ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ Հայաստանի՝ այլ շուկաներ վերակողմնորոշվելու փորձերը չեն կարող փոխարինել ռուսական «մեծ և ծանոթ» շուկային։ Նրա խոսքով՝ Հայաստանին տրամադրված արտաքին օգնությունը դրա համեմատ «ոչինչ է», իսկ հայկական ապրանքների նկատմամբ սահմանափակումներով Ռուսաստանը պարզապես «պաշտպանում է իր շուկան» և Երևանին առաջարկում համագործակցել այդ պայմաններում։ Օվերչուկի վերջին հայտարարությունները վերջապես բարձրաձայնում են այն, ինչ Մոսկվան ամիսներ շարունակ իրականացնում էր առևտրային սահմանափակումների լեզվով։ Հայաստանին առաջարկվում է պարզ գործարք՝ ռուսական շուկան՝ ռուսական քաղաքական ուղեծրում մնալու դիմաց , բայց այդ բացատրությունը դժվար է առանձնացնել քաղաքական ժամանակագրությունից։ 2025-ի գարնանը Հայաստանի խորհրդարանն ընդունեց ԵՄ-ին անդամակցության գործընթաց սկսելու մասին օրենքը, որից հետո հետո Մոսկվայից մեկը մյուսի հետևից սկսեցին հնչել զգուշացումներ, սպառնալիքներ՝ Հայաստանը չի կարող միաժամանակ լինել ԵՄ-ում և ԵԱՏՄ-ում։ 2026-ի մայիսին Վլադիմիր Պուտինն արդեն հրապարակայնորեն խոսում էր այն տնտեսական արտոնությունների մասին, որոնք Հայաստանը կկորցնի եվրոպական ընտրության դեպքում։ Հունիսին՝ Հայաստանի ընտրություններից առաջ, Օվերչուկն ավելի հեռուն գնաց. Ռուսաստանը, ըստ նրա, չի կարող ֆինանսապես աջակցել մի երկրի, որն իր ապագան տեսնում է Ռուսաստանի հետ հակամարտող Եվրոպայում։ Հետո եկավ առևտրային հարվածը։ Ռուսաստանը սահմանափակեց հայկական ապրանքների ամբողջ խմբերի մուտքը՝ ծաղիկներից ու գյուղմթերքից մինչև այլ ապրանքատեսակներ, իսկ հունիսի 12-ից արգելքը տարածվեց Հայաստանից ամբողջ կարանտինային արտադրանքի վրա։ Ավելին՝ փակվեց նաև այդ ապրանքների տարանցումը Ռուսաստանի տարածքով ։ Պաշտոնական բացատրությունը բուսասանիտարական խնդիրներն էին, բայց քաղաքական համատեքստը չափազանց ակնհայտ է այն անտեսելու համար։ Սա քաղաքական որոշում է՝ իրականացված տնտեսական և վարչական գործիքներով։ Եվրոպական միությունն արդեն իր պաշտոնական փաստաթղթերում Ռուսաստանի գործողություններն անվանում է տնտեսական հարկադրանք և հենց դրանց պատասխանելու համար է Հայաստանին տրամադրում առևտրային արտոնություններ։ Ռուսական մեթոդը նոր չէ։ 2006-ին վրացական գինին և «Բորժոմին» դարձան Մոսկվա–Թբիլիսի հակամարտության զոհը։ 2013-ին, երբ Մոլդովան պատրաստվում էր ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրին, Ռուսաստանը փակեց շուկան մոլդովական գինու առաջ։ 2014-ին հերթը հասավ լեհական մրգերին։ Ամեն անգամ պաշտոնական բառապաշարը տարբեր էր՝ որակ, անվտանգություն, բուսասանիտարական պահանջներ։ Քաղաքական ժամանակացույցը՝ զարմանալիորեն նույնը։ Հայաստանի դեպքում պատկերը նույնիսկ ավելի խոսուն է, որովհետև տնտեսական ճնշումն ուղեկցվում է հրապարակային քաղաքական բացատրությամբ։ Օվերչուկը փաստացի ասում է՝ եթե Հայաստանը ԵԱՏՄ-ում է, Ռուսաստանն աջակցում է նրան, իսկ եթե ընտրում է Եվրոպան՝ թող աջակցություն սպասի այնտեղից։ Բիշքեկում Պուտինի բանաձևը դարձավ առավել հակիրճ՝ գնացեք Եվրոպա, «բայց ոչ մեր հաշվին» ։ Սա արդեն շուկայի մասին չէ՝ սա կախվածության քաղաքական տնտեսությունն է։ Տասնամյակներ շարունակ Հայաստանի ռուսական տնտեսական կախվածությունը ներկայացվել է որպես արտոնություն՝ մեծ շուկա, ազատ առևտուր, հաղորդակցության ծանոթ ուղիներ։ Բայց կախվածության իրական բնույթը երևում է այն պահին, երբ փոքր պետությունը փորձում է քաղաքական ընտրություն կատարել։ Շուկան, որը բաց է այնքան ժամանակ, քանի դեռ քո արտաքին քաղաքականությունը ընդունելի է Մոսկվայի համար, ազատ շուկա չէ։ Դա ազդեցության գործիք է։ Այստեղ, սակայն, Ռուսաստանը կարող է թույլ տալ իր ամենամեծ ռազմավարական սխալը, որովհետև տնտեսական պատժամիջոցով հնարավոր է կարճաժամկետ վնասել Հայաստանին, բայց հնարավոր չէ ստիպել նրան հավերժ կախված մնալ Ռուսաստանից։ Հակառակը՝ յուրաքանչյուր փակված ռուսական սահման հայկական արտադրողին ստիպում է նոր շուկա փնտրել։ ԵՄ խորհուրդն արդեն հավանություն է տվել հայկական ապրանքների համար երկամյա առևտրային արտոնություններին, որոնք նախատեսում են ազատականացնել Հայաստանի արտահանման շուրջ 80 տոկոսի մուտքը եվրոպական շուկա։ Եվ եվրոպացիները նույնիսկ չեն թաքցնում պատճառը՝ դա պատասխան է Ռուսաստանի տնտեսական հարկադրանքին։ Օվերչուկը մեկ հարցում իրավացի է. Եվրոպան վաղը չի փոխարինի ռուսական շուկային։ Բայց դա չէ նույնիսկ խնդիրը՝ Հայաստանի խնդիրը Ռուսաստանը Եվրոպայով փոխարինելը չէ։ Հայաստանի խնդիրը որևէ մեկից այլևս անփոխարինելիորեն կախված չլինելն է։ Ռուսական շուկան պետք է պահպանել այնքան, որքան հնարավոր է։ Բայց միաժամանակ պետք է կառուցել եվրոպական, մերձավորարևելյան, հնդկական և այլ շուկաներ տանող ճանապարհներ, արտադրությունը համապատասխանեցնել նոր չափորոշիչների, ստեղծել արտահանման ապահովագրության և լոգիստիկ այլընտրանքային համակարգեր։ Ոչ թե Ռուսաստանից փախչելու, այլ Հայաստանի ընտրության ազատությունը պաշտպանելու համար։ Մոսկվան այսօր փորձում է հայկական տնտեսությանը հիշեցնել, թե որքան թանկ կարող է արժենալ Ռուսաստանից հեռանալը։ Երևանի պատասխանը չպետք է լինի հակառուսականությունը։ Այն պետք է լինի տնտեսական ինքնիշխանությունը ՝ մի վիճակ, երբ որևէ պետություն այլևս չի կարող հայկական ապրանքի համար շուկան փակելով ազդել Հայաստանի արտաքին քաղաքական ընտրության վրա։ Փոքր պետությունների անկախությունը չափվում է ոչ միայն սահմաններով ու դրոշով, այլև «ոչ» ասելու տնտեսական կարողությամբ ։ Հայաստանի խնդիրը հենց այդ կարողությունը կառուցելն է։



