Ուկրաինան և Լեհաստանը քննարկում են 2040թ․-ին ֆուտբոլի Աշխարհի առաջնությունը համատեղ հյուրընկալելու հնարավորությունը։ Ուկրաինայի սպորտի նախարար Մատվեյ Բիդնին նշել է, որ Կիևը հետաքրքրված է գաղափարով, սակայն պաշտոնական նախաձեռնությունը պետք է գա սպորտային համայնքից կամ ֆուտբոլային ֆեդերացիաներից։ «Մենք հետաքրքրված ենք դրանով, բայց նախաձեռնությունը պետք է գա սպորտային համայնքից կամ սպորտային ֆեդերացիայից։ Կտեսնենք»,- ասել է Բիդնին։ Գաղափարը քննարկվել է նաև Գդանսկում անցկացված Ուկրաինայի վերականգնման համաժողովի շրջանակում։ Միևնույն ժամանակ, երկու երկրների հարաբերությունները վերջին շրջանում լարվել են պատմական հիշողության շուրջ վեճերի պատճառով։ Վերջին հարցումները ցույց են տալիս, որ լեհ հասարակության շրջանում Ուկրաինայի նկատմամբ բացասական վերաբերմունքն աճել է։ Ուկրաինայի խորհրդարանի երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Վասիլ Մոկանը նշել է, որ համատեղ հայտը կարող է դառնալ «Եվրոպական համերաշխության հզոր խորհրդանիշ»։ Միաժամանակ նա ընդգծել է, որ Ուկրաինայում աշխարհի առաջնության հանդիպումներ անցկացնելու համար անհրաժեշտ են պատերազմի ավարտ, կայուն խաղաղություն, անվտանգության երաշխիքներ և համապատասխան ենթակառուցվածքների զարգացում։



