Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային նախազգուշացրել է Հարավային Կորեային չմիջամտել ու չմասնակցել տարածաշրջանում Միացյալ Նահանգների կողմից իրականացվող գործողություններին՝ շեշտելով, որ նման քայլը կհամարվի անմիջական աջակցություն ԱՄՆ-ին։ Այս մասին նա գրառում է կատարել X-ում։ «Իրանի և Կորեայի Հանրապետության հարաբերությունները ավելի քան 64 տարվա պատմություն ունեն, և երկու երկրների միջև կապերը մշտապես զարգացել են փոխադարձ հարգանքի հիման վրա։ Իրանը մեծ կարևորություն է տալիս Կորեայի Հանրապետության հետ իր բարեկամական հարաբերություններին։ Սակայն ներկայում Իրանի ժողովուրդը ինքնապաշտպանվում է ԱՄՆ-ի ագրեսիվ գործողություններից։ Այն պայմաններում, երբ Իրանը վճռականորեն արձագանքում է կանանց և երեխաների դեմ ԱՄՆ-ի իրականացրած ռազմական հանցագործություններին, ցանկացած այլ երկիր, որը ռազմական ներկայություն ունի կամ մասնակցում է Պարսից ծոցում և Հորմուզի նեղուցում իրականացվող գործողություններին, կարող է դիտարկվել միայն որպես ագրեսիայի հեղինակներին ուղղակիորեն աջակցող կողմ, ինչը կհանգեցնի լուրջ հետևանքների»,- նշվել է գրառման մեջ։ Բաղայի խոսքով՝ որևէ ինքնիշխան և պատասխանատու երկիր չպետք է զիջի Ամերիկայի ճնշմանն ու սպառնալիքներին և այդպիսով մեղսակից դառնա ագրեսիվ գործողություններին ու «Իրանի մեծ ժողովրդի դեմ սարսափելի հանցագործություններին»։ Մեկնաբանությունները հնչել են այն բանից հետո, երբ Հարավային Կորեայի նախագահի գրասենյակը հայտարարել է, որ քննարկում է Հորմուզի նեղուց ռազմական ուժեր ուղարկելու հարցը։



