Էլազըղի (Խարբերդ) Շահինքայա թաղամասում գտնվող հայկական գերեզմանատունը Դիարբեքիրի մշակութային արժեքների պահպանության տարածաշրջանային խորհրդի որոշմամբ գրանցվել է որպես «պահպանության ենթակա մշակութային անշարժ արժեք»։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։ 2026 թվականի օգոստոսի 26-ի որոշմամբ գերեզմանատանը սահմանվել է 1-ին կարգի պահպանության կարգավիճակ, իսկ դրա տարածքում գտնվող Սուրբ Նշան մատուռը նույնպես ներառվել է պահպանության շրջանակում։ Գրանցման գործընթացը մեկնարկել էր Էլազըղի հայկական համայնքի ներկայացուցիչ Արման Յաղջըի՝ հուլիսի 22-ին ներկայացրած դիմումից հետո։ Որոշմամբ գերեզմանատան տարածքում ցանկացած շինարարական կամ քաղաքաշինական աշխատանք իրականացնելու համար անհրաժեշտ կլինի պահպանության խորհրդի համապատասխան թույլտվությունը։ Որոշումից հետո Կ․ Պոլսի հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը զանգահարել և շնորհավորել է Արման Յաղջըին։



