Եվրոպական խորհրդարանի Միջազգային առևտրի հանձնաժողովի որոշումը առաջին հայացքից տեխնիկական է՝ երկու տարով վերացնել հայկական ապրանքների լայն շրջանակի մաքսատուրքերը և գյուղատնտեսական ութ ապրանքատեսակի համար սահմանել անմաքս քվոտաներ։ Բայց քաղաքական իմաստը շատ ավելի մեծ է։ Ռուսաստանը սահմանափակում է հայկական ապրանքների մուտքը, Եվրամիությունը բացում է իր շուկան։ INTA-ն Եվրահանձնաժողովի առաջարկին հավանություն է տվել գրեթե միաձայն՝ 35 կողմ, 2 դեմ, 3 ձեռնպահ։ Եթե այն վերջնականապես ընդունվի, խաղողից, ծիրանից ու կեռասից մինչև հայկական այլ արտադրատեսակներ ավելի արտոնյալ պայմաններով կմտնեն աշխարհի ամենամեծ և ամենախստապահանջ շուկաներից մեկը։ Սա բարեգործություն չէ։ Եվ չպետք է այդպես ընկալել։ Տասնամյակներ շարունակ Հայաստանի տնտեսական կախվածությունը Ռուսաստանից ներկայացվել է որպես աշխարհագրական անխուսափելիություն։ Ռուսական շուկան մեծ էր, ծանոթ և համեմատաբար հեշտ, բայց այդ հարմարավետությունն ուներ գին. երբ մեկ շուկան դառնում է անփոխարինելի, առևտուրը վերածվում է քաղաքական ազդեցության գործիքի։ 2026 թվականի ռուսական սահմանափակումները կրկին ցուցադրեցին այդ խոցելիությունը։ Ալկոհոլ, հանքային ջուր, միրգ, բանջարեղեն, անգամ տարանցման խնդիրներ։ Եվրահանձնաժողովն արդեն ինքն է արձանագրում, որ դրանք խաթարել են Հայաստանի ավանդական մատակարարման շղթաները և հարվածել հատկապես փոքր ու միջին բիզնեսին ու գյուղատնտեսությանը։ Եվրոպական պատասխանը կարևոր է հենց այստեղ։ ԵՄ-ն Հայաստանին ասում է՝ եթե մեկ շուկա փակվում է, կա մեկ ուրիշը։ Դա Հայաստանի տնտեսական ինքնիշխանության համար երբեմն ավելի կարևոր է, քան տասնյակ քաղաքական հայտարարությունները, բայց Բրյուսելը բացում է միայն դուռը։ Այդ դռնով անցնելը Հայաստանի գործն է ։ Եվրոպական շուկան ռուսական շուկայի փոխարինողը չէ նույն պայմաններով։ Այստեղ պահանջվում են այլ որակ, սերտիֆիկացում, հետագծելիություն, փաթեթավորում, սննդային անվտանգություն և մրցունակություն։ Այն արտադրողը, որը սովոր էր վաճառել միայն հետխորհրդային շուկայում, ստիպված կլինի փոխվել։ Եվ հենց դա կարող է լինել այս ճգնաժամի ամենաարժեքավոր հետևանքը։ Հայաստանի նպատակը չպետք է լինի ռուսական շուկան եվրոպականով փոխարինելը։ Նպատակը պետք է լինի ունենալ այնպիսի տնտեսություն, որի նկատմամբ որևէ մեկ մայրաքաղաք չի կարող առևտրային վետո կիրառել ։ Այս որոշումը դեռ պետք է անցնի Եվրախորհրդարանի լիագումար նիստով և վերջնական իրավական ընթացակարգերով։ Բայց քաղաքական ուղերձն արդեն հստակ է։ Եվրոպան Հայաստանի համար աստիճանաբար դառնում է ոչ միայն արժեքային կամ արտաքին քաղաքական ուղղություն, այլ տնտեսական այլընտրանք ։ Եվ եթե հայկական բիզնեսը կարողանա օգտագործել բացվող հնարավորությունը, Ռուսաստանի յուրաքանչյուր հաջորդ առևտրային սահմանափակում ավելի քիչ ցավոտ կլինի։ Փոքր պետության տնտեսական անկախությունը սկսվում է այն օրը, երբ մեկ սահման փակվելուց նրա տնտեսությունը չի կանգնում։



