Կարապի լճի հարևանությամբ այսօր տեղի է ունեցել «Tour of Armenia» միջազգային պրոֆեսիոնալ բազմօրյա հեծանվավազքի խորհրդանիշի՝ եղնիկի ներկայացման հանդիսավոր արարողությունը, որով ազդարարվել է պատմական այս մրցաշարի մուտքը Հայաստան։ Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Հայաստանի հեծանվային մարզաձևերի ֆեդերացիայի նախագահ Արա Սադոյանը, Սպորտի կառավարման կենտրոնի տնօրեն Խորեն Զարգարյանը, RCS Sports and Events DMCC ընկերության գործադիր տնօրեն Միկելե Նապոլին, մարզասերներ և հյուրեր։ Միջոցառմանը մասնակցել են նաև մրցաշարում Հայաստանը ներկայացնող թիմի անդամները։ Հայաստանի լեռներում հաճախ հանդիպող եղնիկն առանձնանում է այն հատկանիշներով, որոնք կարևոր են նաև հեծանվասպորտում՝ արագություն, ուժ, դիմացկունություն, դժվարանցանելի ճանապարհներին արագ կողմնորոշվելու կարողություն։ Սա էլ առիթ է հանդիսացել եղնիկն ընտրելու որպես մրցաշարի խորհրդանիշ: Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ Tour of Armenia-ի անցկացումը կարևոր իրադարձություն է Հայաստանի մարզական կյանքում։ «Հեծանվային մեծ սպորտը գալիս է Հայաստան»,- ասել է նախարարը՝ նշելով, որ պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը պատրաստվում է հյուրընկալել Հեծանվային սպորտի միջազգային միության (UCI) միջազգային օրացույցում ընդգրկված 2.2 դասի մրցաշար։ Tour of Armenia-ի վերաբերյալ հեռարձակումներ կլինեն այնպիսի հարթակներում, ինչպիսիք են Eurosport-ը, CNN-ը, անդրադարձեր են նախատեսված Sky Sport-ում, Sportitalia-ում, L’Équipe-ում և մի շարք այլ միջազգային լրատվամիջոցներում։ «Չորս օր շարունակ աշխարհի տարբեր անկյուններում Tour of Armenia-ն կհեռարձակվի, և սա լավագույն հնարավորությունն է ցույց տալու մեր երկիրը, ներկայացնելու այն բոլոր ուղղությունները, որոնց միջոցով կարող ենք մեծացնել Հայաստանի զբոսաշրջային գրավչությունն ու մեր երկրի նկատմամբ հետաքրքրությունը, ինչպես նաև նոր հնարավորություններ ստեղծել տնտեսության զարգացման համար»,- նշել է Ժաննա Անդրեասյանը: Մրցաշարի պաշտոնական դեսպանը հեծանվասպորտի օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսն է: Նախարարը հիշեցրել է, որ հանրակրթական դպրոցներին տրամադրվել են հեծանիվներ, իսկ արդեն մի քանի տարի անցկացվում է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների խճուղային հեծանվավազքի մրցաշարը։ Նրա խոսքով՝ այս տարի դպրոցականների մրցաշարը նախատեսվել է Tour of Armenia-ի անցկացման օրերին, որպեսզի երեխաները հնարավորություն ունենան անմիջականորեն շփվելու պրոֆեսիոնալ հեծանվորդների հետ, հետևելու միջազգային մրցաշարին և ոգեշնչվելու նրանց օրինակով։



