ԱԺ փոխնախագահ Ալեքսանյանը սեպտեմբերի 4-ին հանդիպել է «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակից 28 երիտասարդների հետ, ովքեր ժամանել են 17 երկրից: Այս մասին հայտնեցին ՀՀ ազգային ժողովից: «Ուրախ եմ, որ դուք այս շատ կարևոր ծրագրով եկել եք Հայաստան՝ ծանոթանալու և ներդրում ունենալու Հայաստանի Հանրապետությունում։ Շատ կարևորում եմ այս ծրագիրը. ողջունելով «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակիցներին», – ասել է Ազգային ժողովի նախագահի տեղակալը: Հանդիպումն ընթացել է հարցուպատասխանի ձևաչափով։ Երիտասարդների հարցերը վերաբերել են Հայաստանի արտաքին քաղաքականությանը, Հայաստան-ԵՄ հարաբերություններին, վիզաների ազատականացմանը, Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցության հարցին, երկրի անվտանգությանը, ներդրումների դիվերսիֆիկացմանը, անվտանգ երթևեկությանը, Հայաստանի խորհրդարանում Սփյուռքից պատգամավորներ ունենալու հնարավորությանը, Հայաստանում ընտրություններին նրանց մասնակցությանը և այլն։ ԱԺ նախագահի տեղակալը պատասխանել է հարցերին, տվել պարզաբանումներ։ Վահագն Ալեքսանյանը երիտասարդներին հորդորել է վերադառնալ և իրենց գիտելիքներով նպաստել հայրենիքի շենացմանը: Երկշաբաթյա ծրագրի ընթացքում մասնակիցները հնարավորություն են ստացել ծանոթանալու Հայաստանի քաղաքական, սոցիալական, տնտեսական կյանքին, մասնակցելու տարբեր դասընթացների։



