Ռուսաստանի զինված ուժերը Կիևի մարզի վրա զանգվածային հարձակում է իրականացրել՝ օգտագործելով բալիստիկ, թևավոր, հականավային հրթիռներ, ռեակտիվ անօդաչու թռչող սարքեր։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին իր Telegram ալիքում։ Նրա խոսքով՝ գիշերային հարձակման ժամանակ ռուսները միտումնավոր փորձել են հնարավորինս շատ վնասել մարդկանց։ Կիևում բնակելի շենքերին և քաղաքացիական ենթակառուցվածքներին զգալի վնաս է հասցվել, 2 մարդ զոհվել է, 10՝ վիրավորվել։ 13 մարդու հաջողվել է փրկել։ Նախագահը նաև նշել է, որ Կիևի մարզում թիրախավորվել են կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտները։ Զելենսկին տեղեկացրել է Խարկովում երկու վիրավորի և բնակարանային շենքի վնասվելու մասին։ Հարվածների են ենթարկվել նաև այլ մարզեր։ «Այսօր առավոտյան Սումիի մարզի երկաթուղային կայարանում հարձակման է ենթարկվել Կիև-Սումի գնացքի շոգեքարշը, սակայն զոհեր չկան։ Հարձակումներ են եղել նաև Զապորոժիեում և Դնեպրի մարզում», – նշել է նա։ «ՌԲԿ-Ուկրաինա» պարբերականը հաղորդում է, որ գիշերը հարվածներ են գրանցվել Կիևի յոթ շրջաններում, վնասվել են առնվազն 14 բարձրահարկ շենքեր, դպրոց, կլինիկա, սուպերմարկետ և բենզալցակայան։ Կիևի քաղաքային դատախազությունը քրեական հետաքննություն է սկսել պատերազմական հանցագործության վերաբերյալ։ Հարվածի տակ է հայտնվել նաև Օդեսան։ Քաղաքի արվարձաններում գտնվող շուկային հարվածի հետևանքով կան տուժածներ։ ՌԴ պաշտպանության նախարարությունը հաստատել է Կիևին և Օդեսային հասցված հարվածները՝ նշելով, որ թիրախավորվել են ուկրաինական ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններ։ Մինչ այդ Ռուսաստանը և Ուկրաինան երեք օրով փոխադարձաբար դադարեցրել էին մայրաքաղաքների ուղղությամբ հարձակումները՝ ԱՄՆ նախագահի բանագնացներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների՝ Մոսկվա և Կիև այցի ֆոնին։ ՌԴ ՊՆ-ն նաև հայտարարել է, որ սեպտեմբերի 8-ի գիշերը հակաօդային պաշտպանության համակարգերը երկրի մարզերի և Սև ծովի վրա որսացել և ոչնչացրել են ուկրաինական 384 անօդաչու թռչող սարք։ Սարատովի մարզի նահանգապետը հայտնել է, որ ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով վիրավորվել է 10 մարդ, այդ թվում՝ երեք երեխա, վնասվել է մի քանի շենք։ ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ Ղրիմում Ուկրաինայի զինված ուժերի հարձակման հետևանքով երկու մարդ զոհվել է, մեկը՝ վիրավորվել։ Բրյանսկում ԱԹՍ-ի հարվածից 1 մարդ է զոհվել, ևս 3-ը՝ վիրավորվել։



