Ուիթքոֆի և Քուշների մասնակցությամբ բանակցությունները «քայլ են դեպի խաղաղություն». Կրեմլ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բանագնացներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների բանակցությունները Մոսկվայում և Կիևում քայլ են խաղաղության ուղղությամբ: Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Իհարկե, ցանկացած քիչ թե շատ արդյունավետ փորձ խաղաղության ուղղությամբ մեկ փոքր քայլ է։ Եվ մենք իսկապես շատ բարձր ենք գնահատում ամերիկացի բանակցողների խաղաղության ջանքերը», – Պեսկովի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս» գործակալությունը։ Միևնույն ժամանակ, Կրեմլի խոսնակը հրաժարվել է խոսել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության վերաբերյալ ամերիկացի բանակցողների առաջարկների բովանդակության մասին։ Պեսկովը հավելել է, որ Մոսկվան դեռևս տեղեկություններ չունի Կիևում ԱՄՆ ներկայացուցիչների միջև շփումների արդյունքների մասին։ Կրեմլի խոսնակը նաև հնարավոր է համարել, որ բանակցություններից հետո կարող է տեղի ունենալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի միջև հեռախոսազրույց։ Տարաձայնությունների գլխավոր թեման մնում է տարածքային հարցը: Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո Ուիթքոֆը հայտարարել էր, որ Մոսկվայում հասել են զգալի առաջընթացի, լսել են նոր գաղափարներ, որոնք այնուհետև քննարկվել են Կիևում: Քուշներն էլ նշել էր, որ ԱՄՆ նախագահը նպատակ ունի ոչ միայն դադարեցնել մարտերը, այլև հասնել համաձայնության, որը կհանգեցնի երկարատև խաղաղության: Միևնույն ժամանակ, ըստ ամերիկյան կողմի, Վաշինգտոնը ցանկանում է վերադառնալ բանակցությունների եռակողմ ձևաչափի՝ Միացյալ Նահանգների, Ուկրաինայի և Ռուսաստանի մասնակցությամբ:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 12656

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով