Խաղաղության պայմանագիրը երկու պետությունների միջև պատերազմը ավարտելու միջոց է, ոչ մեկին մյուսի արտաքին քաղաքականության նկատմամբ վետոյի իրավունք տալու փաստաթուղթ։ Հենց այդ պատճառով ուշագրավ է ադրբեջանական AzerNews -ի արձագանքը ամերիկացի վերլուծաբան Մայքլ Ռուբինի առաջարկին՝ Հայաստանի և Սոմալիլենդի միջև հարաբերություններ հաստատելու վերաբերյալ։ Պարբերականը Ռուբինի գաղափարը ներկայացնում է Հայաստան–Ադրբեջան հաշտեցման տրամաբանությանը հակադրվող նախաձեռնություն և այն կապում Թուրքիայի դեմ հնարավոր քաղաքական ցանցի ձևավորման հետ։ Ռուբինի առաջարկը կարելի է ընդունել կամ մերժել։ Սոմալիլենդի միջազգային կարգավիճակն ինքնին բարդ խնդիր է, և Երևանը պարտավոր է առաջնորդվել սեփական շահերով ու միջազգային իրավունքի հաշվարկով։ Խնդիրը Սոմալիլենդը չէ։ Խնդիրն այն չափանիշն է, որով Բաքվից արդեն փորձում են գնահատել Հայաստանի արտաքին քաղաքական ընտրությունները։ Եվ սա առանձին դրվագ չէ։ Ադրբեջանական տեղեկատվական դաշտում արդեն Հայաստանի ներքին սահմանադրական գործընթացներն են մեկնաբանվում Բաքվի պահանջների համատեքստում, իսկ հայերի նկատմամբ վերաբերմունքի ու կրոնական իրավունքների վերաբերյալ մեղադրանքները ներկայացվում են որպես խաղաղության գործընթացը խաթարելու փորձ։ Եթե այս տրամաբանությունն ամրապնդվի, վաղը նույն չափանիշով կարելի է գնահատել Հայաստանի հարաբերությունները Ֆրանսիայի, Հնդկաստանի, Իրանի կամ որևէ այլ պետության հետ։ Այստեղ Հայաստանը պետք է շատ հստակ սահման գծի։ Խաղաղությունը չի նշանակում ինքնիշխանության սահմանափակում ։ Հայաստանը չի կարող Ադրբեջանից թույլտվություն խնդրել՝ ում հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել, որտեղից զենք գնել, ում հետ տնտեսական կամ տեխնոլոգիական համագործակցություն կառուցել։ Ճիշտ այնպես, ինչպես Երևանը չի կարող որոշել Բաքվի հարաբերությունները Թուրքիայի, Իսրայելի, Պակիստանի կամ որևէ երրորդ երկրի հետ։ Հակառակ դեպքում խաղաղության գաղափարը վտանգավոր կերպով փոխում է իր նշանակությունը։ Այն դադարում է լինել երկու ինքնիշխան պետությունների համակեցության համաձայնություն և վերածվում է այն համակարգի, որտեղ ուժեղ կողմը որոշում է թույլատրելի վարքագծի սահմանները մյուսի համար։ Պատմությունը նման խաղաղություններ շատ է տեսել։ Դրանք սովորաբար կոչվել են ազդեցության գոտիներ։ Հայաստանի խնդիրը Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելն է, ոչ թե Ադրբեջանի համար ընդունելի արտաքին քաղաքականություն վարելը ։ Ավելին՝ իրական խաղաղությունը սկսվում է հենց այնտեղ, որտեղ ավարտվում է հարևանի արտաքին քաղաքական ընտրությունները վերահսկելու հավակնությունը։ Կայուն խաղաղություն հնարավոր է միայն այն ժամանակ, երբ կողմերը հաշտվում են պարզ իրողության հետ՝ հարևանը կարող է ունենալ քեզ համար անցանկալի գործընկերներ, վարել քո նախընտրություններին հակասող քաղաքականություն և հետապնդել քո շահերից տարբերվող նպատակներ ։ Խաղաղությունը շահերի համընկնում չէ․ այն միմյանց ինքնիշխան ընտրության իրավունքը հարգելու կարողությունն է ։ Սա հատկապես կարևոր է հիմա։ Հայաստանի համար խաղաղությունը պետք է ընդլայնի արտաքին քաղաքական հնարավորությունների տարածքը, ոչ թե նեղացնի այն։ Եթե պատերազմից դուրս գալուց հետո Երևանը սկսի յուրաքանչյուր միջազգային քայլից առաջ մտածել՝ «իսկ Բաքուն ինչպե՞ս կարձագանքի», պատերազմը պարզապես կփոխարինվի քաղաքական ինքնագրաքննությամբ։ Խաղաղության իրական չափանիշը այն չէ, թե Հայաստանը որքան հարմար է դառնում Ադրբեջանին։ Խաղաղության իրական չափանիշն այն է, թե երկու պետություններն որքանով են սովորում հարգել միմյանց ինքնիշխանությունն ու ինքնուրույն ընտրության իրավունքը ։ Այդ սահմանը Երևանը պետք է գծի հիմա՝ հանգիստ, առանց հակամարտության լեզվի, բայց հնարավորինս հստակ, որովհետև խաղաղությունը կարող է պահանջել փոխզիջումներ։ Ինքնիշխանությունը՝ ոչ։



