Երբ Կարսն է ուզում բացել Հայաստանի սահմանը

Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության՝ CHP-ի Կարսի պատգամավոր Ինան Աքգյուն Ալփը հայ-թուրքական սահմանին՝ Անիի մոտ, պատմական Մետաքսի ճանապարհի կամուրջն առաջարկել է անվանել «Խաղաղության կամուրջ» ։ Բայց նրա հայտարարության ամենակարևոր մասը կամրջի անունը չէ։ Կարսը ցանկանում է Հայաստանի հետ առևտուր անել։ Ալփը բաց տեքստով խոսել է սահմանային առևտրի վերականգնման, Հայաստան–Ադրբեջան երկարատև խաղաղության և Հայաստան–Թուրքիա կարգավորման գործընթացը դրական ավարտին հասցնելու անհրաժեշտության մասին։ Առանձին վերցրած՝ սա կարող էր լինել ընդդիմադիր պատգամավորի հերթական խաղաղասիրական հայտարարությունը, սակայն այն արդեն տեղավորվում է ավելի հետաքրքիր գործընթացի մեջ։ Հայաստանի հետ սահմանի բացման տնտեսական անհրաժեշտության մասին Կարսում խոսում են նաև Թուրքիայի իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչները։ Վերջերս իշխող ԱԶԿ-ի Կարսի պատգամավոր Ադեմ Չալքըչը հնարավոր բաց սահմանը կապում էր նույնիսկ Կարսի նոր տարածաշրջանային հիվանդանոցի հետ՝ նշելով, որ այն կարող է սպասարկել նաև Հայաստանի քաղաքացիներին։ Այս երկու հայտարարությունները միասին արդեն այլ պատկեր են ստեղծում։ Հայաստանի հետ սահմանը բացելու հարցը Կարսում աստիճանաբար դադարում է միայն արտաքին քաղաքականության թեմա լինելուց և դառնում է տեղական տնտեսական շահ։ Սա կարևոր փոփոխություն է։ 1993-ին փակված հայ-թուրքական սահմանը երեք տասնամյակ շարունակ Անկարայի համար առաջին հերթին աշխարհաքաղաքական գործիք էր։ Այն կապված էր Ղարաբաղյան հակամարտության, Ադրբեջանի հետ Թուրքիայի հարաբերությունների և Հայաստանի նկատմամբ քաղաքական ճնշման հետ, բայց սահմանների առանձնահատկությունն այն է, որ դրանց փակ լինելու գինը վճարում են ոչ միայն մայրաքաղաքները։ Վճարում են սահմանամերձ քաղաքները։ Կարսը աշխարհագրորեն Հայաստանի կողքին է, բայց տնտեսական առումով տասնամյակներ շարունակ ապրել է այնպես, կարծես Հայաստանի փոխարեն իր արևելքում պատ կա։ Գյումրին Կարսից ուղիղ գծով ընդամենը մի քանի տասնյակ կիլոմետր հեռավորության վրա է, սակայն փակ սահմանը այդ բնական հարևանությունը վերածել է տնտեսական անբնականության։ Այստեղ է Ալփի «Խաղաղության կամուրջը» ստանում իրական նշանակություն։ Ախուրյանի վրա պատմական կամուրջը ժամանակին Մետաքսի ճանապարհի հանգույցներից էր։ Միջնադարյան առևտրականը կարող էր անցնել այն սահմանը, որը 21-րդ դարի բեռնատարը դեռ չի կարող անցնել։ Պատմության հեգնանքը դժվար է ավելի պատկերավոր ներկայացնել, սակայն այսօր աշխարհաքաղաքական միջավայրը փոխվում է։ Հայաստան–Ադրբեջան խաղաղության գործընթացը, Հայաստան–Թուրքիա կարգավորումը, տարածաշրջանային ճանապարհների հնարավոր բացումը և Հարավային Կովկասով արևելք–արևմուտք հաղորդակցությունների զարգացումը Կարսի համար ստեղծում են պարզ տնտեսական հարց՝ ինչո՞ւ մնալ փակուղի, եթե կարելի է դառնալ հանգույց ։ Հենց այստեղ է Թուրքիայի ներքին քաղաքականության փոփոխվող տրամաբանությունը՝ եթե Հայաստանի հետ սահմանի բացմանը կողմ են արտահայտվում և՛ իշխանական, և՛ ընդդիմադիր պատգամավորները հենց սահմանամերձ Կարսից, ապա Անկարայի համար կարգավորման ներքին քաղաքական գինը փոքրանում է։ Սահմանը բացելը կարելի է ներկայացնել արդեն ոչ միայն որպես Հայաստանին արված քաղաքական քայլ, այլ որպես Թուրքիայի արևելյան նահանգների զարգացման ծրագիր։ Սա Երևանի համար նույնպես կարևոր է։ Հայ-թուրքական կարգավորումը չպետք է կառուցվի միայն Անկարայի հետ բանակցությունների վրա։ Հայաստանը շահագրգռված է, որ բաց սահմանի կողմնակիցներ լինեն նաև Կարսում, Իգդիրում և Թուրքիայի արևելյան տնտեսական շրջանակներում՝ գործարարներ, փոխադրողներ, հյուրանոցներ, գյուղատնտեսական արտադրողներ, առևտրականներ, որովհետև խաղաղության ամենակայուն երաշխիքներից մեկը շահն է։ Երբ փակ սահմանը սկսում է գումար արժենալ սահմանի երկու կողմերին, իսկ բաց սահմանը՝ եկամուտ բերել, խաղաղությունը դադարում է միայն դիվանագետների նախագիծ լինելուց։ Այդ իմաստով Կարսից հնչած երկու տարբեր քաղաքական ուժերի ձայները գուցե ավելի կարևոր են, քան թվում է։ Երեսուն տարի Անկարան էր որոշում՝ Կարսի դարպասը դեպի Հայաստան բացվի՞, թե՞ փակ մնա։ Այժմ Կարսն ինքն է սկսում հարցնել՝ իսկ ինչո՞ւ է այն դեռ փակ ։ Եվ գուցե հենց սա է «Խաղաղության կամրջի» ամենակարևոր իմաստը. կամուրջները կառուցվում են ոչ միայն գետերի, այլ երբեմն նաև երեք տասնամյակների քաղաքականության վրայով ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 12641

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով