրենքներ՝ երբեմն պահպանելով հետխորհրդային մտածողությունը։ Ստացել ենք ինստիտուտների եվրոպական անվանումներ և դրանց ներսում՝ հին սովորություններ։ Այս բարեփոխման հաջողությունը նույնպես որոշվելու է ոչ թե օրենքի էջերով, այլ առաջին զանգին արձագանքող ոստիկանի վարքագծով։ Այդ պատճառով կրծքին ամրացվող տեսախցիկի պարտադիր կիրառումը կարող է նույնիսկ ավելի կարևոր լինել, քան Քրեական օրենսգրքի նոր հոդվածը։ Ոստիկանն այլևս պարզապես չի արձանագրելու բռնությունը։ Արձանագրվելու է նաև ոստիկանի արձագանքը բռնությանը ։ Սա պետության վերահսկողությունն է ոչ միայն քաղաքացու, այլ նաև սեփական ուժի նկատմամբ։ Բայց բարեփոխումն ունի նաև վտանգավոր սահման։ Երբ ընտանեկան բռնության բոլոր դեպքերը տեղափոխվում են հանրային մեղադրանքի դաշտ և զոհի հետագա ցանկությունն այլևս ինքնաբերաբար չի դադարեցնում վարույթը, պետությունը ստանում է շատ մեծ իշխանություն։ Դա հաճախ անհրաժեշտ է. բռնության զոհը կարող է հաղորդումը հետ վերցնել վախից, տնտեսական կախվածությունից, երեխաներին կորցնելու սպառնալիքից կամ հենց բռնարարի ճնշումից։ Սակայն լավ նպատակը վատ քրեական արդարադատությունը չի արդարացնում։ Պետք են ապացույց, համաչափություն, պաշտպանվելու իրավունք և անկախ դատարան։ Հակառակ դեպքում զոհին պաշտպանելու համար ստեղծված համակարգը կարող է մեկ այլ ընտանիքում վերածվել պետական կամայականության գործիքի։ Ուժեղ պետությունը ամեն տեղ մտնող պետությունը չէ։ Ուժեղ պետությունն այն է, որը գիտի՝ երբ մտնել, ում պաշտպանել և որտեղ կանգ առնել։ Նույնքան կարևոր է բռնարարների պարտադիր վերականգնողական ծրագիրը։ Պատիժը անհրաժեշտ է, բայց եթե մարդը բանտից կամ պատժից հետո վերադառնում է նույն վարքային մոդելով, պետությունը միայն ընդհատել է բռնությունը, ոչ թե կանխել հաջորդը։ Ի վերջո, այս բարեփոխման հաջողությունը չափվելու է ոչ թե հարուցված քրեական գործերի քանակով։ Այն չափվելու է չկատարված բռնություններով։ Եթե Հայաստանը կարողանա ստեղծել համակարգ, որտեղ զոհը գիտի, որ առաջին զանգից հետո պետությունը կանգնելու է իր կողքին, բռնարարը գիտի, որ «ընտանեկան գործ» արտահայտությունն այլևս անձեռնմխելիության վկայական չէ, իսկ ոստիկանը գիտի, որ իր անգործությունն էլ է տեսախցիկի առաջ, մենք գործ կունենանք ոչ թե հերթական օրենսդրական փոփոխության, այլ պետական մշակույթի փոփոխության հետ։ Որովհետև ազատությունը սկսվում է ոչ թե հրապարակում կամ ընտրատեղամասում։ Այն սկսվում է այնտեղ, որտեղ մարդը փակում է իր տան դուռը և վստահ է, որ այդ դռան հետևում նույնպես գործում է Հայաստանի Հանրապետության օրենքը։



