Սահմանը դեռ փակ է, բայց տնտեսությունն արդեն բացում է այն

Հայ-թուրքական սահմանը դեռ փակ է, բայց սահմանի երկու կողմում տնտեսական կյանքն արդեն պատրաստվում է դրա բացմանը։ Վանի Առևտրի և արդյունաբերության պալատի նախագահ Նեջդեթ Թաքվանը Երևանում կայացած հայ-թուրքական գործարար համաժողովից հետո առաջարկում է Վանում ստեղծել մշտական ներկայացուցչություն՝ տնտեսական հարաբերությունները համակարգելու համար։ Կարսից ու Իգդիրից սահմանը բացելու կոչերից հետո Վանը խոսում է արդեն ինստիտուտ ստեղծելու մասին ։ Եվ այստեղ սկսվում է ամենահետաքրքիրը։ Թաքվանի հաշվարկով՝ բաց սահմանի դեպքում Վանը Երևանից կարող է բաժանել ընդամենը մոտ 290 կմ և 3–4 ժամ ճանապարհ։ Քարտեզի վրա սա վաղուց այդպես է։ Քարտեզի վրա Երևանն ու Վանը միշտ մոտ են եղել․ երեք տասնամյակ նրանց հեռու էր պահում ոչ թե աշխարհագրությունը, այլ փակ սահմանը։ Սակայն Վանից հնչող երկրորդ առաջարկն ավելի նշանակալի է։ Հայ և թուրք գործարարները կարող են Հայաստանում համատեղ արտադրություններ ստեղծել և Հայաստանի տնտեսական ռեժիմների ու ԵԱՏՄ անդամակցության միջոցով դուրս գալ ավելի մեծ շուկա։ Այստեղ հայ-թուրքական կարգավորումը փոխում է իր բնույթը։ Թուրքիան Հայաստանի համար կարող է դառնալ դեպի Միջերկրական ծով և Եվրոպա լրացուցիչ դարպաս, իսկ Հայաստանը Թուրքիայի արևելյան շրջանների համար կարող է դառնալ Կովկասի և եվրասիական ավելի լայն շուկաների հետ կապող տնտեսական հանգույց։ Սա նաև հետաքրքիր պատմական շրջադարձ է։ Տասնամյակներ շարունակ Հայաստանի ԵԱՏՄ անդամակցությունը դիտվել է հիմնականում որպես ռուսական ազդեցության տնտեսական խարիսխ։ Բայց եթե թուրքական կապիտալը սկսի Հայաստանում արտադրել հենց այդ շուկա հասնելու համար, նույն անդամակցությունը կարող է ձեռք բերել բոլորովին այլ տնտեսական գործառույթ։ Աշխարհաքաղաքականության ամենահետաքրքիր պահերը սկսվում են այնտեղ, որտեղ հին գործիքը սկսում է ծառայել նոր նպատակների։ Իհարկե, պետք չէ բաց սահմանի հնարավորությունները գերագնահատել։ Թուրքիայի տնտեսությունը Հայաստանից տասնյակ անգամ մեծ է, և առանց նախապատրաստվելու սահմանի բացումը կարող է հայկական արտադրողի համար նաև ծանր մրցակցություն ստեղծել։ Հետևաբար Երևանին անհրաժեշտ է ոչ թե պարզապես բաց սահման, այլ քաղաքականություն՝ համատեղ արտադրություն, հայկական ավելացված արժեք, ներդրումներ, լոգիստիկ հանգույցներ և արտահանման նոր շղթաներ։ Բայց արդեն ակնհայտ է մեկ բան. Թուրքիայի արևելքում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը սկսում է ձեռք բերել սեփական տնտեսական շահառուներին ։ Իսկ երբ խաղաղության կողմնակից է դառնում ոչ միայն դիվանագետը, այլև գործարարը, արտադրողը, հիվանդանոցը, փոխադրողն ու սահմանամերձ քաղաքը, քաղաքական գործընթացն ավելի դժվար է հետ շրջել։ Երեսուն տարի սահմանը փակ էր քաղաքական որոշմամբ։ Հիմա Կարսից, Իգդիրից ու Վանից տնտեսությունն ավելի հաճախ է տալիս հակառակ հարցը՝ ինչո՞ւ է այն դեռ փակ ։ Եվ գուցե հայ-թուրքական կարգավորման ամենակարևոր փոփոխությունը հենց սա է. սահմանը դեռ չի բացվել, բայց նրա բացվելու շուրջ արդեն սկսում է ձևավորվել տնտեսական իրականություն, որը շահագրգռված է, որ այն այլևս չփակվի ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 12755

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով