Երբ հայերենը Կրեմլին «տարօրինակ» է թվում

Նիկոլ Փաշինյանը Բիշքեկում խոսեց հայերեն։ Հայաստանի վարչապետը միջազգային հարթակում խոսեց Հայաստանի պետական լեզվով։ Թվում է՝ ավելի բնական բան դժվար է պատկերացնել, բայց Մոսկվայում դա բնական չհամարեցին։ Նախ Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովը Փաշինյանի ընտրությունը «տարօրինակ» անվանեց՝ հատուկ նկատելով, որ նախկինում նա նման հանդիպումներում ռուսերեն էր խոսում։ Օրեր անց թեմային վերադարձավ արդեն Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Նա նույնիսկ պատմեց, թե ինչպես էր փնտրում թարգմանության ականջակալը և մտածում՝ կգտնվի՞ արդյոք հայերենից ռուսերեն թարգմանիչ։ Այն, որ Հայաստանի վարչապետի՝ հայերեն խոսելու հարցին հարկ համարեց անդրադառնալ արդեն Կրեմլի մամուլի քարտուղարը, ինքնին խոսուն է։ Բայց ամենակարևորը Պեսկովի մեկնաբանությունն էր. նա Փաշինյանի քայլը կապեց Հայաստանի ինքնիշխանությունն ընդգծելու ցանկության հետ և միաժամանակ տարակուսեց՝ ինչո՞ւ այդ ամենի մասին հնարավոր չէր խոսել ռուսերեն։ Հենց այստեղ լեզվական փոքր դրվագը վերածվում է քաղաքական մեծ հարցի։ Ինչո՞ւ Հայաստանի ինքնիշխանության մասին Հայաստանը պետք է խոսի ռուսերեն։ Լեզուն կայսրությունների համար երբեք միայն հաղորդակցության միջոց չի եղել։ Այն ազդեցության տարածք է։ Կայսրությունը կարող է կորցնել վարչական սահմանները, բանակը կարող է հեռանալ նախկին տիրույթներից, բայց մետրոպոլիան դեռ երկար կարող է պահպանվել մարդկանց քաղաքական ենթագիտակցության մեջ՝ իր լեզվի, մշակույթի և «բնական կենտրոն» համարվելու միջոցով։ Հայ-ռուսական հարաբերություններում ռուսերենի այդ առանձնահատուկ քաղաքական նշանակությունը վաղուց տեսանելի է։ 2017-ին Ռուսաստանի Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը Հայաստանին առաջարկեց ռուսերենին պաշտոնական կարգավիճակ տալ՝ դա կապելով Ռուսաստանում հայկական վարորդական իրավունքներով մասնագիտական գործունեություն իրականացնելու հնարավորության հետ։ Երևանը պատասխանեց, որ նման հարց իր օրակարգում չկա։ Իսկ տարիներ անց Վոլոդինը կրկին նույն սկզբունքն էր պաշտպանում՝ արտոնությունը կապելով տվյալ երկրում ռուսերենի պաշտոնական կարգավիճակի հետ։ Սա փոքր դրվագ էր, բայց մեծ տրամաբանության արտահայտություն։ Լեզվի կարգավիճակը առաջարկվում էր փոխանակել տնտեսական-իրավական արտոնության հետ։ Այսինքն՝ ռուսերենը Մոսկվայի համար միայն Տոլստոյի, Չեխովի կամ մարդկային հաղորդակցության լեզու չէ։ Հետխորհրդային տարածքում այն նաև ազդեցության ենթակառուցվածք է՝ երբեմն տնտեսական արտոնությունների, իրավական բացառությունների և քաղաքական մերձավորության չափանիշ, բայց Հայաստանը այդ քաղաքականության վերաբերյալ ունի շատ ավելի ծանր փորձ՝ Արցախը։ 2021-ին, ռուս խաղաղապահների տեղակայումից ընդամենը ամիսներ անց, Արցախի խորհրդարանը ռուսերենին տվեց երկրորդ պետական լեզվի կարգավիճակ։ Որոշման հիմնավորման մեջ նույնիսկ խոսվում էր Ռուսաստանի հետ հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու և համագործակցությունն իրավական հարթության մեջ խորացնելու անհրաժեշտության մասին։ Այդ քայլի քաղաքական ենթատեքստը դժվար էր չտեսնել։ Պատերազմից ծանր վիրավորված Արցախը փորձում էր իրեն ավելի ամուր կապել Ռուսաստանին։ Ռուս խաղաղապահը կանգնած էր տեղում, Ռուսաստանը ներկայացվում էր որպես անվտանգության գլխավոր երաշխավոր, իսկ ռուսերենին բարձր կարգավիճակ տալը նաև քաղաքական հավատարմության ժեստ էր։ Արցախցիները փորձում էին հավելյալ ամրացնել այն կապը, որից կախված էին համարում իրենց ֆիզիկական անվտանգությունը։ Հետո եկավ 2023 թվականը։ Եվ պարզվեց այս ամբողջ պատմության ամենադաժան ճշմարտությունը՝ լեզվական հավատարմությունը անվտանգության երաշխիք չէ ։ Ամիսներ շարունակ փակված էր Լաչինի միջանցքը։ Հայաստանի ԱԳՆ-ն դեռ 2023-ի հուլիսին արձանագրում էր արդեն յոթ ամիս շարունակվող շրջափակումը։ Ռուս խաղաղապահների ներկայությունը չկարողացավ վերականգնել միջանցքի բնականոն աշխատանքը։ Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը սկսեց իր ռազմական գործողությունը։ Եվ ռուս խաղաղապահները չկանխեցին այն։ Քաղաքական իմաստով նրանք Արցախի կազմաքանդմանը մասնակցեցին իրենց անգործությամբ ։ Նրանք չկանխեցին ամիսներ շարունակ խորացող շրջափակումը, չկանգնեցրին ադրբեջանական ռազմական գործողությունը և չկարողացան ապահովել այն բնակչության անվտանգությունը, որի պաշտպանության համար նրանց ներկայությունն Արցախում ներկայացվում էր որպես գլխավոր երաշխիք։ Իսկ երբ ռազմական գործողությունն արդեն կատարված փաստ էր, հենց ռուս խաղաղապահների միջնորդությամբ համաձայնեցվեց կրակի դադարեցումը և հայկական ուժերի զինաթափումը։ Մոսկվան այնուհետև մասնակցեց նաև Եվլախի բանակցությունների համակարգմանը։ Պատմության հեգնանքը գրեթե անողոք է։ Արցախը ռուսերենին երկրորդ պետական լեզվի կարգավիճակ տվեց՝ Ռուսաստանին իրեն ավելի ամուր կապելու համար։ Ռուսաստանը չպաշտպանեց ո՛չ Արցախը, ո՛չ այնտեղ ռուսերենի պետական կարգավիճակը, ո՛չ էլ վերջապես այն քաղաքական միավորը, որն այդ կարգավիճակը տվել էր։ Եվ հիմա՝ ընդամենը երեք տարի անց, Կրեմլում զարմանում են, որ Հայաստանի վարչապետը միջազգային հարթակում խոսում է հայերեն։ Այդ զարմանքը շատ բան է ասում։ Ռուսերենը Հայաստանի համար կարող է մնալ կարևոր լեզու՝ մեծ մշակույթի, գիտության, կրթության, հաղորդակցության և միլիոնավոր մարդկային կապերի լեզու։ Ռուսերենը Հայաստանի թշնամին չէ, ինչպես ռուս մշակույթը Հայաստանի թշնամին չէ։ Բայց ռուսերեն իմանալը մի բան է, ռուսերենով քաղաքական ենթակայության սովորույթը վերարտադրելը՝ բոլորովին այլ բան ։ Հայաստանի ղեկավարի՝ հայերեն խոսելը չպետք է լինի ո՛չ հակառուսական քայլ, ո՛չ դեմարշ, ո՛չ էլ նույնիսկ ինքնիշխանության հատուկ ցուցադրություն։ Այն պարզապես պետք է լինի բնական։ Հենց այն փաստը, որ դա Մոսկվայում «տարօրինակ» է թվում և արժանանում Կրեմլի բարձրագույն պաշտոնյաների հաջորդական մեկնաբանություններին, ցույց է տալիս, թե որքան խորն էր նստած հակառակ սովորույթը։ Փոքր պետության ինքնիշխանությունը միայն սահմանը, բանակը կամ Սահմանադրությունը չեն։ Այն նաև սեփական լեզվով աշխարհին դիմելու բնական իրավունքն է՝ առանց որևէ մեկին բացատրելու, թե ինչու։ Արցախի փորձն այս հարցում Հայաստանին թողել է չափազանց թանկ գնով ձեռք բերված դաս։ Ռուսերենը կարող է կապել ժողովուրդներին։ Բայց ռուսերեն խոսելը ռուսական պաշտպանության երաշխիք չէ։ Արցախն այդ երաշխիքի վրա խաղադրույք արեց նաև լեզվով։ Եվ երբ եկավ վճռական օրը, Ռուսաստանը չպաշտպանեց նույնիսկ այն Արցախը, որը ռուսերենը դարձրել էր իր երկրորդ պետական լեզուն ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 13002

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով