Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի մամուլի քարտուղար է նշանակվել Հովհաննես Յուքինյանը։ Հովհաննես Յուքինյանն այդ մասին հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով։ Կենսագրություն Հովհաննես Յուքինյանը բարձրագույն կրթությունը ստացել է Երևանի պետական համալսարանում՝ սովորելով Հանրային կառավարման ֆակուլտետում՝ 2023 թվականին ստանալով բակալավրի աստիճան։ Ուսումնառության ընթացքում մասնակցել է նաև միջազգային կրթական ծրագրերի։ 2022-2023 թվականներին Էրազմուս+ ծրագրի շրջանակում սովորել է Պորտուգալիայի Էվորայի համալսարանում՝ ուսումնասիրելով միջազգային հարաբերություններ։ 2023-2024 թվականներին սովորել է Տալլինի Տեխնոլոգիական համալսարանում (TalTech, Էստոնիա)՝ ուսումնասիրելով էլեկտրոնային կառավարման տեխնոլոգիաներն ու ծառայությունները։ Նույն ժամանակահատվածում սովորել է Ժնևի համալսարանում (Շվեյցարիա)՝ «Համաշխարհային կառավարում» կրթական ծրագրի շրջանակում։ 2024-2025 թվականներին կրթությունը շարունակել է Էստոնիայի Դիվանագիտական դպրոցում (Estonian School of Diplomacy), որտեղ մասնագիտացել է դիվանագիտության ոլորտում։ Հովհաննես Յուքինյանը մասնագիտական գործունեությունը սկսել է լրագրության ոլորտում։ 2021-2022 թվականներին աշխատել է Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունում՝ որպես լրագրող-խմբագիր։ 2023 թվականին Հովհաննես Յուքինյանը պրակտիկա է անցել Ազգային ժողովում։ Նույն ժամանակահատվածում աշխատել է Ազգային ժողովրդավարության ինստիտուտում (National Democratic Institute — NDI)՝ որպես խորհրդարանական փորձագետ: 2023 թվականին մասնակցել է Կանադայի խորհրդարանի մասնագիտական ծրագրին՝ որպես խորհրդարանական պրակտիկանտ։ 2024 թվականին հետազոտական պրակտիկա է անցել Էստոնիայի Տալլին քաղաքում գործող Պաշտպանության և անվտանգության միջազգային կենտրոնում: 2025-2026 թվականներին աշխատել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում՝ որպես օգնական։ Խորհրդարանում իր գործունեության ընթացքում ներգրավված է եղել օրենսդրական և միջազգային, խորհրդարանական համագործակցության ուղղություններով իրականացվող աշխատանքներում։ Հովհաննես Յուքինյանը երկարամյա գործունեություն է ծավալել նաև երիտասարդական և միջազգային կազմակերպությունների շրջանակում՝ որպես կամավոր։



