TRIPP-ի շուրջ ամենակարևոր նորությունը այլևս այն չէ, թե ինչ է գրված համաձայնագրերում։ Կարևոր է, որ նախագիծը մոտենում է շինարարական փուլին։ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանի խոսքով՝ տեխնիկատնտեսական ուսումնասիրությունը սպասվում է մինչև տարեվերջ, իսկ առաջին շինարարական աշխատանքները կարող են սկսվել արդեն 2027-ի սկզբին։ ԱՄՆ կառավարությունն առայժմ պարտավորվել է շուրջ 201 մլն դոլար ուղղել նախագծին։ Սա TRIPP-ը քաղաքական հռչակագրից վերածում է աշխարհաքաղաքական փաստի։ ԱՄՆ-ի 74 տոկոս մասնակցությունը նախագծի ընկերությունում ինքնին արտասովոր է։ Բայց ավելի կարևոր է դրա իմաստը. Վաշինգտոնը Հարավային Կովկասում այլևս միայն բանակցությունների միջնորդ չէ։ Այն տնտեսական շահ է ստանում տարածաշրջանի հաղորդակցությունների աշխատանքի և կայունության մեջ։ Միաժամանակ համաձայնագրի շրջանակը նախատեսում է Հայաստանի 26 տոկոս մասնակցությունը, իսկ հայկական կողմը պնդում է, որ պետական որոշումների իրավասությունը մնում է հայկական հաստատություններին։ Փոքր պետությունների համար սա էական տարբերություն է։ Դիվանագիտական խոստումները կարող են փոխվել կառավարությունների հետ։ Երկաթուղիները, ճանապարհները, էներգետիկ կապերն ու ներդրված կապիտալը շատ ավելի երկար հիշողություն ունեն։ Սակայն TRIPP-ի հաջողության գլխավոր պայմանը հենց այստեղ է՝ ամերիկյան ներգրավվածությունը պետք է ուժեղացնի Հայաստանի ինքնիշխանությունը, ոչ թե փոխարինի այն ։ Սահմանը, մաքսային վերահսկողությունը, իրավապահ գործառույթները և Հայաստանի տարածքում վերջնական պետական իշխանությունը չեն կարող դառնալ որևէ տնտեսական գործարքի առարկա։ Երկրորդ փորձությունը Իրանն է։ Հայաստանը չի կարող ԱՄՆ-ի հետ նոր ռազմավարական ենթակառուցվածք կառուցել Իրանի սահմանին և միաժամանակ ձևացնել, թե այդ հանգամանքը Թեհրանի համար նշանակություն չունի։ Բայց նույնքան սխալ կլինի ընդունել, որ Իրանը կամ որևէ երրորդ պետություն վետոյի իրավունք ունի Հայաստանի տնտեսական կապերի նկատմամբ։ Մկրտչյանի «ամեն ինչ կարելի է քննարկել» պատասխանը Իրանի հետ տնտեսական հարաբերությունների հնարավոր սահմանափակման մասին հենց այստեղ զգուշություն է պահանջում։ Հայաստանը կարող է քննարկել ամեն ինչ, բայց պետք է ունենա հարցեր, որոնց պատասխանը նախապես գիտի՝ իր կենսական հարաբերությունները հարևան Իրանի հետ չեն կարող դառնալ ուրիշների հակամարտության մանրադրամ ։ TRIPP-ի մեծ հնարավորությունն այն է, որ Հայաստանը փակուղուց կարող է վերածվել հանգույցի՝ Ադրբեջան, Թուրքիա, Իրան, Վրաստան և ավելի լայն Արևմուտք տանող հաղորդակցությունների խաչմերուկի։ Բայց իրական հաջողությունը չափվելու է ոչ թե նրանով, թե քանի կիլոմետր ճանապարհ կառուցվեց, այլ նրանով, թե արդյոք այդ ճանապարհների բացվելուց հետո Հայաստանն ավելի ինքնիշխան դարձավ, թե պարզապես փոխեց իր կախվածության հասցեն ։ Եթե առաջին շինարարական մեքենան իսկապես մտնի Սյունիք 2027-ի սկզբին, կսկսվի ոչ միայն TRIPP-ի շինարարությունը, կ սկսվի փորձությունը՝ կարո՞ղ է Հայաստանը մեծ տերությունների մրցակցության տարածքից վերածվել նրանց շահերը սեփական ինքնիշխանության շուրջ հավասարակշռող պետության։



