Ռուսաստանի և Մոնղոլիայի սահմանամերձ շրջաններում շարունակում է գործել ժանտախտի բնական օջախը։ Ռուսաստանի Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության դաշնային ծառայության (Ռոսպոտրեբնադզոր) տվյալներով՝ համաճարակաբանական իրավիճակը ներկայումս գնահատվում է որպես կայուն։ Սայլյուգեմի անդրսահմանային բնական օջախն ընդգրկում է շուրջ 29 հազար քառակուսի կիլոմետր տարածք, որի գրեթե 60 տոկոսը գտնվում է Մոնղոլիայի տարածքում։ Ռուսաստանն ու Մոնղոլիան ամեն տարի համատեղ իրականացնում են կենդանիների շրջանում ժանտախտի հարուցչի տարածվածության (էպիզոոտոլոգիական) ուսումնասիրություններ՝ օջախի ակտիվությունը վերահսկելու նպատակով։ Այդ աշխատանքներում կիրառվում է նաև Ռոսպոտրեբնադզորի շարժական հակահամաճարակային լաբորատորիան։



