Երբ Գերմանիան կրկին լսում է պատմության ահազանգը

Սաքսոնիա-Անհալտում տեղի ունեցածը պարզապես ընտրական սենսացիա չէ։ Նախնական արդյունքներով «Այլընտրանք Գերմանիայի համար»-ը ստացել է մոտ 44.5 տոկոս՝ ավելի քան կրկնապատկելով 2021-ի իր 20.8 տոկոսը։ Քրիստոնեա-դեմոկրատները, որոնք տասնամյակներով կառավարել են երկրամասը, ստացել են շուրջ 18.5 տոկոս։ Թվերից մեկն այստեղ հատկապես սարսափեցնող է՝ 44.5 տոկոս ։ Երբ ծայրահեղ աջ ուժը ստանում է գրեթե յուրաքանչյուր երկրորդ ընտրողի ձայնը, այլևս բավարար չէ խոսել «բողոքական ընտրազանգվածի» կամ արևելյան Գերմանիայի առանձնահատկությունների մասին։ Դա արդեն ժողովրդավարական կենտրոնի կառուցվածքային ճգնաժամ է, և դա տեղի է ունենում Գերմանիայում՝ այն երկրում, որի հետպատերազմյան պետականությունը կառուցվել է մեկ մեծ պատմական երդման վրա՝ այլևս երբեք ։ Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը վաղուց էր զգուշացնում այս վտանգի մասին։ Նա ասել է, որ Գերմանիան սեփական պատմությունից գիտի, թե ուր են տանում ագրեսիվ ազգայնականությունը և ժողովրդավարական հաստատությունների նկատմամբ արհամարհանքը. Գերմանիան մեկ անգամ արդեն այդ ճանապարհով կորցրել է ժողովրդավարությունը։ Մեկ այլ ելույթում նա զգուշացրել էր, որ աջ ծայրահեղականությունն այլևս պարտադիր չէ ներկայանա կոպիտ արտաքինով. այն կարող է հայտնվել «նուրբ կոստյումով», ունենալ կազմակերպություններ, հարուստ հովանավորներ և հասնել խորհրդարաններ։ Սաքսոնիա-Անհալտը հենց այդ նախազգուշացման քաղաքական մարմնավորումն է, սակայն այստեղ պետք է խուսափել պատմական պարզունակ զուգահեռից։ 2026-ի Գերմանիան Վայմարյան Հանրապետությունը չէ, իսկ AfD-ն՝ 1930-ականների նացիստական կուսակցությունը չէ ։ Գերմանիան ունի ամուր Սահմանադրություն, Սահմանադրական դատարան, դաշնային կառուցվածք, ազատ մամուլ, քաղաքացիական հասարակություն և հետպատերազմյան Եվրոպայի ամենակայացած ժողովրդավարական հաստատություններից մի քանիսը։ Բայց պատմության վտանգավոր կրկնությունները սովորաբար սկսվում են ոչ թե նույն համազգեստով, այլ նույն քաղաքական մեխանիզմներով։ Հասարակության հիասթափություն։ Տնտեսական անապահովություն։ Միգրացիայի նկատմամբ վախ։ Էլիտաների նկատմամբ անվստահություն։ «Մեզ չեն լսում» զգացում։ Եվ վերջապես՝ պարզ պատասխաններ առաջարկող ուժ, որը քաղաքական բարդությունները վերածում է թշնամիների ցանկի։ Ամենավտանգավոր պահը գալիս է այն ժամանակ, երբ ծայրահեղականությունը դադարում է ծայրահեղական թվալ։ 44.5 տոկոսը հենց այդ սահմանն է։ Գերմանիայի խնդիրը միայն այն չէ, թե AfD-ն կկարողանա՞ կառավարություն ձևավորել։ Մյուս հիմնական կուսակցությունների հրաժարումը նրա հետ կոալիցիա կազմելուց կարող է դեռ պահպանել իշխանության շուրջ «պաշտպանական պատը»։ Բայց եթե ընտրողների գրեթե կեսը պատից այն կողմ է, միայն պատը երկարաժամկետ քաղաքականություն չէ։ Ժողովրդավարությունը չի կարող անվերջ պաշտպանվել քաղաքացիներից։ Նա պետք է կարողանա նրանց վերադարձնել։ Սա հատկապես կարևոր է, որովհետև Գերմանիան պարզապես եվրոպական ևս մեկ պետություն չէ։ Այն Եվրոպայի տնտեսական ծանրության կենտրոնն է, ԵՄ քաղաքական շարժիչներից մեկը, եվրոյի հենասյունը և Ուկրաինային եվրոպական աջակցության առանցքային պետություններից մեկը։ Եթե Գերմանիայի քաղաքական կենտրոնը թուլանում է, թուլանում է ամբողջ Եվրոպայի կենտրոնը։ Եվ վտանգն արդեն միայն գերմանական չէ։ 2027-ին նախագահական ընտրություններ են Ֆրանսիայում։ Այնտեղ ևս քաղաքական դաշտը գնալով բևեռանում է, իսկ Ազգային միավորումը գտնվում է նախագահական մրցավազքի առաջատար դիրքերում։ Վերջին հարցումները Մարին Լը Պենին դնում են առաջին փուլի առաջատարների շարքում, մինչդեռ քաղաքական կենտրոնն ու ձախ դաշտը շարունակում են վերադասավորվել։ Այսպիսով Եվրոպայի երկու գլխավոր շարժիչները կարող են միաժամանակ հայտնվել նույն պատմական ճնշման տակ։ Պատկերացնենք Եվրոպա, որտեղ Գերմանիայի ամենահզոր քաղաքական ուժերից մեկը կասկածի տակ է դնում ներկայիս եվրոպական ուղղության հիմնարար տարրերը, իսկ Ֆրանսիայում իշխանության է մոտենում Ազգային միավորումը։ Այդ դեպքում հարցը այլևս երկու երկրների ներքին քաղաքականությունը չէ։ Հարցականի տակ կարող են հայտնվել Ուկրաինային աջակցությունը, Ռուսաստանի նկատմամբ քաղաքականությունը, եվրոպական պաշտպանության զարգացումը, միգրացիոն քաղաքականությունը և վերջապես այն գաղափարը, որ Եվրոպան ընդհանուր քաղաքական նախագիծ է, ոչ թե միմյանց հետ մրցակցող ազգային պետությունների շուկա։ Այդ պատճառով Սաքսոնիա-Անհալտի ընտրությունը փոքր երկրամասի մեծ նախազգուշացումն է։ Եվ այստեղ Շտայնմայերի խոսքերն առավել ծանր են հնչում։ Նա հիշեցրել է, որ Գերմանիայի Սահմանադրությունը ծնվել է բռնապետության, նացիստական իշխանության, ոչնչացման և պատերազմի փորձից, իսկ նացիստական Գերմանիայի հանցագործությունների հիշողությունն ու նոր աջ ծայրահեղականության դեմ պայքարը Գերմանիայի շարունակական պատասխանատվությունն են։ Բայց «այլևս երբեք»-ը պատմական կարգախոս չէ։ Այն ամեն սերնդի համար նորից հանձնվող քննություն է։ Այսօր այդ քննությունը հանձնում է Գերմանիան, վաղը այն կարող է հանձնել Ֆրանսիան։ Իսկ եթե Եվրոպայի երկու գլխավոր ժողովրդավարությունները չկարողանան համոզիչ պատասխան տալ ծայրահեղ աջ ալիքին, խնդիրը այլևս չի լինի՝ ինչ է կատարվում եվրոպական քաղաքականության եզրերին։ Խնդիրը կլինի՝ պահպանվո՞ւմ է արդյոք այն Եվրոպան, որը կառուցվել էր հենց այն աղետից հետո, որի վերադարձը Եվրոպան երդվել էր այլևս երբեք թույլ չտալ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 12593

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով